Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-108-02.12.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում եւ ամբողջ տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Սույն օրենքի իմաստով Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է՝

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան),

2) Արդարադատության միջազգային դատարանը,

3) միջազգային արբիտրաժը,

4) հաշտարարությունը,

5) օտարերկրյա դատարանները:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ հոդվածով՝

«Հոդված 1.1. Օրենքում կիրառվող հասկացությունները

1. Սույն Օրենքի իմաստով՝

1) միջազգային արբիտրաժը միջազգային արբիտրաժային կանոնների հիման վրա գործող վեճը լուծող մարմին է, անկախ դրա՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի.

2) օտարերկրյա դատարանը այլ պետության ազգային դատարան է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ կողմ.

3) հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջեւ առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի` հաշտարարի օգնությամբ լուծելուն:»:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «(այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա),» բառերից հետո լրացնել «Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, «Պետությունների եւ այլ պետությունների քաղաքացիների միջեւ ներդրումային վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի կոնվենցիան, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերը» բառերը եւ «սույն օրենքը» բառերից հետո հանել «Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրեր» բառերը.

2) 2-րդ մասում «վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով,» բառերից հետո լրացնել «կիրառելի արբիտրաժային եւ հաշտարարության կանոններով, Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որեւէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են կամ որոնց վարույթը սկսվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը:»:

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի եւ (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրեւ այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որեւէ այլ կարգավիճակով:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «փորձ ունեցող,» բառերից հետո լրացնել «միջազգային իրավունքին,» բառերը եւ «եւ անգլերենին կամ ֆրանսերենին» բառերը փոխարինել «, անգլերենին եւ այլ օտար լեզվի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գրասենյակը՝

1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների եւ որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.

2) օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների եւ որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.

3) օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների եւ որոշումների ճանաչման եւ կատարման, ինչպես նաեւ դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.

4) օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանը.

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:»:

2) 4-րդ մասը հանել:

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաեւ Եվրոպական դատարանից ստացված այլ կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը բարեկամական կարգավորման ձեւով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.

3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ.

4) Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

5) կազմակերպում է Եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի կատարման գործընթացը.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործերով Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան:»:

2) 2-մասից հանել «միայն» բառը:

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը՝ այդ թվում առաջարկելով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.

2)վճռի կատարման փուլում բարեկամական կարգավորման ձեւով խնդրի լուծման նպատակով վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ, 8.2-րդ եւ 8.3-րդ հոդվածներով՝

«Հոդված 8.1. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս

1. Ներկայացուցիչը՝

1) Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում եւ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.

2) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ առարկությունները.

3) կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների եւ որոշումների կատարման գործընթացը, մասնակցում է վճիռների եւ որոշումների կատարմանն ուղղված Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումներին.

4) կազմակերպում եւ իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ.

5) մասնակցում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործերով վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպված գործընթացներին:

Հոդված 8.2 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում եւ օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս

Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարանին հանձնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում ըստ անհրաժեշտության բանակցություններ է վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ եւ այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելով.

3) Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման, դիմումի կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա, անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո, օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

5) Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում է արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա դատարանի քննությանը.

6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում եւ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով.

7) ըստ անհրաժեշտության սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա դատարանների որոշումները (վճիռները).

8) ըստ անհրաժեշտության արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում.

9) կազմակերպում է արբիտրաժային եւ օտարերկրյա դատարանների որոշումների (վճիռների) ճանաչումը եւ կատարումը:

Հոդված 8.3 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս

1. Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ է վարում վեճի կողմի կամ վերջինիս ներկայացուցչի հետ.

2) Հայաստանի Հանրապետության անունից կնքում է հաշտարարության կարգով վեճը լուծելու վերաբերյալ համաձայնագրեր (պայմանագրեր).

3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծման նպատակով ներգրավում է հաշտարարների կամ հաշտարարական ծառայություններ մատուցող գրասենյակների.

4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հաշտարարության ընթացքում.

5) անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կնքում է հաշտության համաձայնություններ եւ կազմակերպում է հաշտության համաձայնությունների կատարումը:»:

Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1) վերնագրում «եվրոպական» բառը փոխարինել «միջազգային» բառով,

2) 1-ին մասի 1-ին կետից հանել «եւ եվրոպական» բառերը,

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ուսումնասիրել ոլորտի միջազգային փաստաթղթերը, նախադեպային իրավունքը, վերաբերելի միջազգային մարմինների զեկույցները, ինչպես նաեւ ոլորտի ներպետական պրակտիկան, եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել ոլորտի բարելավման եւ մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ գործողություններ.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշների ներդրման նպատակով իրականացնել ծրագրեր՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով միջազգային կազմակերպությունների կամ այլ կառույցների հետ:»:

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետում «կարգավիճակով,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի կարգավիճակից.» բառերը,

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների եւ հաշտարարների թեկնածուներին.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ներկայացնել դիրքորոշում Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքվող այն պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոնցով որպես վեճի լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով իրավասու մարմինների հետ.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել իրավական փաստաթղթեր եւ օժանդակել համապատասխան միջազգային կազմակերպություններում դրանց շրջանառմանը:»:

Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, Ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարը եւ Գրասենյակի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել, որպես համապատասխանաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար եւ Գրասենյակի քաղաքացիական ծառայողներ: