Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-831-29.12.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածիում.

1. 2-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 57.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի եւ» բառերով

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատավորի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն օրենսգրքով, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված կարգով:

Հոդված 2. Օրենքը 57-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 57.1-ին հոդվածով.

«Հոդված 57.1. Դատավորի կենսաթոշակային ապահովությունը

1. Դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարել են կամ դադարեցվել են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, նշանակվում է դատավորի կենսաթոշակ (բացառությամբ այն դեպքերի, երբ անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն): Սույն օրենքով սահմանված դատավորի կենսաթոշակի իրավունք ունեցող եւ պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում եւ վճարվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ:

2. Դատավորի կենսաթոշակի չափը սահմանվում է.

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի եւ այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի ու սոցիալական վճարի տարբերության չափով (անկախ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսանալու հանգամանքից):

4. Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է (ավելացվում կամ նվազեցվում է).

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը վերահաշվարկվելու դեպքում,

2) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում,

3) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում՝ եթե կուտակային կենսաթոշակը նշանակվում է դատավորի կենսաթոշակը նշանակելուց հետո:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հիման վրա դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը դատավորի կենսաթոշակը նշանակող մարմնին է տրամադրում տեղեկություններ՝ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու, կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու վերաբերյալ: Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողության հիման վրա:

6. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում (անձը ձեռք է բերում դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք) եւ վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում եւ վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

7. Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն:

8. Սույն հոդվածով սահմանված դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից դատավորի պաշտոն զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են՝ հիմք ընդունելով նրա՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:

Կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձին տրվող կենսաթոշակի չափը ավել է սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:

Սույն օրենքի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակը համարվում է Օրենքի 57.1-ին հոդվածով նշանակված կենսաթոշակ:

Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո (եւ կենսաթոշակը չի նշանակվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի N ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով), ապա կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է Օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը: