Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-100-26.11.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 5-րդ եւ 6-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, եւ հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ).»:

6) հանրակրթական ծրագիր (հիմնական եւ լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ ուսուցման կազմակերպման ձեւերի ամբողջություն.»

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6.3-րդ կետով.

«6.3) այլընտրանքային կրթական ծրագիր՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան եւ սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տեւողությամբ ներդրված կրթական ծրագիր.

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող կրթական ծրագիր:»:

3. 10-րդ կետից հանել «, ինչպես նաեւ հակասոցիալական վարք դրսեւորող» բառերը:

4. 10.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի եւ լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության եւ այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.»:

5. Ուժը կորցրած ճանաչել 10.7-րդ կետը.

6. 14.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան.»:

1. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14.3-րդ եւ 14.4-րդ կետերով՝

«14.3) մասնագիտական չափորոշիչ՝ ուսուցչի մասնագիտական գիտելիքների, կարողությունների, պատասխանատվության եւ վարքագծի նկարագիր.

14.4) դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք».

2.Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ կետով՝

«16) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական եւ մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական եւ դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը եւ համակարգմանն ուղղված աշխատանքներ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը եւ առարկայացանկերի ձեւավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձեւերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ) եւ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:»:

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալը` ըստ կրթական աստիճանների:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքներն` ըստ կրթական աստիճանների:»:

2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական եւ անհատական (ընտրովի) հետեւյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը եւ դրան հատկացվող ժամաքանակները.

2) դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաեւ կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝

«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում եւ հաստատում է իր ուսումնական պլանը:»:

4. 7-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը:

Հոդված 4. Օրենքի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Ուսումնական հաստատության կառավարումը.

1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետեւ՝ խորհուրդ): Կոլեգիալ կառավարման մարմինը կարող է ձեւավորվել ինչպես առանձին հաստատության, այնպես էլ մի քանի հաստատության համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը, որոնք նշանակվում եւ ազատվում են (նրանց լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

4. Ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի կողմից: Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձեւով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացվում է ուսումնական մասի տնօրենի կողմից:

6. Ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

7. Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձեւավորման կարգը եւ իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի նշանակման գործընթացում: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների եւ այլ խորհուրդներ:

8. Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Հոդված 11. Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը.

1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝

1) հաստատում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները.

2) աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը եւ դրա կատարման արդյունքներով որոշում ընդունում ուսումնական մասի տնօրենին անվստահություն հայտնելու հարցի քննարկման վերաբերյալ.

3) քննարկում եւ հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային եւ տարիֆիկացիոն ցուցակներին.

4) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

5) որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին եւ արտաքին գնահատման արդյունքները.

6) առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմնին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին եւ խնդիրներին համապատասխան.

7) հաստատում է իր աշխատակարգը եւ հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ.

8) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված կամ հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

9) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհրդի անդամների (մանկավարժական եւ ծնողական խորհուրդների դեպքում՝ միայն տվյալ հաստատության մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամների) ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ որոշում է անվստահություն հայտնել ուսումնական մասի տնօրենին եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավորված առաջարկությամբ դիմում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին:

2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`

1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի եւ կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված եւ խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից:

3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`

1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,

2) անդամի՝ լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,

3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,

4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,

5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու,

6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,

7) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,

8) մանկավարժական կամ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամների՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին այլեւս չբավարարելու,

9) նրա մահվան դեպքերում:

Հոդված 12. Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական մասի համակարգողը եւ նրանց իրավասությունները.

1. Պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասի համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Ոսումնական մասի տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը: Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները:

3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել այն անձը, որն ունի մանկավարժի որակավորմամբ բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

4. Հավաստագրումն անցկացվում է հետեւյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն՝ թեստավորման միջոցով.

4) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ 3 տարի ժամկետով:

5. Քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած:

7. Հավաստագրված անձանց ցանկը հրապարակվում է:

8. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

9. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, մասնակցել ուսումնական մասի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին:

10. Ուսումնական մասի տնօրենի թափուր տեղի համար ուսումնական մասի տնօրենի թեկնածուն տվյալ հաստատության խորհրդին ներկայացնում է`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության 3 տարվա զարգացման իր ծրագիրը:

11. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը պաշտոնավարում է մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի երեքամյա ժամկետը լրանալուց:

12. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

13. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության մասին եզրակացություն ստանալու դեպքում ուսումնական մասի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարացվում է 3 տարի ժամկետով, ինչից հետո 1 ամսվա ընթացքում վերջինս խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության` հաջորդ 3 տարվա զարգացման իր ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության մասին ստացած եզրակացությունը հիմք է ուսումնական մասի տնօրենի պաշտոնավարության եւ հավաստագրի գործողության դադարեցման համար:

15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրեն կարող է նշանակվել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու եւ հավաստագիր ստանալու դեպքում:

16. Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական եւ առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործառույթի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման, իր կողմից ներկայացված դպրոցի զարգացման ծրագրի կատարման, ինչպես նաեւ օրենքով հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոն) սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

17. Պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի կողմից սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ հիմքերի առկայությունը հիմք է լիազոր մարմնի կողմից ուսումնական մասի տնօրենի պաշտոնավարությունը դադարեցնելու համար:

18. Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

19. Պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրեն կարող է նշանակվել այն անձը, որն ունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

20. Ուսումնական մասի տնօրենը՝

1) ղեկավարում է մանկավարժական խորհրդի եւ առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները:

2) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը եւ ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

3) պատասխանատու է հաստատությունում ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի եւ սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների պատշաճ մակարդակի եւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող աշխատողներին մեթոդական շարունակական օժանդակության ապահովման համար:

4) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության եւ վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

5) խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.

6) իրականացնում է օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»

21.Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) եւ կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին յոթ տարվա ընթացքում:

22.Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը՝

1) լիազոր մարմնին է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին եւ ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը եւ ներկայացնում պետական լիազորված մարմին.

4) իրականացնում է օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «եւ ավարտվում է օգոստոսի 31-ին» բառերով:

2. 3-րդ մասում «հենքային ուսումնական պլանով» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «տնօրենի» բառից առաջ լրացնել «ուսումնական մասի» բառերը:

2. 1.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվողների երեխաներին.

4) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:»:

3. 10-րդ մասում «տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու» բառերը փոխարինել «տվյալ ուսումնական տարվա ծրագրի բաց թողնված նյութը լրացնելու» բառերով:

Հոդված 7. Օրենքի 17.1-ին հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին կետում «դպրոցական մակարդակ» բառերը փոխարինել «ուսումնական հաստատության մակարդակ» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

3. 5-րդ մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) ուսումնական հաստատություններին տրամադրում է խորհրդատվություն.»:

2) 5-րդ կետում «անցկացնում են» բառից հետո լրացնել «սեմինարներ, ինչպես նաեւ իրենց սպասարկման տարածքում գտնվող հանրակրթական դպրոցների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների եւ մասնագետների» բառերը:

4. 6-րդ մասում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում եւ մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ.»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով`

«3.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների աշխատանքները.»:

3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6) համակարգում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա «Տվյալների բազա» բաժնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը, իրականացնում տվյալների վերլուծություն եւ տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման եւ իրականացման վերաբերյալ.»:

Հոդված 8. Օրենքի 17.2-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը» բառերից հետո լրացնել նոր՝ «կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա» բառերով:

2. 3-րդ մասում «շփման» բառերը փոխարինել «կենսագործունեության» բառով:

Հոդված 9. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայություններ» բառից հետո հանել «իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների» բառերը:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը եւ տարակարգի շնորհումը

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

2. Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով առնվազն երեսուն կրեդիտ հավաքած անձը: Դասընթացը կարող է կազմակերպվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ լիազորված մարմնի հաստատած կրթական ծրագրով (մոդուլով):

3. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Մինչեւ սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ եւ իր միջոցներով վերապատրաստվել եւ դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

4. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի:

5. Ուսուցչի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ուսուցչի վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եւ դասընթացների ցանկի ձեւավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

7. Ուսումնական մասի տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում եւ հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը եւ ներկայացնում կրթության պետական կառավաման լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

9. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան:

10. Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

11. Ատեստավորման հանձնաժողովի` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

12. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, եւ ուսուցչի ազատումը հետաձգվում է մինչեւ հանձնաժողովի կողմից վերջնական որոշում կայացնելը:

13. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

14. Ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

15. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

16. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

17. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում՝ պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

18. Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին: Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է եւ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:

19. Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից: Հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

20. Ուսուցչի որակավորման տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները եւ այլն):

21. Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում:

22. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնին կամ դատական կարգով:

24. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար:

25. Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

26. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

27. Որակավորման տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:

28. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է:

29. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:»

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր՝ 13.1-ին կետով՝

«13.1) ինքնուրույն եւ իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.»:

2. 2-րդ մասի՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները եւ դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձեւավորմանը.»:

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով եւ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոն) սահմանված պահանջները, ուսումնադաստիարակչական գործառույթները.»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր՝ 9.1-ին կետով՝

«9.1) ըստ իրենց իրականացրած գործառույթների (հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրեն, վարչատնտեսական մասի համակարգող, ուսումնական մասի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ)՝ երեք տարին մեկ պարտադիր մասնակցել վերապատրաստումների»:

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր 3.1-ին կետով՝

«3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական եւ միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման եւ հաստատման կարգը.»:

2. 6-րդ կետում «տնօրենի ընտրության (նշանակման)» բառերը փոխարինել «ուսումնական մասի տնօրենի նշանակման» բառով:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 6-րդ կետում «խորհրդի ձեւավորման կարգը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձեւավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ.» բառերը:

2. 6.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.1 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենին եւ վարչատնտեսական մասի համակարգողին` հիմնադրի անունից կնքելով աշխատանքային պայմանագիր` 3 տարի ժամկետով» բառերով:

3. 7-րդ եւ 22-րդ կետերում «տնօրենի» բառից առաջ լրացնել «ուսումնական մասի» բառերը:

4. 26.6 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների եւ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը)»:

5. 26.15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը եւ ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը:»:

6. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26.16-րդ, 26.17-րդ, 26.18-րդ, 26.19-րդ, 26.20-րդ եւ 26.21-րդ կետերով՝

«26.16) սահմանում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչները.

26.17) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման կարգը.

26.18) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական մասի տնօրենների ատեստավորման կարգը.

26.19) սահմանում է ուսումնական հաստատության կողմից դպրոցական եւ անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի եւ խմբակների երաշխավորման կարգը.

26.20) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ նվազագույն չափաքանակը.

26.21) սահմանում է սովորողների տնային ուսուցման կարգը»:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված ուսումնական մասի տնօրենի եւ վարչատնտեսական մասի համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 3 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով վաղաժամկետ դադարեցնում է ուսումնական մասի տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.»:

Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «տնօրենը» բառը փոխարինել «վարչատնտեսական մասի համակարգողը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1. 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

2.Ուժը կորցրած ճանաչել 3.2 մասը:

Հոդված 17. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 4-րդ հոդվածը՝ 2023 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 18. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 26-րդ հոդվածի 10-րդ եւ 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 12-րդ հոդվածի 2-րդ եւ 12-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել 2023 թվականի հունվարի 1-ը:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված եւ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են.

1. ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

2. անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը.

3. նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների եւ օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:

Ըստ այդմ, ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության եւ բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն եւ արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաեւ կիրառել նոր գործիքակազմեր:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը: Մասնավորապես, ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման գործող համակարգերը բավարար չեն՝ համակարգում ստեղծարար եւ նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար:

2019/2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 37500 մարդ, որոնց 90.1%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 9.9%-ը վարչական, ուսումնաօժանդակ եւ այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաեւ ուսուցչական գործունեությամբ: Ուսուցչի պարտադիր ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը կարգին համապատասխան՝ անցնելով պարտադիր վերապատրաստում՝ 3 բաղադրիչով՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ: Նախկինում իրականացրած փաստաթղթային ատեստավորումը թույլ չէր տալիս ամբողջական պատկերացում կազմել ոլորտում ներգրավված մանկավարժների կարողությունների եւ մասնագիտական զարգացման կարիքների վերաբերյալ: Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը: Այս համակարգը գործում է կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ. տարակարգը տրվում է 5 տարի ժամկետով: Համակարգը գործում է հերթականության սկզբունքով՝ որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց եւ չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու եւ աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից կպահանջվի առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից մոտավորապես միայն 2226-ն ունեն առաջին աստիճանի տարակարգ, մոտավորապես 122-ը՝ երկրորդ աստիճանի տարակարգ, եւ 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը: Այսպիսով, նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգին, ապա չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի անցել նախորդող 9 տարվա շրջափուլով: Հաշվի առնելով տարակարգի համար հիմք ծառայող որոշ բնութագրիչների առավելապես ձեւական բնույթը՝ միանշանակ չէ, թե արդյոք դրանք իրականում չափում են ուսուցչի զարգացման այն ուղղությունները, որոնց պետք է ուղղված լինի պետական քաղաքականությունը: Ներդրված համակարգի արդյունքում տրվող հավելավճարները էական ազդեցություն չեն ունենում ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում, այնինչ ուսուցիչների աշխատավարձերի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող երկրներում ուսուցիչների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում կամ նույնիսկ գերազանցում են երկրի միջին աշխատավարձը: Միաժամանակ ուսուցչական գործունեությունը պարզ չի նաեւ դրանում հնարավոր աշխատանքային առաջխաղացման տեսանկյունից:

Տնօրենների հավաստագրման գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ հաճախ ուսուցիչները իբրեւ առաջխաղացման միակ տարբերակ դիտարկում են կրթության կառավարման ոլորտ անցնելը, այնինչ, մանկավարժական գործունեության շրջանակներում առաջխաղացման հեռանկարը կարող է կարեւոր լինել բուն ուսուցչական գործունեության որակի բարձրացման համար, ինչպես նաեւ խթանել ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը:

Տնօրենների հավաստագրման գործընթացը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման եւ վերջիններիս նախնական ընտրության գործիք: Այդուհանդերձ, հավաստագրման գործող կարգը գործառնության տասը տարիների ընթացքում ի հայտ է բերել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, ի հայտ եկած խնդիրներից է այն, որ հավաստագրման գործընթացը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ ունեցած աշխատանքային փորձից: Այդ բացը կարող է լրացնել պարտադիր ատեստավորումը՝ տարբերակված մոտեցում ունենակով մասնակիցների նկատմամբ: Բացի այդ, ատեստավորման արդյունքը կարող է վճռական լինել պայմանագրի շարունակականությունն ապահովելու պարագայում: Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների 27 տոկոսը կառավարում է արդեն 10 տարի եւ ավելի: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է 2018 թվականից սկսած, երբ վիճակագրության համեմատ, հավաստագրման քննությունները չհաղթահարողները սկսել են զգալի տոկոս կազմել: Մասնավորապես, 2018-ին հավաստագրման քննություններին մասնակցել է 199 հոգի, որոնցից 54-ը չի ստացել հավաստագիր: 2019-ին մասնակիցների թիվը եղել է 356 հոգի, որոնց 62 տոկոսը՝ 212 քաղաքացի, ստացել է հավաստագիր: Այդուհանդերձ, բացի վերահսկողական մեխանիզմներից, խիստ կարեւոր է նաեւ համակարգային փոփոխությունը, որը հնարավոր կդարձնի տարբերակված քաղաքականությունները:

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը: ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության եւ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության սահմանած ժամանակացույցին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի իրականացվել է համընդհանուր ներառմանն անցումը տարբեր մարզերում: Ըստ այդմ, մարզում գործող հատուկ դպրոցները վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, այն մարզերում, որտեղ հատուկ դպրոցներ չեն գործել, նշված ծառայությունները պետք է տրամադրվեն իբրեւ պատվիրակված ծառայություն՝ այլ կազմակերպության կողմից: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն են ստանում 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային եւ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Համընդհանուր ներառմանն անցած մարզերի դպրոցներում նախատեսվեցին ուսուցչի օգնականների հաստիքներ: Ներկայումս կուտակված փորձառությունը թույլ է տալիս գնահատել համակարգի խնդիրները եւ առաջարկել մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը: Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների եւ պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման եւ գնահատման, գործընթացի թվայնացման, մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմների ներդրման մասին է:

Դեռեւս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը: Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները եւ սովորողների գնահատման համակարգը: Այսպիսով, հանրակրթության պետական չափորոշչի վերանայումից անցել է շուրջ տասը տարի, այնինչ, հանրակրթության ոլորտում անցկացված ուսումնասիրությունները մատնացույց են անում կրթության բովանդակության, որակի եւ համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը:

Մասնավորապես, խոսքը որակյալ կրթության հասանելիության ու արդիականութան, գյուղական եւ քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության, միջազգային ստուգատեսներով գրանցված ցածր ցուցանիշների եւ արձանագրվող այլ խնդիրների մասին է: Անդրադառնալով կրթության հասանելիությանը՝ պետք է նշել, որ 2015 թ.-ին հանրակրթության տարիքային խմբում գտնվող երեխաների ընդգրկվածության զուտ տոկոսը 91,6 էր: 2017 թվականից 12-ամյա կրթությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում, աշխատանքային տարիքում գտնվող բնակչության համար ուսման միջին տարիների տեւողությունը 12,5 է: Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթությունը, ի համեմատություն աղքատության շեմից ներքեւ գտնվեղ քաղաքացիների, որոնց ընդհամենը 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն: Վերջիններիս շրջանում աշխատունակ տարիքի բնակչության 44 տոկոսն ունի միայն միջնակարգ կրթություն, իսկ 15 տոկոսը `միջին մակարդակի մասնագիտական կրթություն: Գյուղական բնակիչության շրջանում բնակչության միայն 9 տոկոսն է բարձրագույն կրթություն ստանում, համեմատած Հայաստանի մարզային գրանցվող 25 տոկոս, իսկ Երեւանում գրանցվող 31 տոկոս ցուցանիշների հետ:Այս ցուցանիշները ընդգծում են թե մասնագիտական կրթության հասանելիության մեծացման անհրաժեշտությունը, թե, որ ավելի կարեւոր է՝ եւ հետագայում մասնագիտական կրթությունը շարունակելու համարժեք պատրաստվածության կամ միանգամից տասներկուամյա կրթությունից հետո զբաղվածության անցնելու տեսանկյուններից, որակյալ եւ հավասարապես հասանելի հանրակրթության կարեւորությունը: Ուստի, հանրակրթության բովանդակության արդիականացումը եւ դրա կիրառականության բարձրացումը հանրային զարգացման ամենակարեւոր խնդիրներից են:

Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի՝ Հայաստանի աղքատ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը (ընդհանուր 38.690-ից մոտ 4000-ը, համարժեք է 10%-ին) աշխատում է գյուղական դպրոցներում: Գյուղական վայրերում ուսումնառության արդյունքները զիջում են քաղաքային վայրերին: Օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների 12-րդ դասարանիի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է (20-ից), ի համեմատ սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի աշակերտների, որոնց շրջանում միջին գնահատականներն են համապատասխանաբար, 12.1-ը եւ 11,9-ը: 9-րդ դասարանի ավարտին իրականացվող քննությունների միավորները կազմել են 13.3 (խոշոր քաղաքներ), 12.3-ը (սահմանամերձ տարածքներ) եւ 12.5-ը (հեռավոր գյուղեր): TIMMS միջազգային ստուգատեսի գնահատման արդյունքները հաստատում են քաղաքային եւ գյուղական բնակավայրերում կրթության մակարդակի տարբերության արդեն իսկ նկարագրված իրավիճակը: Ստուգատեսի արդյունքները հատկապես ցույց են տալիս քաղաքաբնակ եւ գյուղաբնակ 4-րդ եւ 8-րդ դասարանների աշակերտների շրջանում մաթեմատիկայից եւ բնագիտական առարկաներից գրանցված արդյունքներում մեծ տարբերություն ի օգուտ քաղաքաբնակ աշակերտների: Ավելին, ուսումնասիրելով TIMSS-ի արդյունքները, ակնհայտ է դառնում, որ 2015 թվին մաթեմատիկայից գրանցված արդյունքները եղել են ավելի ցածր քան 2003-ին, իսկ բնագիտական առարկաներից մնացել են նույնը:

2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր չափորոշիչը: Առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել վերոնշյալ խնդիրներին եւ ստեղծել համապատասխան հիմքեր՝ ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ): Կարողունակությունների ձեւավորմանը միտված են հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրերը, տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների, եւ սովորողների գնահատման համակարգի սկզբունքները: Նոր չափորոշիչը հնարավորություն կստեղծի գիտության եւ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալու հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքելու փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը:

Նոր չափորոշիչներով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարեւորելով ուսուցանող (ձեւավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարեւոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժեւորելու տեսակետից: Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը. կվերանա երկտարեցիության երեւույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը եւ սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը:

Միեւնույն ժամանակ նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները եւ չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետեւյալ հիմնական ոլորտներին.

- Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման եւ մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,

- Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն եւ արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,

- Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն եւ արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,

- Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը:

Ըստ այդմ, առաջարկվող փոփոխություններն ու լրացումները վերոնշյալ ոլորտներում հետեւյալն են.

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման եւ մասնագիտական զարգացման ասպարեզում առավել արդյունավետ գործելու համար առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին: Ըստ այդմ, օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական գործունեության, մասնագիտական պատասխանատվության եւ վարքագծի նկարագիր: Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական չափորոշչի հասկացությանը: Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվել է մասնագիտական չափորոշիչների հաստատման լիազորությունը: Վերանայվել են նաեւ տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, ինչպես տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված է որոշակի հերթականություն եւ ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին՝ դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով, ինչպես նաեւ հնարավոր չի դարձնում առավել վաղ ժամկետում, համապատասխանելու դեպքում, դիմելու հաջորդ աստիճանի տարակարգի համար: Հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը թույլ չի տալիս տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող եւ խթանող դեր խաղալ: Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաեւ այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանվելը: Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար:

Սահմանվել է դրույթ հիմնադրի միջոցների հաշվին ոչ պետական ուսումնական հատատության ուսուցչին տարակարգ շնորհելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ստացած բազմաթիվ դիմում-առաջարկները:

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաեւ ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները: Օրենքում փոփոխություններն արվել են նաեւ այն տրամաբանությամբ, որ օրենքը չծանրաբեռնվի անհարկի մանրամասն ընթացակարգերով, որոնք նպատակահարմար է պարզաբանել ենթաօրենսդրական ակտերի տիրույթում:

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն եւ արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման եւ ատեստավորման գործընթացում առաջարկվող փոփոխությունները, էթիկայի վարքականոնի՝ իբրեւ մեխանիզմի գործառնության հստակեցումները: Մասնավորապես, տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ: Միաժամանակ, հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի թեստավորման հարցաշարը իրավիճակային եւ կառավարչական հմտությունները ստուգող հարցերով լրացնելով: Այս կարգավորման հիմնական նպատակը պակաս վարչարարության կիրառումն է, ինչպես նաեւ ժամանակի եւ ռեսուրսների խնայումը շուրջ 1,5-2 ամիս տեւող գործընթացում:

Համակողմանի քննարկումների արդյունքում տնօրենի թափուր պաշտոնը համալրելու առավել արդյունավետ եւ ընդունելի տարբերակ ընդունվեց վերջինիս նշանակումը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածու(ներ)ից:

Այս կարգավորման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի համար սահմանվել է լիազորող նորմ, հստակեցվել են մի շարք դրույթներ:

Այս մոտեցումը թույլ կտա լուծելու կարեւորագույն մի խնդիր, որը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում՝ այն է՝ դպրոցի խորհրդի ոչ արհեստավարժ անդամների կողմից կարեւորագույն պաշտոնի հավակնող թեկնածուի ընտրության հարցը, որը շատ հաճախ իրականացվում էր լրջագույն խախտումներով եւ հասարակական հնչեղություն ստանում: Այնուամենայնիվ, դպրոցի աշակերտական, ուսուցչական եւ ծնողական խորհուրդները շարունակելու են իրենց գործուն մասնակցությունն ունենալ թեկնածուների ընտրության հարցում, որոնցից մեկը պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից կնշանակվի ուսումնական հաստատության տնօրեն:

Նախագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական եւ վարչատնտեսական: Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի եւ հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ եւ բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը: Ֆինանսատնտեսական, վարչական եւ տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում եւ հնարավորություն չի տալիս լիարժեք ձեւով կազմակերպել, գնահատել եւ վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքը իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ: Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի եւ հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները եւ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը եւ վերահսկողությունը: Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, եւ ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է մնացած ժամանակահատվածում: Մյուս կողմից տնօրենը կրկնում է նշված աշխատակիցների աշխատանքը:

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական եւ ֆինանսական մասով: Նա ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում միայն: Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական եւ ֆինանսական հարցերով: Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ եւ իրականացմամբ: Վարչատնտեսական մասի համակարգողի հետ համագործակցում է պլանավորման եւ դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիայի կազմման ժամանակ:

Դպրոցի կառավարման նման մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրաթական հաստատություններում, որտեղ Ուսումնական մսաի տնօրենը Head Teacher-ն է, head instructor-ը, bureaucrat-ը, headmaster-ը, principal կամ school director-ը, իսկ վարչատնտեսական մասի համակարգողն է Bursar-ը, կամ School Receptionist-ը: Անկախ պաշտոնի անվանումից՝ վարչական եւ ուսումնական մասի ղեկավարները չեն կրկնում մեկը մյուսի աշխատանքը, բայց համագործակցում են տարվա աշխատանքները պլանավորելիս:

Միեւնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատութան ուուսումնադաստիարակչական եւ վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների. ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի կառավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի համակարգողը:

Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձեւով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ատեստավորումը եւ վերապատրաստումը կլրացնեն տնօրենների մասնագիտական հմտությունների եւ ըստ գործառույթների՝ մեթոդական աջակցություն ստանալու անհրաժեշտ բացը: Ինչպես նաեւ թույլ կտան կիրառելու տարբերակված մոտեցում՝ ըստ կարիքի, ունեցած փորձառության՝ մասնագիտական առաջխաղացման հնարավորություն ընձեռնելով:

Միաժամանակ առաջարկվում է համապատասխանություն մտցնել ատեստավորման եւ զարգացման ծրագիր կազմման, ինչպես նաեւ հավաստագրման համար սահմանվող ժամկետների միջեւ: Այսպիսով, ըստ առաջարկվող կարգավորման՝ մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած եւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակված պետական ուսումնական հաստատության տնօրենի հետ սահմանված կարգով պայմանաագիր է կնքվում 3 տարի ժամկետով: Զարգացման ծրագրի կատարողական արդյունքի հիման վրա տնօրենը կատեստավորվի, եւ վերջինիս հետ պայմանագիր կկնքվի եւս 3 տարով, եւ այսպես՝ շարունակ, մինչեւ սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը: Պաշտոնավարման ընթացքում անընդմեջ պետական ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձը, ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու եւ նորից հավաստագիր ստանալու դեպքում: Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով: Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած; Հավաստագիր ստանալ ցանկացող անձը ազատ կլինի ընտրելու՝ վերապատրաստվել, թե ինքնուրույն պատրաստվել քննությանը: Քանի որ վերապատրաստումներն իրականացվում են հավաստագիր ստանալ ցանկացող անձի հաշվին, նշված հնարավորությունը նաեւ առավել մատչելի կդարձնի հավաստագրի ստացման գործընթացին մասնակցությունը հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների համար:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվել է նաեւ ուսումնադաստիարակչական գործառույթ հասկացությունը, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում գործածվող հասկացություն (Հոդված 122, կետ 2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.), սահմանված չէ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ եւ առաջ է բերում նշված դրույթի կիրարկման անհստակություն:

Հստակեցվել է նաեւ Հանրակրթության մասին օրենքի՝ 2020 թվականի մարտի 6-ի փոփոխություններով ամրագրված էթիկայի վարքականոնի՝ որպես մեխանիզմի կիրառությանը: Մասնավորապես, վերոնշյալ փոփոխությամբ ամրագրվել էր, որ կրթության կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է՝ սահմանել վերոնշյալ վարքականոնը, սակայն այն չէր արտացոլվել ուսումնական գործընթացի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների հատվածում՝ թույլ չտալով բացահայտել էթիկայի վարքականոնի՝ որպես համակարգում ներդրվող գործիքի նշանակությունը: Վարքականոնը կնախատեսվի կոլեգիալ կառավարման խորհրդի անդամների եւ մանկավարժական աշխատողների համար, քանի որ սովորողների եւ նրանց ծնողների համար սահմանված բարեվարքության կանոնների ներդրման մասին քննարկումները հիմնականում ոչ դրական արձագանք են ստանում:

Կարեւոր փոփոխություն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության օգտագործման եւ հաստատության ռազմավարական զարգացման նպատակով զարգացման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների եւ պարբերականության ամրագրումը եւ կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին: Սա թույլ կտա թե՛ բարձրացնելու խորհրդի դերակատարությունը ուսումնական հաստատության գործունեության ընթացքում, թե՛ ամրագրելու զարգացման ծրագրի կարեւորությունը, որը ներկայումս հաճախ կրում է զուտ ձեւական պահանջի բնույթ, ինչպես նաեւ հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի նշանակման գործառույթում՝ իբրեւ վերահսկող մարմնի:

Սահմանվել է կառավարության լիազորող նորմ՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների փորձաքննության իրականացման եւ հաստատման համար, ինչպես նաեւ հստակեցվել են այլընտրանքային կրթական ծրագրի տարբերակման ու չափորոշչահեն կրթություն իրականացնելը կարեւորող դրույթները:

Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն եւ արդյունավետ մեխանիզմների հստակեցմանն են ուղղված հետեւյալ փոփոխությունները՝

Ըստ էության՝ առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի եւ հուզակամային ոլորտի խանգարումները ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջացման գործոնների ցանկում, որոնք սահմանվել են օրենքի 3-րդ հոդվածում՝ օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ: Թվարկված խմբերի երեխաներին, կարիքով պայմանավորված, կցուցաբերվի մանկավարժահոգեբանական աջակցություն: Առաջարկվում է նաեւ հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ դժվարություններ ունենալ կարող են նաեւ օժտված, բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ եւ չքավոր, հակամարտությունների հետեւանքով որբացած երեխաները, լեզվական եւ ազգային փոքրամասնությունները, եւ 3 տարով ծրագրի կազմման մեխանիզմը թույլ կտա ավելի իրատեսական պլանավորում իրականացնել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման անհրաժեշտության դեպքում դպրոցի համար խնդիրներ են առաջանում՝ երեխայի ծնողի կողմից աջակցություն ստանալուց հրաժարվելու պատճառով, ուստի խնդիրը կարելի է կարգավորել, եթե ծնողի դիմումին կցված ստորագրած համաձայնագրին համարժեք հաշվի առնվի նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի դիմումը:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10.2 կետում առաջարկվող լրացումը պայմանավորված է այն փաստով, որ երեխայի համար կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանման համար կարեւոր է հասկանալ եւ վերհանել այն գործոնները, որոնք խոչընդոտում են ուսումնական ծրագրի լիարժեք յուրացմանը: Առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ եւ լրացումներ պայմանավորված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եւ սովորողների հաշվառման, նրանց հետ աշխատանքի գործընթացի ավտոմատացմամբ: Ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններից են նաեւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող գործառույթները հստակեցնող դրույթները: Կատարվել են նաեւ խմբագրական փոփոխություններ կիրառվող եզրույթների մասով, օրինակ՝ օրենքի 17.2 հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ «շփման այլ միջավայրեր» արտահայտությունը սխալ ձեւակերպում է, ավելի ճիշտ է օգտագործել «կենսագործունեության այլ միջավայրեր» արտահայտությունը:

Իրականացվող փոփոխություններն ուղղված են նաեւ ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու եւ բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետեւողական կիրառմանը: Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

Ուստի առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել օրենքի 17.1 հոդվածի 3-րդ մասը: Հարցը կարգավորվում է օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով:

Առաջարկվել է նաեւ հրաժարվել «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը օրենքի 35-րդ հոդվածի 3.1 կետը առաջարկվել է խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով:

Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանն ուղղված փոփոխությունները վերաբերում են հանրակրթության պետական չափորոշչի, ինչպես նաեւ հանրակրթության բովանդակությանն առնչվող մի շարք բաղադրիչների լրամշակված սահմանումներին, որոնք թույլ են տալիս առավել լիարժեք արտացոլել 2019 թվականից մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփոխումների էությունը եւ ներդաշնակեցնել օրենքի սահմանումները առաջարկվող ռազմավարական մոտեցումներին:

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու եւ զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները:

Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի եւ տեսանելի, ինչպես նաեւ փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով: Մասնագիտական չափորոշչիի սահմանումը հնարավորություն կընձեռի նաեւ հստակեցնելու ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունները՝ հրաժարվելով միատեսակ եւ միաչափ վերապատրաստումներից եւ անցում կատարելով կարիքի վրա հիմնված եւ մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումներին: Մասնագիտական չափորոշիչները կհստակեցնեն նաեւ պահանջները ուսուցիչների պատրաստման գործընթացից՝ նպաստելով մասնագիտական կրթության ծրագրերի վերափոխմանը:

Սովորողների միավորային գնահատումը 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից իրականացնելը էապես կկարեւորի ուսուցանող (ձեւավորող) գնահատումը իսկ տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի եւ վարչատնտեսական մասի համակարգողի միջեւ տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ եւ արդյունավետ կառավարում՝ գործառույթների հստակ բաշխմամբ:

Կարեւոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժեւորելու տեսակետից: Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, ինչը կվերացնի երկտարեցիության երեւույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը եւ սոցիալական մեկուսացմանը, խնդրի խորացմանը:

Նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները եւ չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով:

Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի եւ հասանելի կրթության հնարավորություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, ուսումնական ծրագրի յուրացման դժվարությունների պատճառների վերհանումը, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը եւ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացում բացահայտվում է երեխայի մասնակցությունը եւ ակտիվությունը գործունեության բոլոր բնագավառներում, նրա ուժեղ եւ թույլ կողմերը, կրթության կազմակերպման համար անհրաժեշտ խթանող միջավայրը: Այսինքն, գնահատվում է ոչ թե երեխայի «ձայնի եւ խոսքի, տեսողական, լսողական, ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող, շարժողական» ֆունկցիաների խանգարումները, այլ` երեխայի մոտ այս կամ այն կատեգորիայով/ներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Երեխայի համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք կարող է լինել իրեն հասանելի եւ հարմարեցված առարկայական ծրագրերը եւ ուսուցման մեթոդները, ուսուցման անհատական տեխնիկական միջոցները, հարմարեցված միջավայրը, ինչպես նաեւ մանկավարժական, հոգեբանական, սոցիալական եւ այլ անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հստակեցնում են այս քաղաքականությունը:

Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը եւ մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս, որոնց արդյունքում խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում են ոչ համարժեք ընտրություններ:

Հանրակրթության բովանդակության փոփոխությունները կբերեն օրենքի եւ սկիզբ առած փոփոխությունների հիմքում դրված ռազմավարական մոտեցումների ներդաշնակեցման:

Իրավական ակտերիի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն