Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-715-26.08.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 9-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «2021 թվականի հունվարի 1»  բառերը  փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով, իսկ «2021 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինել «2022 թվականի ապրիլի 1» բառերով,

2) 3-րդ մասում «2021 թվականի հունվարի 1»  բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 1» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար:

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

Ներկայումս մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է եւ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել` կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ: Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու եւ համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար եւս կպահանջվի տեւական ժամանակ, ուստի անհրաժեշտ է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, որպեսզի մինչեւ նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը եւ փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը հնարավոր լինի ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր չէ կանխորոշել, արդյոք մրցութային գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի օտարերկրյա պետություններում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին ապահովել բիոմետրիկ փաստաթղթեր տրամադրելու հնարավորություն նախատեսող տեխնիկական միջոցներով, ուստի սահմանվել է, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հետո օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ կառավարության կողմից սահմանված օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով ստանալ կամ փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

Օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը` ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

20 օգոստոսի 2020 թվականի  N 1390   - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ    Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 25
         Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

25 օգոստոսի 2020 թվականի  N   953  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 25
         Երեւան

 
 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1390-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ