Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-853-02.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝

«12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար»:

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 13-րդ կետով՝

«13) հարկ վճարողի դիմումի հիման վրա Կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրել եւ տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 293.1-րդ հոդվածով՝

«Հոդված 293.1 Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը եւ դրա առանձնահատկությունները

1.  Ավելացված արժեքի հարկ վճարողների գործունեության արդյունքներով՝ Օրենսգրքով սահմանված կարգով կարող է հավաստվել հարկ վճարողի օրինապահությունը:

2. Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածում սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար:

1) Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա:

3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչեւ հավաստագրի տրման ամսվանը հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:

4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ:

1) Օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում:

5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Հարկային մարմինը օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին՝ հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաեւ համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում՝ հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասում «այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել՝ «,իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասի «ԱԱՀ գումարի մինչեւ 40 միլիոն» բառերից հետո լրացնել «, գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչեւ 60 միլիոն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասում «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա մեկից:

Հոդված 9. Սույն օրենքի դրույթները տարածվում են Կառավարության կողմից օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Հոդված 10. Կառավարությունը օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության եւ հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ՝ պետականաշինության գործում հարկ վճարողների դերն ըստ արժանվույն գնահատելու եւ  պետության ու հարկ վճարողների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել սույն օրենքների նախագծերի փաթեթը:

2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջնորդվելով շարունակական բարեփոխումների սկզբունքով` 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ նախագահի 283-Ա հրամանով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, որի նպատակն էր վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող եւ հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ՝ առաջին անգամ կիրառելով նրանց վարքագծին համարժեք հարկային վարչարարություն, որը սակայն չի կրում նորմատիվ բնույթ, ինչպես նաեւ նշված հրամանով սահմանված չեն խրախուսման բավարար մեխանիզմներ:

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման եւ խորացման քաղաքականություն:

Նշված քաղաքականությունն ամրագրվել է նաեւ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ, որտեղ ի թիվս այլ միջոցառումների՝ նախատեսվել է նաեւ իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաեւ գնահատվի, լինի շահավետ եւ գրավիչ:

Միաժամանակ՝ 2018 թվականին «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացված «Հարկային վարչարարություն եւ հարկային ընկալումներ» թեմայով այլընտրանքային հետազոտական աշխատանքի արդյունքները ցույց տվեցին, որ գործարարները պատրաստ են ավելի օրինապահ լինել, սակայն հարցվածների 13,3 տոկոսը կարծում է, որ «կողքինները» չեն գնահատի, իսկ 19,5 տոկոսը՝ հարկային մարմինը չի գնահատի: Այս համոզմունքները միգուցե եւ պայմանավորված են հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողների իրազեկմանն ուղղված ոչ բավարար միջոցառումների եւ (կամ) ներկայումս գործող խրախուսման թույլ մեխանիզմներով:

Նշված աշխատանքի շրջանակներում Հարկային մարմնի կողմից մատուցված ծառայությունների շարքում «Օրինապահ հարկ վճարողների գրանցման համակարգը» որպես ծառայության տեսակ օգտակար եւ շատ օգտակար են գնահատել 71,8 տոկոսը, ինչը էլ ավելի է պարտավորեցնում զարգացնելու եւ ներդնելու օրինապահ հարկ վճարողների խրախուսման նոր մեխանիզմներ:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ զարգացած երկրներում պետության եւ հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ, որից կարելի է առանձնացնել տարբեր չափանիշներով լավագույն հարկ վճարողներին որոշելու նպատակով իրականացվող միջոցառումները:

Նշված միջոցառումները մասնակիցներին տրամադրում են որոշակի առավելություններ, հնարավորություն են ընձեռում հարկային մարմնի եւ հարկ վճարողների միջեւ ստեղծել վստահության առավել բարձր մակարդակ, հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարձրացման խթան են հանդիսանում, ինչպես նաեւ կրկին անգամ ընդգծում են հարկ վճարողների եւ հարկային մարմնի ընդհանուր նպատակը, այն է պետականաշինությունը եւ երկրի զարգացման նախապայմանների ստեղծումը:

 Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ մշակվել է սույն նախագիծը, որով նորմատիվ հիմքեր է ստեղծվում եւ վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման եւ խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաեւ գնահատվի, լինի շահավետ եւ գրավիչ:

Բացի այդ հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը պետության կողմից հարկ վճարողներին հարկադրած գործողություն է, հետեւաբար շատ կարեւոր է, որպեսզի հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորությունների կատարման համատեքստում մշտապես օգտվեն պետության օժանդակությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին»  ՀՀ օրենքը, որով ըստ էության Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել են հարկային համակարգը եւ վերջինիս սկզբունքները, հարկային մարմին եւ հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում:

Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային եւ մաքսային կարգապահության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել՝ ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը եւ ժամկետները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշումներում, միաժամանակ անհրաժեշտ է մշակել «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 
  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ