Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-869-17.02.2021,01.03.2021-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր տեւած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ չորս ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելիորեն ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով նրանց պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից:

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 113-րդ հոդվածի 1-ին մասը նաեւ սահմանում է. «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»:

«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007 թվականի փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար գտնվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց զրկել Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ նրանց չտրամադրելով նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձումը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:

Ելնելով վերը նշվածից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը եւ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խիստ գնահատել եւ դատապարտել Ադրբեջանի վերոնշյալ վարքագիծը: