Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93813-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ 8-րդ հոդվածի 6-րդ մասի, 29.1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի եւ 38-րդ հոդվածի «ոստիկանության» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին», «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը,» բառերը փոխարինել «ոստիկանությունը, միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմինը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 36-րդ հոդվածում «ոստիկանության բնագավառում պետական կառավարման մարմին» բառերի համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ոստիկանություն» բառի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 2-րդ մասում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «ոստիկանությունը» բառով.

2) 2-րդ մասում «մերձավոր ազգականներին» բառերից հետո լրացնել «, իսկ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին՝ արգելանքի վերցնելու պահից հետո՝ անմիջապես» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված ժամանակավոր թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանց ժամկետի լրանալը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի հիման վրա հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող Օրենքի դրույթների հիման վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն