Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6541-12.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում 5-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ` հետեւյալ խմբագրությամբ.

«5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատ` յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաեւ` Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ): Սույն Օրենքով կարգավորվում է նաեւ Խորհրդի կազմավորման կարգը: Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը:

Օրենքի գործնական կիրառման ընթացքում պարզ դարձավ, որ եթե այլ մարմինների պարագայում սահմանված ժամկետում թեկնածու առաջադրելը որեւէ խնդիր չի ստեղծում, ապա Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամի նշանակումը խմբակցությունների համախոհությամբ, այսինքն` կոնսենսուսով նախատեսելը չի ապահովում վերոգրյալ դրույթների գործնական կիրառելիությունը, եւ թեկնածուի առաջադրման գործընթացում առաջացնում է գործնական խնդիրներ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Գործող կարգավորման պայմաններում Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին, դեռ ավելին առաջադրման համար անհրաժեշտ է խմբակցությունների համախոհություն, որի բացակայության պարագայում, այսինքն` եթե արդյունքում թեկնածու չի առաջադրվում, նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում: Նման կարգավորման պայմաններում գործնականում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների համախոհությունը, ինչը փաստացի Ազգային ժողովին զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից եւ, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձեւավորման գործընթացը կանգնեցնում փակուղու առաջ:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոգրյալը հաշվի առնելով` Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե ` Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու եւ նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի սույն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը եւ մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը: Միաժամանակ նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը կարեւոր դերակատարում կունենա օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի կողմից համապատասխան թեկնածուի առաջադրման համար, ինչն առանցքային նշանակություն ունի այս գործընթացի անհարկի ձգձգումներից խուսափելու տեսանկյունից:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


11 հունիսի 2020թ.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարո'ն Միրզոյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ, 65-րդ, 67-րդ հոդվածները եւ Ազգային ժողովի աշխատակարգի 24-րդ, 25-րդ կետերը` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Գրությանը կից ներկացվող փաստաթղթերն են`

Խնդրում ենք նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`       ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ