Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«10. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում կասեցման կամ երկարաձգման ժամկետները չեն հաշվարկվում (ներառվում) սույն հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետների մեջ:»,
Հոդված 2. Օրենսգրքի 1703 -րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները» բառերով,
Հոդված 3. Օրենսգրքի 2191 -ին հոդվածի 2-րդ մասում «գործերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 1703 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,
Հոդված 4. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի 1-ին մասում «1702 » թվից հետո հանել «1703 ,» թիվը եւ «շրջանակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 1703 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 246.2-րդ հոդվածով.
«Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունք սահմանելու, կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը եւ հարկային մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը հստակեցնելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերության համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:
Վերոնշյալ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն նույն հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով, ինչպես նաեւ 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող եւ տեւող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Վերոնշյալ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված են առանձին դեպքերում վարչական տույժ նշանակելու ժամկետները, սակայն առկա չէ համապատասխան կանոնակարգում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով դրանց վերսկսումից հետո վարչական տույժ նշանակելու ժամկետի վերաբերյալ:
Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նշանակվել է փորձաքննություն կամ վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ առանց նրա ներկայության օրենքը բացառում է համապատասխան վարչական ակտ ընդունելը կամ դա հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում, հետեւաբար, Նախագծով նախատեսվել է, որ տվյալ դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել միայն վարչական վարույթին վարչական ակտի հասցեատիրոջ ներկայանալու, վարչական ակտի հասցեատիրոջը ի հայտ բերելու կամ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Արդյունքում ստացվում է, որ խախտվում է 37-րդ հոդվածով սահմանված վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետը, քանի որ ՎԻՎ օրենսգրքով նախատեսված չէ վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման որեւէ հիմք:
Միաժամանակ, նման եզրահանգման է եկել նաեւ ՀՀ վարչական դատարանը մի շարք վարչական գործերով` անվավեր ճանաչելով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել ՎԻՎ օրենսգրքով նախատեսել վարչական տույժ նշանակելու վաղեմության ժամկետի կասեցման կամ երկարաձգման համապատասխան հիմք եւ հստակեցնել կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթները վերսկսելուց հետո վարչական տույժ նշանակելու ժամկետը:
ՎԻՎ օրենսգրքի 1703 -րդ հոդվածի համաձայն հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
ՎԻՎ օրենսգրքի 2442 -րդ հոդվածի համաձայն հարկային մարմինները քննում են նույն օրենսգրքի 41.4, 481 , 169, 1699 , 16910 , 16911 , 16912 , 16913 , 16914 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով,16915 , 1702, 1703 , 1704, 1706 , 1707 , 1708 , 1709 , 17012 եւ 17013 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691 , 1695 , 16918 , 16926 , 16927 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը եւ հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է:
Նույն մասի 13-րդ կետի համաձայն հարկային վարչարարությունը լիազոր մարմնի՝ Օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը, իսկ 14-րդ կետի համաձայն լիազոր մարմին է հանդիսանում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ու սահմաններում վարչարարություն կամ հսկողություն իրականացնող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը:
Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացնել հարկային հսկողություն՝ Օրենսգրքի նույն բաժնով սահմանված՝ հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը, իսկ 2-րդ մասի համաձայն հարկային հսկողության նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումների կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, ինչպես նաեւ հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ սահմաններում այդ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ լիազոր մարմինների հսկողություն) իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք):
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ պարբերության համաձայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի եւ օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի եւ տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, հաշվառման եւ (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հարկային մարմնի խնդիրներից է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» պարբերության համաձայն հարկային մարմինը Օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն, մասնավորապես` ՎԻՎ օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, ՀՀ հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում, իսկ «զ» կետի համաձայն հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի եւ այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում:
Միաժամանակ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն տեղական տուրք հաշվարկող եւ գանձող է հանդիսանում համայնքը, իսկ տեղական վճար հաշվարկող եւ գանձող՝ համայնքը կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձը:
Նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան նույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) եւ (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ եւ (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ՎԻՎ օրենսգրքի 1703 -րդ հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործերը կարող են վերապահված լինել նաեւ այլ լիազոր մարմինների, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմիններին: Հարկային մարմինը նշված հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործերը քննում է միայն իր կողմից վերահսկվող եկամուտների վճարումները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերում:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել 2442 -րդ հոդվածով նախատեսված հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, մասնավորապես` սահմանել, որ հարկային մարմինը իրավասու է քննելու ՎԻՎ օրենսգրքի 1703 -րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը իր կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում, ինչի նպատակով ՎԻՎ օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:
Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է լրացում կատարել ՎԻՎ օրենսգրքի 2191 -ին հոդվածում` նախատեսելով, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները քննում են 1703 -րդ հոդվածով նախատեսված` տեղական հարկերը եւ վճարները (բացառությամբ տեղական տուրքի) ժամանակին չվճարելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել 2442 -րդ հոդվածով նախատեսված հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, մասնավորապես` սահմանել, որ հարկային մարմինը իրավասու է քննելու ՎԻՎ օրենսգրքի 1703 -րդ հոդվածով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերը իր կողմից վերահսկվող եկամուտների, այսինքն` պետական հարկերի եւ վճարների, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում, ինչի նպատակով ՎԻՎ օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:
6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում