Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7343-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի 37.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ




1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Ինչպես ուղղակիորեն բխում է հիշյալ դրույթից, քրեական դատավարության օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Սակայն գործնականում անհրաժեշտություն է առաջանում նաեւ այն անձանց լիազորությունների կասեցման, որոնք հանրային ծառայության մեջ չեն գտնվում:

Հանրային ծառայության մեջ չգտնվող անձի աշխատանքային լիազորությունների ժամանակավոր դադարեցման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ: Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝

«Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության դեպքում քննիչը՝ քննչական բաժնի ղեկավարի համաձայնությամբ, կամ հետաքննիչը՝ դատախազի համաձայնությամբ, նախաքննության կատարման վայրի դատարան են ներկայացնում համապատասխան միջնորդություն (...)»:

Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝

«Դատախազը, նրա տեղակալը կամ ԲՀ-ի քննչական կոմիտեի նախագահը կամ ԲՀ-ի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը կամ նրանց  պարտականությունները կատարող անձը, ինչպես նաեւ քննիչը՝ դատախազի կամ նրա տեղակալի թույլտվությամբ կամ դատարանը իրավասու են դադարեցնել կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը, եթե կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կարող են խոչընդոտել քրեական գործի մինչդատական վարույթին կամ դատական քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ՝ կապված այդ պաշտոնում մնալու հետ (...)»:

Էստոնիայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝

«Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվում է դատախազի միջնորդության հիման վրա նախաքննության կատարման վայրի դատարանի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ, եթե շարունակելով աշխատանքը՝ նա կարող է շարունակել հանցանքի կատարումը կամ աշխատանքը շարունակելը կարող է վնասել քրեական դատավարությանը (...)»:

Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են նաեւ այլ երկրների օրենսդրությամբ:

Ինչ վերաբերում է լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում աշխատավարձի վճարման կարգին, ապա այս մասով հանրային ծառայության մեջ գտնվող ոչ բոլոր անձանց աշխատավարձի վճարման կարգն է օրենսդրորեն ամրագրված: Ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, «Դատախազության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» եւ այլ օրենքներով նախատեսվում են համապատասխան ծառայողների լիազորությունների կասեցման դեպքում վերջիններիս աշխատավարձի վճարման կարգը:

Ուստի, հաշվի առնելով վերոշարադրյալը, գործնականում անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված հիմքերով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման դեպքում սահմանել կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավարձի չափն ու կարգը, ինչպես նաեւ արձակուրդի տրամադրման կարգը, այն դեպքերի համար, որոնք ոլորտային օրենսդրությամբ նախատեսված չեն:

Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Աշխատավարձը օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:»:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից երեւում է, որ աշխատավարձը աշխատանքներ կատարելու դիմաց հատուցումն է, ուստի այն պարագայում, երբ աշխատողը իր լիազորությունները կասեցված լինելու ժամանակ որեւէ աշխատանք չի կատարում եւ չի կարող կատարել, աշխատավարձի մասին եւս խոսք լինել չի կարող:

Այնուամենայնիվ սոցիալական յուրաքանչյուր պետության խնդիրներից է իր քաղաքացիների արժանավայել կյանք վարելու համար համապատասխան պայմանների ստեղծումը: Այսպես.

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածի համաձայն՝ սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար եւ նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան եւ կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը:

Այս առումով հարկ է նշել նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնավարումը ժամանակավոր դադարած կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունի ստանալ ամսական նպաստ: Ընդ որում՝ նպաստը տրամադրվում է նվազագույն կենսաապահովման համար անհրաժեշտ չափով:

Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը եւս նախատեսում է ամսական նպաստ տրամադրելու հնարավորությունը, սակայն, բացառություն նախատեսելով այն անձանց համար, ովքեր զբաղվում են վճարովի այլ գործունեությամբ: Այդ անձանց նպաստ չի տրամադրվում: Հարկ է նշել նաեւ, որ նույն հոդվածի համաձայն՝ նպաստի տրամադրումը դադարում է, եթե անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերը շարադրվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ լիազորությունները կասեցված անձին տրամադրվող հատուցումը նպատակ ունի տվյալ անձի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման:

Ուշադրության արժանի է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն վերը նշված երկրների օրենսդրական կարգավորումների՝ Նախագծով, կարեւորվելով անձի իրավունքների իրացումը, հատուցում նախատեսվել է անձի հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:

Ընդ որում՝ նախատեսվել է հնարավորություն՝ գործի՝ արդարացման հիմքով ավարտի դեպքում հիմնական աշխատավարձի մնացած մասը ստանալու հնարավորություն՝ փոխհատուցելով անձին՝ աշխատանք կատարելու եւ դրա համար համապատասխան վարձատրություն ստանալու հնարավորությունից անհիմն զրկված լինելու համար:

Այս առումով հարկ է նշել նաեւ, որ գործի՝ արդարացման հիմքով ավարտի դեպքում անձանց մոտ առաջանում է չստացած աշխատավարձի չափով պետության դեմ պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք: Ընդ որում, գործնականում այդպիսի պահանջները՝ չստացած վարձատրության մասով, բավարարվում են: Մյուս բոլոր դեպքերում (օրինակ, երբ կայացվել է մեղադրական դատավճիռ կամ գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով (համաներման կիրառում եւ այլն)), այդպիսի իրավունք չի ծագում, մինչդեռ աշխատանք չկատարելու դեպքում աշխատավարձի պահպանման պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ պետությունը պաշտոնատար անձի լիազորությունների կասեցման ողջ ժամանակահատվածում զրկվում է վերջինիս աշխատանքի արդյունքում ստացվող հավելյալ արժեքից (անհատույց աշխատավարձ է վճարում), ավելին՝ այդպիսի պաշտոնատար անձանց վարձատրությունը պահպանվում է անկախ այն հանգամանքից, թե այլ հավասար պայմաններում կունենային վերջիններս հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք, թե ոչ:

Բացի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում սահմանված կարգի, «Քրեակատարողական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Քննչական կոմիտեի մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներով սահմանվում են կարգավորումներ՝ կապված անձի լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) հետ` քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում: Վերոնշյալ օրենքների վերլուծությունից բխում է, որ անձի լիազորությունները կասեցվում են անկախ այն հանգամանքից՝ առկա է քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված` դատախազի կամ վերջինիս համաձայնությամբ քննիչի համապատասխան որոշումը` լիազորությունների կասեցման վերաբերյալ, թե՝ ոչ: Ըստ այս օրենքների՝ լիազորությունները կասեցվում են քրեական հետապնդում հարուցելու հիմքով՝ մեխանիկորեն:

Սահմանադրական դատարանը իր 2020 թվականի փետրվարի 25-ի որոշման մեջ անդրադարձել է անձի պաշտոնավարության ժամանակավորապես դադարեցման դրույթներին: Մասնավորապես, նշելով, որ հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին որեւէ միջամտություն չպետք է իրականացվի ոչ խտրական հիմքերով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թե ոչ, եւ անկախ որեւէ այլ հանգամանքից, որը օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով չի հանգեցնում նրա պաշտոնավարման իրավունքին իրավաչափ միջամտության, ինչպես նաեւ հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին այնպիսի միջամտությունը, որն ունի առավելագույն կամ բարձր ինտենսիվություն, այն է՝ հանգեցնում է նրա պաշտոնավարման հարկադիր դադարեցման կամ կասեցման, պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի եւ մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, լինի համաչափ: Քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության պայմաններում սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստի ուժով հավելյալ օրենսդրական սահմանափակումներ ամրագրելը չի կարող հետապնդել Սահմանադրության տեսանկյունից արդարացված որեւէ նպատակ, ուստի չի կարող արդարացվել ո՛չ հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությամբ, ո՛չ էլ հանրային ծառայության որեւէ կոնկրետ տեսակի առանձնահատկություններով: Քրեական հետապնդում հարուցելու փաստը որեւէ կերպ չի կարող հիմք դառնալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը:

Ուստի, կարելի է գալ այն եզրահանգման, որ բոլոր դեպքերում անձի` իր լիազորությունների կասեցումը (ժամանակավորապես դադարեցումը) պետք է պարտադիր հիմքում ունենա քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված որոշումը: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պետք է գործի վարույթի շրջանակներում, գնահատի լիազորությունների կասեցման անհրաժեշտությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է.

1) Եզրութաբանական միասնությունն ապահովելու նպատակով «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» ձեւակերպման փոխարեն խնդրո առարկա հարկադրանքի միջոցի համար գործածել «աշխատողի լիազորությունների կասեցում» եզրույթը:

2) Լիազորությունների կասեցում հարկադրանքի միջոցը կիրառել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողների, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց նկատմամբ: Այս համատեքստում հարկ է նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի գործող խմբագրությունը հնարավորություն է տալիս ժամանակավոր կասեցնելու միայն հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, մինչդեռ, գործնականում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավոր կասեցնելու ինչպես հանրային ծառայության մեջ գտնվող, այնպես էլ հանրային ծառայության մեջ չգտնվող աշխատողների (օրինակ՝ իրավաբանական անձի ղեկավար-կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձանց եւ այլն) լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվեն հանցավոր գործունեությամբ:

3) Խնդրո առարկա դատավարական հարկադրանքի միջոցը կիրառող սուբյեկտ նախատեսել միայն դատարանին՝ հաշվի առնելով աշխատողների իրավունքների իրացման եւ պաշտպանության ապահովման, ինչպես նաեւ հնարավոր կամայականությունների բացառման անհրաժեշտությունը:

4) Միասնականացնել ոլորտային տարբեր օրենքներով լիազորությունների կասեցման համար նախատեսված հիմքերը՝ բացառելով բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված լիազորությունների կասեցման դեպքերը: Ոլորտային տարբեր օրենքներով լիազորությունների կասեցման համար նախատեսված հիմքերը սույն նախագծերի փաթեթով միասնականացվել են՝ բացառելով բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված լիազորությունների կասեցման դեպքերը:

Մասնավորապես՝ ներկայումս մի շարք օրենքներով նախատեսված դրույթն առ այն, որ աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքով, խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում բացակայում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` քրեական հետապնդում իրականացնող մարմնի համապատասխան որոշումը: Այսինքն՝ անձի լիազորությունների կասեցումը ուղղակի կապված է իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ՝ անկախ այն հանգամանքից՝ համաչափ եւ անհրաժեշտ է նմանատիպ սահմանափակում կիրառելը, թե՝ ոչ: Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դատախազը կամ վերջինիս համաձայնությամբ նաեւ քննիչը կարող են դադարեցնել անձի պաշտոնավարությունը որոշակի ժամկետով, միայն այն դեպքում եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Ուստի, աշխատողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման իրավական հիմքը պետք է լինի միայն վերոնշյալ հոդվածով սահմանված դեպքը:

Առաջարկի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ պաշտոնավարման իրավունքին այնպիսի միջամտությունը, որն ունի առավելագույն կամ բարձր ինտենսիվություն, այն է՝ հանգեցնում է անձի լիազորությունների հարկադիր կասեցման, պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի եւ մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, պետք է լինի համաչափ:

5) Հստակեցնել դատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման դեպքում լիազորությունների կասեցման պահը: Առանձնացվել է երկու դեպք. 1-ին դեպքում, երբ անձի նկատմամբ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց, ապա նրա լիազորությունները համարվում են կասեցված դատարանի կողմից խափանման միջոց ընտրելու մասին որոշման ընդունման պահից: 2-րդ դեպքում, երբ չկա կալանավորում, ապա անձի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունները կասեցնելու մասին որոշումը ընդունելու պահից:

6) Միասնականացնել խնդրո առարկա դատավարական հարկադրանքի միջոցի դեպքում աշխատողի իրավական վիճակի հետ կապված կարգավորումները: Հարկ է նշել, որ լիազորությունների ժամանակավոր դադարեցման դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող ոչ բոլոր անձանց վերաբերյալ են առկա օրենսդրական կարգավորումներ՝ կապված նրանց աշխատավարձի պահպանման չափի ու կարգի, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում անձի լիազորությունների դադարեցման՝ որպես բացառապես քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման հետ: Այս առումով հատկանշական է նաեւ այն, որ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1507 որոշմամբ արձանագրել է խնդրի կապակցությամբ առկա օրենսդրական կարգավորումների միասնականացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության պայմաններում սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստի ուժով հավելյալ օրենսդրական սահմանափակումներ ամրագրելու անթույլատրելիությունը:

Նախագծով ամրագրվել է նաեւ, որ լիազորությունների կասեցման ընթացքում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով՝ մնացած վճարումը կատարվելով գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում: Հստակ ամրագրվել է, որ լիազորությունների կասեցումն արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով սահմանված հիմքերից որեւէ մեկը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում կապահովվի կասկածյալ կամ մեղադրյալ աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորությունը, եւ համապատասխանաբար՝ նմանատիպ ներգործության իրավական հիմքում կդրվի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքը, ինչպես նաեւ կսահմանվի տվյալ դեպքի համար հանրային ծառայության մեջ գտնվող անձանց վճարվող հատուցման չափը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ






 
 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                                                                                                                                                                      ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1512-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ