Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-684-09.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182.1. Ստուգում եւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը

Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով ստուգում, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ ստուգվող, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման, ինչպես նաեւ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 244.14. Պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ գործերի քննությունը

Սույն օրենսգրքի 182.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է համապատասխան ստուգումներ, ինչպես նաեւ հարկային հսկողություն իրականացնող պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները, մասնավորապես.

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1821 -րդ հոդվածով, սահմանված է, որ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Նախատեսվում է Օրենսգրքի 1821 -ին հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայի մեջ կատարել փոփոխություններ՝ ստուգումների հետ միաժամանակ սահմանել նաեւ «հարկային հսկողություն» եզրույթը, իսկ պետական մարմնի հրամանի կամ հանձնարարագրից բացի լրացնել նաեւ «հարկային հսկողության հիմք համարվող փաստաթուղթ» եզրույթը:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ hարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողու-թյունների ամբողջությունը:

Օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների եւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրա-պետության օրենքներով սահմանված այլ գործողություններ եղանակներով:
Ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաեւ ուսումնասիրությունների միջոցով: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի է Օրենսգրքի 1821 -ին հոդվածում կատարել փոփոխություն՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաեւ ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար:

Մաժամանակ, Օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաեւ այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններն այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաuտանի Հանրապետու-թյունում հարկային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով, դրանց հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:

Օրենսգրքի 331-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման, կանխման, խափանման եւ բացահայտման նպատակով հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում վարչական վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման խախտումների վերաբերյալ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում օգտագործվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով:

Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է օրենքով սահմանված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաեւ հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում:
 
Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում պահանջել բացառապես այնպիսի փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հաշվարկներ եւ այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին:

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային, արխիվային, տարածքներ եւ հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, գույքագրման, չափագրման, ինչպես նաեւ Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում կապարակնքել այդ տարածքներն ու շինությունները, դրամարկղերը, բեռնաթափքերը, բեռնախցիկները, ցիստեռնները, իրականացնել սույն կետում նշված տարածքների ու շինությունների, ինչպես նաեւ փոխադրամիջոցների, փաստաթղթերի ու առարկաների զննում:

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում բացառապես հարկային հսկողության նպատակների ու հարցերի շրջանակներում հարկ վճարողից (հարկային գործակալից) կամ նրա պաշտոնատար անձից պահանջել անցկացնել ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում, այդ թվում՝ ներգրավելով հարկ վճարողի (հարկային գործակալի) համապատասխան աշխատակիցների եւ մասնագետների:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը:

Oրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել, ի թիվս այլ միջոցառումների, օպերատիվ հարցում, իրերի եւ փաստաթղթերի հետազոտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում:

Oրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ hարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) եւ պատասխաններ ստանալու միջոցով:

Oրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների եւ բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների եւ դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

Oրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների եւ այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրա-պե-տության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելուն խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաեւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործո-ղու-թյունների, այն է՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 1821 -ին հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումները Վարչության աշխատակիցների համար հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքի 407-410-րդ հոդվածների եւ 412-րդ հոդվածով նախատեսված խախտումների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, հիմնականում առաջացնում են խնդիրներ, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող օպերլիազորների օրինական պահանջները տնտեսվարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվում, մասնավորապես.

ա) արգելվում է տրանսպորտային միջոցների զննումը, որն ենթադրում է դրանցում առկա մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ուսումնասիրումը, հաշվառումը, գույքագրումը,

բ) մատակարարվող (տեղափոխվող) ապրանքների ամսաթվերի, բեռնման (բեռնաթափման) վայրերի եւ այլ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն առնչվում են օպերլիազորների իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին, չեն ներկայացնում համապատասխան բացատրություններ, տեղեկանքներ (այդ թվում ապրանքային մնացորդների վերաբերյալ), հաշվարկներ եւ այլ տեղեկություններ,

գ) արգելվում է մուտք գործել հարկ վճարողի առեւտրային, արտադրական, պահեստային տարածքներ եւ հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, որտեղից փաստացի իրականացվում են ապրանքների մատակարարումներ եւ տեղափոխություններ,

դ) մատակարում (տեղափոխություն) իրականացնող վարորդները կամ առաքիչները չեն ներկայացնում իրենց անձը հաստատող փաստաթղթերը:

Վերոնշյալ իրավանորմերի եւ դրանց մեկնաբանությունների համալիր վերլուծությունից ակնհայտ է, որ հարկային մարմինը օժտված լինելով վերը թվարկված լիազորություններով, խնդիրներ է ունենում այն իրագործել:

Հետեւաբար, հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հարկային հսկողությունը իրականացվում է ոչ միայն հարկային ստուգումների, ուսումնասիրությունների, այլ նաեւ հարկային վարչարարության շրջա-նակ-ներում իրականացվող՝ Օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառում-ների միջոցով, անհրաժեշտությունն է առաջացել մշակել սույն օրենքի նախագիծը՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաեւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքնե-րով սահմանված այլ գործողություններին խոչընդոտելու համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը՝

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

3. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել ոչ միայն հարկային ստուգումներին խոչընդոտելու, այլ՝ ուսումնասիրությունների, ինչպես նաեւ հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին (օպերատիվ հետախուզական միջոցառումներին) խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
 ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետա-կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 2 հուլիսի 2020 թվականի  N    1117   - Ա

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 3
       Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

7 հուլիսի 2020 թվականի  N 785 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 7
       Երեւան

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1117-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ