Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-061-08.10.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված (գրավոր եւ բանավոր) եւ դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն Օրենքում կիրառվող հաuկացությունները ունեն հետեւյալ նշանակությունը.

1) անկանխիկ ձեւով գործառնություն (վճարում)՝ վճարումներ, որոնք ուղղված են շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին կամ էլեկտրոնային փողի հաշվին.

2) կրպակ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առեւտրի օբյեկտի տեսակ,

3) աշխատավարձ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ պայմանագրային եկամուտ:

4) կանխիկ ձեւով գործառնություն (վճարում)՝ սույն օրենքով սահմանված անկանխիկ չհանդիսացող վճարումներ.

5) կանխիկ դրամ՝ Հայաuտանի Հանրապետության արժույթն ու արտարժույթը թղթադրամների կամ մետաղադրամների տեuքով.

6) ֆիզիկական անձ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք.

7) կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ, oտարերկրյա կազմակերպություններ, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ.

8) վճարային քարտ կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր՝ ՊՈՍ-տերմինալ եւ այլ նմանատիպ սարքեր, որոնք հնարավորություն ունեն ընդունել անկանխիկ ձեւով վճարումներ.

9) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

10) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

11) Էլեկտրոնային փող, վճարային քարտ, վճարային գործիք՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

12) փաստաբան՝ ըստ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

13) պետական կառավարման համակարգի մարմիններ՝ ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

14) տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

15) բանկեր՝ ըստ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

16) ապահովագրական ընկերություններ՝ ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

17) վարկային կազմակերպություններ՝ ըստ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

18) գրավատներ՝ ըստ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:

Հոդված 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների կողմից անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված եւ ստացված փոխառություններ եւ դրանց դիմաց ստացված տոկոսներ)՝ որի մի կողմը ֆիզիկական անձ է, դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն է կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռք բերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

2. Փաստաբանական ծառայությունների մատուցման վճարների ընդունումը իրականացվում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

3. Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումը իրականացվում է անկանխիկ ձեւով: Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարի կողմից գանձվում է անկանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից:

5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով:

6. Գրավատների կողմից 20000 ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:

7. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները եւ փաստաբանները իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկել եւ (կամ) ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):

8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաեւ դրանց վճարման դեպքերը, կարգը եւ պայմանները:

Հոդված 5. Ֆիզիկական անձանց միջեւ անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման՝ իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը եւ ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով:

Հոդված 6. Աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները

1. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձեւով 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից, 2024 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձեւով:

2. Պետական կամ տեղական բյուջեներից եւ այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձեւով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն մասից բացառություն կազմող այն վճարների տեսակները եւ այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարել կամ որոնց կարող է վճարվել կանխիկ եղանակով:

3. Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձեւով սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից:

4. Սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում)՝ մատուցված բժշկական ծառայությունների բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

5. Սկսած 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կրթական հաստատություններում՝ մատուցված կրթական ծառայությունների բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

6. Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձեւով:

7. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց գործունեության հետ կապված բոլոր գործառնությունները (վճարումները/վճարումների ստացումը) սկսած 2022 թվականի հունվարի 1-ից իրականացնում են անկանխիկ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված դեպքերի:

8. Կենսաթոշակները, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող՝ պետական նպաստները եւ այլ դրամական վճարները, ինչպես նաեւ խնամքի նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով կենսաթոշակը, կենսաթոշակների համար սահմանված կարգով վճարվող՝ պետական նպաստները եւ այլ դրամական վճարները, ինչպես նաեւ խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու համար բացառություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համատեղ նորմատիվ իրավական ակտով:

9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր չէ, սակայն սույն օրենքով սահմանված գումարի չափը գերազանցող կանխիկ եղանակով իրականացվող վճարման եւ վճարման ստացման հետեւանքով գործարքի կողմերի միջեւ վեճ առաջանալու դեպքում՝ վերջիններս զրկվում են ի հաստատումն գործարքի եւ դրա պայմանների՝ վկայի ցուցմունքները վկայակոչելու իրավունքից:

Հոդված 7. Գործարքների (պայմանագրերի) մասնատումը.

1. Սույն օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը /պայմանագիրը/ համարվում է մեկ միասնական գործարք /պայմանագիր/ եւ վերջիններիս վրա տարածվում են սույն օրենքի դրույթները:

Հոդված 8. Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրերի) եւ սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը

1. Սույն օրենքով սահմանված վճարները՝ բացառությամբ քարտային վճարումների, արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 9. Վճարային քարտեր ընդունող սարքերի կիրառումը

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները պետք է ունենան եւ հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված սուբյեկտների ցանկը, որտեղ պարտադիր տեղադրվում եւ կիրառվում են վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքեր:

3. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի անսարքության դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված սուբյեկտները պարտավոր են վերանորոգել կամ փոխարինել տվյալ սարքը: Եթե վճարային քարտերով կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով վճարման ընդունումն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու միջոցով, ապա դրանց անսարքության դեպքում տնտեսվարողները պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված կանոններով:

4. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ/կամ համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով:

5. Վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի եւ/կամ հսկիչ դրամարկղային մեքենաների վերաբերյալ, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ տեղեկությունների փոխանակումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջեւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ նորմատիվ իրավական ակտով:

ԳԼՈՒԽ II

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, ֆիզիկական անձանց եւ նոտարների կողմից սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված եւ (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի: Ընդ որում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ փաստաբանների միջեւ գործարքների դեպքում «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելն առաջացնում է պատասխանատվություն գործարքի կողմ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, փաստաբանների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար, իսկ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ ֆիզիկական անձանց միջեւ գործարքների դեպքում՝ պատասխանատվություն է առաջանում միայն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների համար, բացառությամբ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված եւ (կամ) վերահսկվող անձանց կողմից uույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների՝ որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Հոդված 11. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները՝ բացառությամբ այն նորմերի, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից խախտելու համար կիրառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, իսկ ֆիզիկական անձանց կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

2. Սույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները՝ որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների եւ ֆիզիկական անձանց կողմից խախտելու համար կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

ԳԼՈՒԽ III

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


Հիմնավորում


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անկանխիկ գործառնությունների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի նախատեսվում:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն