Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-839-18.01.2021,19.03.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 67-րդ հոդվածի 2-րդ մասում "20» թիվը փոխարինել "30» թվով եւ "50» թիվը փոխարինել "100» թվով»:

Հոդված 2. Օրենսգրքի  68-րդ հոդվածի.

1.  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

"2. Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով, զանգվածային այլ լրատվության միջոցով եւ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ առկայության դեպքում համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաեւ որակական հատկանիշները), ինչպես նաեւ տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:»:

2.  5-րդ մասում առաջին նախադասության "5» թիվը փոխարինել "50» թվով:

3. 6-րդ մասի առաջին նախադասության "մեկ» բառը փոխարինել "երեք» բառով:

Հոդված 3.  Օրենսգրքի 70-րդ հոդվածի.

1. 1-ին մասի "գումարը» բառից հետո ավելացնել ",եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, ապա աճուրդը համարվում է չկայացած» նախադասությունը:

2. 1-ին մասի՝ "հաղթող է ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը» բառերը փոխարինել "կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվում է առուվաճառքի պայմանագիր կնքելուց, ապա համարվում է, որ հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց» բառերով:

3. 2-րդ մասում "Գումարն» բառը փոխարինել "Հաղթողի կողմից գումարն» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ