Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-102-29.11.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «հաշվարկելու եւ վճարելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգում.»:

Հոդված 3. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերը փոխարինել «պետական տուրքի հաշվարկման եւ գանձման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունն՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Պետական տուրքի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները: ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով որպես պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին սահմանվել է հարկային մարմինը:

ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու համալիր հարկային ստուգումներ, ինչպես նաեւ թեմատիկ հարկային ստուգումներ: Համալիր հարկային ստուգումը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգումն է, իսկ թեմատիկ ստուգումը՝ հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին պահանջի (պահանջների) կատարման ստուգումը:

Նույն հոդվածով սպառիչ թվարկված են թեմատիկ ստուգման տեսակները՝ 1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, 2) ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգում, 3) ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում, 4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում:

Դրան զուգահեռ, օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանվում են համալիր հարկային ստուգումների իրականացման հիմքերը: Մասնավորապես՝ հարկ վճարողների մոտ համալիր հարկային ստուգումներ կարող են իրականացվել հիմնականում համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվելու դեպքում: Բացի այդ, օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգման հարցերը ներառում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ճշտության ստուգման հարցերը: Այսինքն՝ համալիր հարկային ստուգման շրջանակներում հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա են բոլոր հարցերը:

Դեռեւս 2019 թվականի հունիսի 25-ին Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-68-Ն) հանվեց արտոնագրային հարկը, որի հաշվարկման համար հիմք էին հանդիսանում օրենսգրքով սահմանված ելակետային տվյալները եւ ուղղիչ գործակիցները, իսկ դրանց ստուգման համար օրենսգիրքը նախատեսել էր ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը, սակայն արտոնագրային հարկի հանման արդյունքում տվյալ ստուգման տեսակը այլեւս չի իրականացվում, քանի որ բացակայում են ստուգման ենթակա օբյեկտները: Նշված փոփոխություններին զուգահեռ՝ առանձին գործունեության տեսակների համար սահմանվեց պետական տուրք («Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներ), որոնց հաշվարկման համար ելակետային տվյալներ չեն կիրառվում, հետեւաբար՝ օրենսգրքով ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի հաշվարկման ճշտությունը պարզելու համար նույնպես կիրառելի չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ պետական տուրքի հաշվարկման նկատմամբ հսկողության միակ գործիքը հանդիսանում է համալիր հարկային ստուգումը, սակայն մի կողմից համալիր հարկային ստուգման հանձնարարագրեր հրապարակելու համար հարկ վճարողները պետք է ընդգրկեն համապատասխան տարեկան ծրագրում, իսկ մյուս կողմից նշված ստուգման տեսակը առավել լայն, աշխատատար եւ ծավալուն գործընթաց է, քանի որ այդ ստուգման ընթացքում ստուգման են ենթարկվում բոլոր հարցերը (օրինակ՝ եկամտային հարկի հաշվարկման ճշտություն, ԱԱՀ-ի հաշվարկման ճշտություն եւ այլն): Այսինքն, կարելի է արձանագրել, որ հարկային մարմնին վերապահված ստուգման գործիքակազմը բավարար ճկունություն չի ապահովում՝ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության նկատմամբ վերահսկողությունը պատշաճ իրականացնելու համար:

«Լիցենզավորման մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների համապատասխանաբար 3-րդ հոդվածների համաձայն՝ լիցենզավորված անձ կամ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ կարող է հանդիսանալ նաեւ ֆիզիկական անձը: «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ՀՀ պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ ենթակետով, 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր, որի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1272-Ն եւ 05.10.2017թ.N 1292-Ն որոշումներով սահմանված հավելվածներով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող կամ լիցենզավորված անձանց տեղեկությունները ֆիզիկական անձանց մասով ներկայացվում է՝ նշելով հանրային ծառայության համարանիշը կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը: Հարկային մարմինը ստացված տեղեկատվության հիման վրա պետական տուրքի պարտավորությունները պետք է հաշվառի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ հարկային մարմնում բացված անձնական հաշվի քարտերում, իսկ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված կամ որպես ինքնուրույն հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձը չունի ՀՎՀՀ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Պետական տուրքի հաշվարկման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը փոխարինել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգմամբ, որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման ճշտության նկատմամբ պատշաճ հսկողություն՝ վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը, միաժամանակ պետական տուրք գանձող մարմիններում նեղացնելով հսկողության շրջանակը, նախատեսելով միայն պետական տուրքի մասով:

ՀՀ հարկային օրենսգրքի 58-րդ գլխի 286-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկ վճարողների հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների միջոցով, իսկ 289-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են նույն մասով սահմանված փաստաթղթերը: Միաժամանակ, 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն առաջանալու դեպքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը՝ անկախ սահմանված փաստաթղթերի ներկայացումից:

Նախագծով առաջարկվում է տարեկան պետական տուրք վճարող ֆիզիկական անձի պետական տուրքի պարտավորությունների հաշվառման նպատակով կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության կարգավորումը՝ ֆիզիկական անձանց հաշվառումն իրականացնելով անկախ 289-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացումից:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ պետական տուրքի հաշվարկման նկատմամբ պատշաճ հսկողության ապահովում, իսկ պետական տուրք գանձող մարմիններում հսկողության շրջանակների հստակեցում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.1.10-րդ միջոցառումից (գործողությունից):


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն