Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7021-30.07.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի(այսուհետ` Օրենսգիրք) 123.4-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 123.4. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքները անզգուշությամբ առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը

1. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում լիցենզավորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` 6 ամսվա ընթացքում`

առաջացնում է լիցենզիայի գործողության կասեցում` առավելագույնը 6 ամիս ժամկետով:

Սույն մասով  նախատեսված խախտումը լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է լիցենզիայի գործողության դադարեցում:

4. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքները լիցենզավորված անձի կողմից անզգուշությամբ չփոխանցելը կամ թերի առցանց փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 6 ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «123.4.» թվերից հետո լրացնել «(բացառությամբ երրորդ  եւ չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 244.13 հոդվածի 1-ին մասում «օրենսգրքի» բառից հետո  լրացնել «123.4 հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով»  բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 304 հոդվածի երրորդ մասում «123-131» թվերը փոխարինել «123-123.4 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.5-131» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: