Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-867-16.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012թ. փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում եւ 19-րդ հոդվածի 1-ին մասում «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1)-րդ եւ 18.2)-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18.1) Չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման եւ վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 7.1) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«7.1) իրականացնում է չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետից հետո լրացնել նոր
8)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) ծառայությունների մատուցման ոլորտում»

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման,  ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից տրամադրվում է չափագիտության ազգային մարմնին եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 21. Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված. տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետեւյալ ուղղություններով՝

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

3) տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)` օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի եւ (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.»:

 Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «1. Կարգադրագիրը՝ տեսչական մարմնի ղեկավարի կամ տեսուչի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».

2. 3-րդ եւ 4-րդ մասերում «տեսչությանը» բառը փոխարինել «տեսչական մարմնին» բառերով:

3. 5-րդ մասում «վերացնում է» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1.  Անհրաժեշտություն

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ ու չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաեւ ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձեւը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաեւ չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները եւ կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաեւ ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը եւ պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է չափագիտական կանոններին եւ նորմերին անհամապատասխան չափման միջոցների ներմուծման կանխարգելմանը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաեւ չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքի ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելմանը եւ չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի գրություն