Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-031-17.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 մասով.

«3.1. Առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս, կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) տոկոսային հարաբերություններով պայմանավորված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ:

Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձեւով ներկայացնելու եւ տարբերակելու համար:

Հարկ է նշել, որ ս/թ հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել նշված խնդրի կարգավորման նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է նշված օրենսդրական փաթեթը՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը:

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաեւ բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն