Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-963-05.05.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)                    3-րդ հոդվածի վերջին պարբերության «վերարտադրում են» բառից հետո վերջակետ կետադրական նշանը փոխարինել լ միջակետով կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ պարբերությունները.

«կանեփ՝ կանեփ բույսի ծաղկող կամ պտղատու գլխիկները, որոնցից բուսախեժը քամված չէ, անկախ դրանց համար օգտագործվող անվանումից

կանեփի բույս՝  կաննաբիս (Cannabis) տեսակի ցանկացած բույս.

կանեփի բուսախեժ՝ քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփի բույսից.

արտադրական կանեփ՝ սույն օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս որում կանաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից

արտադրական կանեփի մշակություն՝ կանեփի բույսի աճեցնելու ամբողջ գործընթացը

արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաեւ այն գործընթացները որոնց արդյունքում առաջանում է յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր

իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով իրական շահառու հանդիսացող անձ

փոխկապակցված անձ՝ անձի հետ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ, 26-րդ, 27-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող անձ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1 Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը

Լիցենզավորող մարմնին թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել հանձնաժողով: Խորհրդատվական եզրակացություն տալու դեպքերը եւ կարգը նախատեսվում են հանձնաժողովի աշխատակարգով եւ լիցենզավորման կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի

1. 2-րդ մասի «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:»,

2. 3-րդ մասի «օրենքով» բառից հետո լրացնել « եւ սույն օրենքով:» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով՝ սույն օրենքվ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի

1. հոդվածում «հավաստագիր» բառը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «թույլտվություն» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

2. 2-րդ մասը լրացնել չորրորդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար կարող է գանձվել պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ չափով: Այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար պետական տուրք, ապա արտահանման կամ  ներմուծման թույլտվության համար դիմողը պարտավոր է վճարել պետական տուրքը թույլտվության համար դիմելուց առաջ:»:

Հոդված  6. Օրենքը լրացնել Գլուխ 5.1-ով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.1.

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 45.1. Արտադրական կանեփի շրջանառության իրավական կարգավորման առանձնահատկությունները

1. Սույն գլխով սահմանվում են արտադրական կանեփի շրջանառության, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման  կարգի առանձնահատկությունները:

2. Սույն գլխով կարող են նախատեսվել արտադրական կանեփի վերաբերյալ սույն օրենքով թմրամիջոցների համար նախատեսված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որի դեպքում գործում են սույն գլխով սահմանված կարգավորումները:

3. Արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը չեն համարվում դեղերի արտադրություն կամ շրջանառություն եւ չեն կարգավորվում «Դեղերի մասին» օրենքով:

Հոդված 45.2. Արտադրական կանեփի օրինական շրջանառությունը

1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սույն օրենքով սահմանված նպատակներով եւ գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման համար տրվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիաներ:

3. Արգելվում է արտադրական կանեփի արտադրությունը անձնական օգտագործման նպատակով:

Հոդված 45.3. Արտադրական կանեփի արտադրությունը

1. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձեւերն են արտադրական կանեփի մշակումը եւ արտադրությունը:

3. Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում:

4. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ եւ վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով:

5. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի:

Հոդված 45.4. Արտադրական կանեփի արտադրության գործունեության ձեւերի հետ կապված այլ գործողությունները

1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաեւ սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձեւերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝

1) արտադրական կանեփի բուսախեժի, թղթի, յուղի, թելի, շինանյութի եւ այլ վերամշակվող նյութերի արտադրության նպատակով արտադրական կանեփի բույսերի կամ սերմերի ձեռքբերում մշակման նպատակով՝ բացառությամբ ներմուծման.

2) արտադրական կանեփ բույսերի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում.

3) արտադրական կանեփի բույսերի, արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում.

4) արտադրական կանեփի հետազոտություն՝ որոշելու համար կանաբիդիոլի կամ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան՝ տոկոսային պարունակությունը, արտադրական կանեփի բույսերի նմուշառվող հատվածներում, կամ կանեփի բույսերի տեղափոխումը բույսերի հետազոտություն իրականացնող, համապատասխան լիցենզիա եւ մասնագետ ունեցող անձանց մոտ:

Հոդված 45.5. Արտադրական կանեփի ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը

1. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առեւտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա:

2. Կանեփի բույսի, սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիայի առկայության դեպքում

3. Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեության իրականացման համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի:

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության եւ  ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման առանձնահատկությունները

1. Արտադրական կանեփի  հետ կապված գործունեության լիցենզիա տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչեւ  տասը տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի կողմից բիզնես-ծրագրի ներկայացման եւ դրա բովանդակության, հիմնավորումների, դիմողի ֆինանսական վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ պահանջներ:

4. Անձը կարող է զբաղվել արտադրական կանեփի հետ կապված գործունեությամբ միայն եթե դիմել է արտադրական կանեփի հետ կապված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու համար եւ օրենքով սահմանված կարգով ստացել է այդ լիցենզիան՝ անկախ այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված գործունեության լիցենզիա ունենալու հանգամանքից:

5. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիայի ստացման համար դիմողը պարտավոր է բացահայտել եւ լիցենզիա ստանալու հայտի հետ միասին լիցենզավորման կարգում սահմանված ձեւով ներկայացնել փոխկապակցված անձանց եւ իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

6.Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք, որոնց  մասնակիցները, կամ  փոխկապակցված անձինք, իրական  շահառուները կամ արտադրության կամ  ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից).

1) ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար ակախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են այդպիսի վարչական իրավախախտման համար

2) տառապում է թմրամոլությամբ:

7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավելը  լիցենզավորող մարմնին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն:  Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր: Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրամոլությամբ տառապող անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաեւ լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

Հոդված  45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը արտահանումը կամ մեծածախ առեւտուրը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:

3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն եւ նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ծավալներ/քանակ սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով,

4. Քվոտավորման տարբերակումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

5. Քվոտայի սպառվելը հանդիսանում է լիցենզիայի հայտի մերժման հիմք:

6.Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք:

7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է նախատեսվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորմանը վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ:

8. Արտաքին առեւտրի ոլորտում արտադրական կանեփի արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից անձը պետք է ստանա նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված  45.8. Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում

1. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով:

2. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նկատմամբ հսկողություն իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ մարմիններ՝ իրենց իրավասության շրջանակում:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններից բխող լիցենզավորման կարգում փոփոխություններ, ինչպես նաեւ քվոտավորման կարգի սահմանումը  Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո  երկու ամսվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում սահմանում է լիցենզիայի հայտեր ընդունելու համար իրավասու պետական կառավարման համակարգի մարմին: