Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-988-31.05.2021,14.06.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-489-Ն օրենքի N 5 հավելվածի N 1 եւ N 2 աղյուսակների 4-րդ կետերում «791-821ՄՀց/832-862ՄՀց» տողերից առաջ լրացնել «703-733ՄՀց/758-788ՄՀց» տողերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2017 թվականի հունիս ամսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ՝ ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:

Նշված գործընթացի շրջանակում՝ նկատի ունենալով, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի N 71Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն՝ 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 720-790ՄՀց հատվածը նախատեսված է նաեւ կառավարական նշանակության օգտագործման համար եւ ներկայումս օգտագործվում է կառավարական նշանակության օգտագործողների կողմից՝ հարցը քննարկվել է նաեւ ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովում, որի արդյունքներով, որոշվել էր ձեռնարկել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում անհրաժեշտ փոփոխություների գործընթաց, որը դեռեւս գտնվում է քննարկման փուլում:

Հաշվի առնելով հեռահաղորդակցության շուկայում 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի նկատմամբ առկա հետաքրքրվածությունը՝ նշված տիրույթի անհրաժեշտ հատվածների ազատականացման պարագայում մրցութային հիմունքներով դրանց տրամադրման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման եւ օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի համաձայն՝ նախատեսվում է 703-733ՄՀց եւ 758-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ:

3. Ակնկալվող արդյունքը

700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733ՄՀց եւ 758-788ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը եւ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճ:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ