Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0491-23.09.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի արդյունահանումը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի արդյունահանումը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորություններից:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո (սնդիկի փուլային դուրսբերման ժամկետ) Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը: Այդ արտադրանքն է` կուտակիչները, անջատիչները եւ ռելեները, փոքր չափի եւ խողովակաձեւ լյումինեսցենտային լամպերը, բարձր ճնշման սնդիկային լամպերը, սառը կաթոդային լյումինեսցենտային լամպերը, կոսմետիկ միջոցները, պեստիցիդները, բիոցիդները եւ տեղային հակասեպտիկները, ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները` բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 1.2-րդ եւ 2.3-րդ բաժիններում ներառված են անդրսահմանային փոխադրումների համար արգելված եւ սահմանափակումների ենթակա թափոնները, այդ թվում՝ սնդիկ պարունակող եւ սնդիկով աղտոտված, իսկ մետաղական սնդիկը ներառված է 2.13-րդ բաժնում եւ դրա ներմուծումը թույլատրվում է Լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Արտաքին առեւտրի դեպքում սնդիկային թափոնների ներմուծումը եւ արտահանումը, ինչպես նաեւ սնդիկի ներմուծումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն եւ 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով:

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում կարգելվի սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից:

Օրենքի գործողությունը չի տարածվի սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների վրա, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ, սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են այնպիսի ապրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը եւ ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Նախագծով սահմանվել են Կառավարության եւ լիազոր մարմնի լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում, ամրագրվել են՝ սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման սահմանափակումները եւ արգելքները, սնդիկի արդյունահանման արգելքը, Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման եւ Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականություները:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացումներ են կատարվել օրենսգրքի 26-րդ, 40-րդ եւ 51-րդ հոդվածներում, նախատեսելով սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրության եւ արդյունահանման արգելք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի եւ սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ ուղղված սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը: Օրենքի նախագիծը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտադրությունը ՀՀ-ում օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգելվի: Օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ՀՀ-ից արտահանման եւ ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը կնպաստի սնդիկի գործածության, սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրության եւ արդյունահանման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սնդիկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն