Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-646-06.07.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000թ ՀՕ-60 այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հարկային մարմինը տնտեսավարող սուբյեկտների կողմից առանձին հարկատեսակների գծով ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների, հարկային մարմնում առկա այլ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր այլ վճարների օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճշտման նպատակով կարող է անցկացնել ներքին (հարկային մարմնում՝ առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության) փաստաթղթային ստուգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «20» թիվը փոխարինել «75» թվով, իսկ «45» թիվը փոխարինել «90» թվով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1.0 մլրդ. դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած եւ (կամ) 100.0 մլն. դրամ եւ ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ 15 աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Նախագծի մշակումը պայմանավորված է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված «ՀՀ 2005-2008 թվականների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների» հուշագրի (հուշագրի 26-րդ կետ) համաձայն ՀՀ կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների ապահովմամբ: Մասնավորապես, նախատեսվում է, ստանձնած պարտավորություններին համապատասխան, սահմանել հարկային մարմնում առկա փաստաթղթերի հիման վրա հարկ վճարողների ներքին փաստաթղթային (օֆսայթ) ստուգում՝ առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության:

Բացի դրանից, խոշոր հարկ վճարողների նկատմամբ արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու նկատառումներից ելնելով նախագծով նախատեսվում է խոշոր հարկատու համարվող տնտեսավարող սուբյեկտների մոտ պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ստուգման երկարաձգման ժամկետը սահմանել մինչեւ 75 աշխատանքային օր՝ նախատեսելով ստուգման առավելագույն ժամկետ՝ 90 օր, իսկ ստուգման ակտին ծանոթանալու եռօրյա ժամկետը՝ սահմանել 15 աշխատանքային օր: