Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-786-25.11.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
 

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի
1400-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի եւ տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու, ինչպես նաեւ ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությոնը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ցեմենտի ներքին շուկան ցածր գներով ներմուծվող ցեմենտից պաշտպանելու, տեղական ցեմենտի արտադրոությունը զարգացնելու եւ ցեմենտի ներքին շուկայում հավասար պայմաններ ստեղծելու նպատակով Ազգային ժողովի կողմից տրված իրավական կարգավորումների արդյունքների քննարկումների ընթացքում նշվել է, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետի առկայությունն առաջացնում են որոշակի խնդիրներ՝ կապված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու եւ այլ տնտեսավարող սուբյեկտների համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտները բացառելու պահանջների մասով:

Ուստի, հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետն ուժը կորցնում են 2021թ. հունվարի 1-ից եւ նպատակ ունենալով ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի վերը նշված պահանջներին, ինչպես նաեւ հիմք ընդունելով նույն պայմանագրի 47-րդ հոդվածը (որով ամրագրված է, որ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն ներմուծել եւ կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ)՝ առաջարկվում է 2021թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման համար տրամադրել լիցենզիաներ եւ կատարել լրացում «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:

Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասի Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, քանի որ ԵԱՏՄ ներքին շուկան պաշտպանելու նպատակով վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում` տարբեր ապրանքների ներմուծման կամ արտահանման նկատմամբ: Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի 09.07.2019թ. N 459 որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմանտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմք ընդունելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը եւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 47-րդ հոդվածի՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումն իականացնել լիցենզիաների հիման վրա, տարածելով այն ներմուծվող յուրաքանչյուր 100 տաննայի համար: Նշված կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուքանչայուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրմադրման գործընթացը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում եւ արտադրանքի մրցունակության բարձրացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները եւ շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

5. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջեւ:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)    
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի N 1795-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս,  Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ