Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-821-23.12.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 28.2.-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման կամ մաքսատուրքերի եւ հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.».

2. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.».

3. Ավելացնել նոր՝ 7-րդ կետ.

«Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող ապրանքները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ

Ներկայումս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28.2-րդ հոդվածում՝ մաքսային գործառնությունների համար պետական տուրքից ազատման որոշ դեպքեր հստակ սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված երկիմաստ մեկնաբանությունների տեղիք են տալիս:

Այսպես.

Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կարգավորումները, հիմնականում նպատակ ունեն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ՝ մաքսատուրքերից եւ հարկերից ազատում նախատեսող որոշ դեպքերում կարգավորել նաեւ խնդրո առարկա ապրանքների պետական տուրքից ազատման հարցը: Այդ տեսանկյունից 3-րդ եւ 6-րդ կետերում նախատեսված շարադրանքն իր բառացի մեկնաբանությամբ որոշ դեպքերում շեղվում է ընդհանուր մոտեցումներից. Մասնավորապես Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում խոսք է գնում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիակական անձանց կողմից մաքսատուրքի եւ հարկերի վճարումից ազատմամբ ՀՀ պետական սահմանով տեղափոխվող ապրանքների պետական տուրքից ազատման մասին, մինչդեռ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները տարածվում են ոչ թե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող ապրանքների, այլ ֆիզիկական անձի կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների վրա: Բացի այդ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների համար նախատեսվում են թե մաքսատուրքերից եւ հարկերից ազատման, եւ թե առանց մաքսատուրքերի եւ հարկերի տեղափոխման դեպքեր, իսկ վերջինիս մասով՝ պետական տուրքից ազատման վերաբերյալ դրույթ Օրենքում նախատեսված չի:

Բացի այդ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքների մասով մաքսատուրքից եւ հարկերից ազատման դեպքը սահմանված է մեկ առաքողից մեկ ստացողին տեղափոխվող ապրանքների համար, մինչդեռ Օրենքում (28.2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ) այն նախատեսվում է կիրառել մեկ փոխադրողից մեկ ստացողին տեղափոխվող ապրանքների նկատմամբ: Վերոնշյալ կարգավորումները բազմաթիվ թյուըմբռնումների տեղիք են տալիս՝ այդ արտոնությունից օգտվելու մտադրություն ունեցող անձանց համար:

ՈՒստի անհրաժեշտություն կա դրույթները վերաշարադրելու եւ կիրարկման ընթացքում հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար դրանք հստակեցնելու:

Միեւնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող ապրանքներն անհատույց հանձնվում են պետությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն ազատվում են մաքսատուրքերից եւ հարկերից, առաջարկվել է այդ ապրանքներն ազատել նաեւ պետական տուրքից:

Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ նախագծով առաջարկվում է Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ եւ նույն մասում լրացնել նոր 7-րդ կետ:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


23 դեկտեմբերի 2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական տուրքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

- օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

-գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ Սիսակ Գաբրիելյան