Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7201-02.09.2020,30.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով,

2) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»,

3) 10-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17-րդ մաս.

«17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիան լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Oրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:»:

Հոդված 7. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար սույն օրենսգրքին համապատասխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձեւով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչեւ գործի վերաբերյալ որոշում կայացնելը եւ տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում: Սույն օրենսգրքի 123, 1231 , 1233   հոդվածներով, 1234   հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, 1235 , 123.6, 123.7, 124, 1241 , 1242 , 1243 , 1244 , 1245 , 1246 , 125, 126 եւ 129.2 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողությունը երկարաձգվում է մինչեւ գանգատարկման համար սահմանված ժամկետի լրանալը, կամ գանգատի առթիվ որոշման ընդունումը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «տասնհինգօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենսգրքի 123.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140 հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում սույն օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ չներկայացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում,» բառերով,

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «123.1 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 140,» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 123.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 140 հոդվածի 5-րդ մասով,» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 315-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին տեղեկատվությունը վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում մուտքագրելուն զուգահեռ միջոցներ է ձեռնարկվում վարորդական վկայականը եւ նրան կից կտրոնը վերցնելու համար, եթե վարորդը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով:

3. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա չհանդիսացող գործերով հանված տուգանային միավորները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերականգնվում են:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ եւ 9-րդ հոդվածները, ինչպես նաեւ 7-րդ հոդվածով օրենսգրքի 264-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ նախադասությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Արդյունքում, բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-91-Ն) պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար: Այս կարգավորումից հետո, վարորդների մի որոշ հատված, հստակ գիտակցելով, որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից կայացվող որոշումներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-300-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով չի կիրառվելու տուգանային միավոր, այլ՝ առավել վնասկար բնույթ պարունակող (սահմանաված առավելագույն արագության գերազանցում) իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվությունից խուսափելու համար, այդ թվում՝ երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ արտոնյալ դիրքն ընդգծելու նպատակով, երթեւեկում են մեկ համարնիշով (հիմնականում հետեւի)՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից: Ավելին, սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսեւորել նույն հակաիրավական վարքագիծը:

Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թույլատրվում է բռնագրավման պահանջով դիմել դատարան վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգավելուց հետո 15-օրյա ժամկետում, սակայն անհրաժեշտ է նկատել, որ այդ դեպքում վարչական տույժի ենթարկված անձը դեռ կարող է բողոքարկել վարչական ակտը (այդ թվում՝ վերադասության կարգով գանգատարկելուց հետո նաեւ դատական կարգով), որն էլ իր հերթին կարող է անվավեր ճանաչվել եւ կստացվի, որ պետության կողմից բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար եւ հետագայում նաեւ գործի քննության հետ կապված վճարված պետական տուրքի եւ այլ դատական ծախսերը կլինեն ապարդյուն (պետությունն անհարկի վնաս կկրի), ավելին, ապարդյուն կլինեն նաեւ պետական մարմնի աշխատակիցների այդ գործընթացի վրա վատնած ժամանակը (ռեսուրսները):

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն պահանջը, որ մինչեւ 01.09.2020 թվականը տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով, ինչպես նաեւ տուգանային միավորների կիրառմամբ պայմանավորված Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներին վերաբերող մի շարք հոդվածներում սահմանված կարգավորումները:

Հարկ է նշել, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու եւ որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, իսկ այդ գործընթաը նախատեսվում է վերջնական ավարտին հասցնել Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հանգամանքով, որը ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ կետի համաձայն նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականի 1-ին կիսամյակի ավարտը:

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներին վերաբերող մի շարք հոդվածներում նախատեսել փոփոխություններ՝ դրանք շարադրելով այն խմբագրությամբ, ինչ նախատեսված է եղել նախքան «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների ուժի մեջ մտնելը (01.09.2020 թվականը):

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.1-րդ, 123.5-րդ, 124-րդ եւ 124.4-րդ հոդվածների համապատասխան մասերի սակցիաներում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտումների համար, որոնք որպես վարչական տույժ առաջ են բերում վարելու իրավունքից զրկում, դրանց կատարման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն:

Անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործումը:  Մասնավորապես, նախագծով Օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացվում է նոր 17-րդ մասով, որով նախատեսվում է պատասխանատվություն նույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար՝ սահմանելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ՝ վարելու իրավունքից զրկման ձեւով:

Նախատեսվում է Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել, ինչը կապված է Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սանկցիաների հետ, քանի որ նշանակված տույժի լիարժեք կատարման համար, մասնավորապես՝ իբրեւ լրացուցիչ վարչական տույժ նախատեսված վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան բռնագրավելու համար, անհրաժեշտ է հստակ սահմանել այն պահը, երբ վարչական մարմինը իրավասու կլինի բռնագրավման պահանջով դիմել դատարան: Բացի այդ, տրամաբանական է բռնագանձման տույժի տեսակը իրականացնել վարչական ակտի բողոքարկման հնարավորությունը սպառվելուց հետո:

Բացի այդ, նախատեսվում է նախագծով նախատեսվող 2022 թվականի հուլիսի 1- դրությամբ դադարեցնել այն դրույթներով սահմանված կարգավորումները, որոնք անմիջականորեն կապված են Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորներ չկիրառելու եւ դրա արդյունքում վարչական վարույթների իրականացման հետ, ինչպես նաեւ վերականգնել այն վարորդների տուգանային միավորները, որոնք հանվել են 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա չհանդիսացող գործերով իրականացված վարչական վարույթների արդյունքներով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրինագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության եւ Ճանապարհային ոստիկանության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանա:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, որի վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր չէ կատարել, քանի որ գործող իրավակարգավորումներով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության միայն այդ արարքը կատարելու համար, իսկ ուղեկցող իրավախախտումների մասով առանձին հաշվառում չի տարվում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ