Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-058-25.07.2003-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկատվական պաշարների ու տեղեկատվական համակարգերի ձեւավորման եւ օգտագործման, տեղեկատվության պաշտպանության իրավական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորում է տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների հարաբերությունները:
 

Հոդված 2. Տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների հարաբերությունների իրավական կարգավորումը

Հայաստանի Հանրապետության տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ իրավական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Տեղեկատվություն՝ անձերի, փաստերի, առարկաների, իրադարձությունների եւ գործընթացների մասին տեղեկություններ, անկախ դրանց ներկայացման ձեւից:

2. Տեղեկատվայնացում՝ տեղեկատվական պաշարների ձեւավորման եւ օգտագործման հիման վրա հասարակության տեղեկատվական պահանջմունքների բավարարման նպաստավոր պայմանների ստեղծման կազմակերպչական, սոցիալ-տնտեսական ու գիտատեխնիկական գործընթաց:

3. Տեղեկատվական պաշարներ՝ փաստաթղթեր, փաստաթղթերի զանգվածներ, առանձին կամ տեղեկատվական համակարգերի կազմում (գրադարաններում, արխիվներում, տվյալների շտեմարաններում, ֆոնդերում եւ հավաքածուներում):

4. Պետական տեղեկատվական պաշարներ՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող տեղեկատվական պաշարները:

5. Տեղեկատվական համակարգ՝ փաստաթղթերի (փաստաթղթերի զանգվածի), տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դրանց ապահովման միջոցների կարգավորված եւ գործող ամբողջություն:

6. Տեղեկատվական ինքնաշխատ (ավտոմատ) համակարգեր եւ դրանց տեխնոլոգիաներն ապահովող միջոցներ՝ իրավական, լեզվաբանական, ծրագրային, տեխնիկական, կազմակերպչական միջոցներ (էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրեր, հաշվողական տեխնիկայի եւ կապի միջոցներ, բառարաններ, դասակարգիչներ, կանոնակարգեր եւ մեթոդական ձեռնարկներ, կանոնադրություններ, գծապատկերներ եւ նրանց նկարագրեր, շահագործման եւ ուղեկցող այլ փաստաթղթեր), որոնք ստեղծվում կամ օգտագործվում են տեղեկատվական համակարգեր նախագծելիս եւ ապահովում են նրանց շահագործումը:

7. Տեղեկատվական գործընթացներ՝ տեղեկատվության հավաքում, մշակում, կուտակում, պահեստավորում, որոնում եւ տարածում:

8. Տեղեկատվայնացման գործընթացի մասնակից սուբյեկտներ (այսուհետ՝ Տեղեկատվայնացման սուբյեկտներ)՝ Հայաստանի Հանրապետություն, համայնքներ, կազմակերպություններ եւ քաղաքացիներ:

9. Տեղեկատվությունից օգտվող (օգտագործող)՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու եւ օգտագործելու համար տեղեկատվական համակարգին կամ նրա տարրերին դիմող:

10. Փաստաթղթավորված տեղեկատվություն, փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրանցված տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս այն նույնականացնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Խորհրդապահական տեղեկատվություն՝ փաստաթղթավորված տեղեկատվություն, որի հասանելիությունը սահմանափակված է օրենքով:

12. Տեղեկատվություն քաղաքացիների մասին, անհատական (անձնական) տվյալներ՝ տեղեկություններ քաղաքացու կյանքի հանգամանքների, փաստերի, իրադարձությունների մասին, որոնք թույլ են տալիս նույնականացնել նրա անձը:

13. Տեղեկատվական ծառայություններ՝ գործողություններ, որոնք ուղղված են տեղեկատվության ոլորտում օգտագործողների պահանջմունքների բավարարմանը:
 

Հոդված 4. Պետական կառավարումը տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում

1. Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը։

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ա. ստեղծում է անհրաժեշտ պայմաններ տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում պետական քաղաքականության իրականացման համար.

 բ. ապահովում է տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում սեփականության բոլոր ձեւերի զարգացման հավասար պայմաններ.

գ. ապահովում է պետական տեղեկատվական համակարգերի տարրերի համատեղելիությունը.

դ. սահմանում է պետական տեղեկատվական պաշարների եւ տեղեկատվությունից օգտվողների կատեգորիաների ցանկ, օգտագործողների բոլոր կատեգորիաների համար տեղեկատվական պաշարների հասանելիության աստիճանը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

ե. սահմանում է պետական տեղեկատվական պաշարների ձեւավորման եւ շահագործման կազմակերպությունների ցանկ.

զ. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը.
ա. իրականացնում է պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի ձեւավորում եւ պաշտպանություն.

 բ. իրականացնում է տեղեկատվայնացման սուբյեկտներին պետական տեղեկատվական պաշարների վրա հիմնված հավաստի տեղեկատվությամբ ապահովելու համար պայմանների եւ երաշխիքների ստեղծում.

 գ. ապահովում է տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում ազգային անվտանգության, քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ հայերենի օգտագործման տեխնիկական կանոնակարգերի մշակումը եւ կիրառումը.

 դ. սահմանում է տեղեկատվության պաշտպանության միջոցների դասակարգումը եւ դրանց կիրառությունը.

 ե. ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկատվական համակարգերի եւ ցանցերի ստեղծման ու զարգացման, դրանց համատեղելիության եւ համագործակցության համար անհրաժեշտ պայմաններ.

 զ. պայմաններ է ստեղծում տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում գիտատեխնիկական եւ արտադրական ներուժի զարգացման, հիմնարար եւ կիրառական հետազոտությունների լայնածավալ իրականացման, հայրենական տեխնոլոգիաների զարգացման, որակյալ կադրերի պատրաստման եւ տեղեկատվական ընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացման համար.

է. իրականացնում է պետական տեղեկատվության հրապարակայնությունը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

2. Տեղեկատվության եւ տեղեկատվայնացման ոլորտներում վիճակագրական հաշվառումն ու վերլուծությունը կազմակերպվում եւ իրականացվում է օրենքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 2.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ


Հոդված 5. Տեղեկատվական պաշարները, տեղեկատվական համակարգերը եւ նրանց տարրերը որպես սեփականության իրավունքի օբյեկտ

1. Տեղեկատվական պաշարները, տեղեկատվական համակարգերը եւ նրանց տարրերը սեփականության իրավունքով կարող են պատկանել տեղեկատվայնացման սուբյեկտներին: Տեղեկատվական համակարգերի, նրանց տարրերի եւ տեղեկատվական պաշարների սեփականության իրավունքի իրականացման ոլորտում առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

2. Պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի, նրանց տարրերի ստեղծումը եւ շահագործումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Տեղեկատվություն» եւ «Տեղեկատվայնացում» հոդվածներով, տեղական ինքնակառավարման մարմիններինը՝ համայնքների բյուջեների միջոցների հաշվին, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ ձեւերով ստեղծվող պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

4. Պետական տեղեկատվական պաշարները, տեղեկատվական համակարգերը եւ նրանց տարրերը, ինչպես նաեւ դրանց պաշտպանության միջոցները, ենթակա են օրենքով սահմանված կարգով պարտադիր համապատասխանության հավաստման:

5. Տեղեկատվության եւ տեղեկատվայանացման ոլորտներում հեղինակային իրավունքը եւ հարակից իրավունքը պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Տեղեկատվության փաստաթղթավորումը

1. Տեղեկատվայնացման սուբյեկտների կողմից արտադրված եւ արտադրվող տեղեկատվությունը կարող է ընդգրկվել տեղեկատվական պաշարների մեջ միայն փաստաթղթավորված տեսքով: Տեղեկատվության փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տեղեկատվական ինքնաշխատ համակարգից ստացված փաստաթղթավորված տեղեկատվությունը ուժի մեջ է մտնում պաշտոնատար անձի կողմից ստորագրվելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով:

3. Տեղեկատվական ինքնաշխատ եւ հեռահաղորդակցության համակարգերի օգնությամբ պահպանվող, մշակվող եւ փոխանցվող փաստաթղթավորված տեղեկատվությունը ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությունից հետո:

Հոդված 7. Փաստաթղթավորված տեղեկատվության տրամադրում՝ պետական տեղեկատվական պաշարներ կազմավորելու համար

1. Պետական տեղեկատվական պաշարներ պարտադիր ձեւավորելու համար պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկին եւ կարգին համապատասխան, փաստաթղթավորված տեղեկատվություն են ներկայացնում լիազոր մարմիններին:

2. Քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատկանող փաստաթղթերը, բացառությամբ սույն հոդվածի 1 կետով սահմանված դեպքերի, սեփականատիրոջ ցանկությամբ կարող են ընդգրկվել պետական տեղեկատվական պաշարների կազմում՝ լիազոր մարմինների համաձայնությամբ՝ ըստ փաստաթղթերը տեղեկատվական համակարգերի կազմում ընդգրկելու մասին նրանց միջեւ կնքվող պայմանագրերի:

3. Լիազոր մարմիններին փաստաթղթավորված տեղեկատվություն ներկայացնողները չեն կորցնում իրենց իրավունքներն այդ փաստաթղթերի եւ դրանցում պարունակվող տեղեկատվության օգտագործման նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության առանձին տեղեկատվական պաշարներ կարող են հայտարարվել որպես «մշակութային արժեք»: Տեղեկատվական պաշարները որպես «մշակութային արժեք» հայտարարման կարգը, այդ տեղեկատվությանը հասանելիությունը եւ օգտագործումը, նրանց արտահանումը եւ ներմուծումը կարգավորվում են օրենքով:

Հոդված 8. Տեղեկատվական պաշարների հասանելիությունը

1. Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական պաշարները բաց եւ հասանելի են բոլորի համար` բացառությամբ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվությունից եւ օրենքով գաղտնի համարվող այլ տեղեկատվությունից:

2. Արգելվում է սահմանափակել հասանելիությունը ՝

ա) մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին, պարտականություններին վերաբերող իրավական ակտերին եւ փաստաթղթերին, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների իրավական կարգավիճակը սահմանող իրավական ակտերին ու փաստաթղթերին.

բ) երկարաժամկետ սեյսմիկ վտանգի եւ ռիսկի վերաբերյալ, արտակարգ իրավիճակների մասին, բնապահպանական, օդերեւութաբանական, ժողովրդագրական, սանիտարա-համաճարակային, բույսերի կարանտինի, գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների եւ այլ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերին, որոնք անհրաժեշտ են բնակավայրերի ու արտադրական օբյեկտների անվտանգ գործունեությունը, անձանց եւ բնակչության անվտանգությունը ապահովելու համար.

գ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, բյուջետային եւ պետական այլ միջոցների օգտագործման, տնտեսության վիճակի եւ բնակչության պահանջմունքների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերին, բացի պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասված տեղեկատվությունից եւ օրենքով գաղտնի համարվող այլ տեղեկատվությունից.

դ) գրադարանային բաց եւ արխիվային հավաքածուներում (ֆոնդերում) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տեղեկատվական համակարգերում կուտակվող փաստաթղթերին, որոնք ներկայացնում են հասարակական հետաքրքրություն կամ անհրաժեշտ են քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ պարտականություններն իրականացնելու համար:

Հոդված 9. Տեղեկատվություն քաղաքացիների մասին, անհատական տվյալներ

1. Տեղեկատվայնացման սուբյեկտների կողմից ստեղծվող տեղեկատվական պաշարներում կարող են ընդգրկվել տեղեկություններ քաղաքացիների մասին: Անհատական տվյալները, հանդիսանալով խորհրդապահական տեղեկություններ, պետք է թույլատրված լինեն հավաքման եւ ընդգրկման տեղեկատվական պաշարների մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Արգելվում է հավաքել, պահել, օգտագործել եւ տարածել տեղեկատվություն անձնական, ընտանեկան կյանքի, նամակագրական, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրային եւ ցանկացած այլ տեղեկատվական փոխանակման գաղտնիությունը խախտող տեղեկատվություն, առանց տվյալ անձի համաձայնության, բացի այն դեպքերից, երբ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը:

3. Արգելվում է անհատական տվյալների օգտագործումը քաղաքացիներին վնաս հասցնելու եւ հետապնդելու, ինչպես նաեւ նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով:

4. Անհատական տվյալների հավաքման, մշակման եւ օգտվողներին ներկայացման իրավունքները կազմակերպություններին եւ քաղաքացիներին տրվում են լիազորված մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3.

 ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Տեղեկատվական պաշարների հասանելիության իրավունքի իրականացումը

1. Տեղեկատվական պաշարներից օգտվող տեղեկատվայնացման սուբյեկտները պետական տեղեկատվական պաշարների նկատմամբ ունեն հասանելիության հավասար իրավունք եւ պարտավոր չեն այդ տեղեկատվական պաշարների տնօրինողի առջեւ հիմնավորել տեղեկատվության ստացման անհրաժեշտությունը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Օգտվողների կողմից տեղեկատվության ստացման կարգը (տեղի, ժամի, պատասխանատու անձանց եւ անհրաժեշտ գործողությունների նշումը) սահմանում է տեղեկատվական պաշարների սեփականատերը կամ տնօրինողը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

3. Փաստաթղթավորված խորհրդապահական տեղեկատվության պաշտպանության եւ հասանելիության կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 11. Տեղեկատվության հատկացման երաշխիքները

1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները ստեղծում են տեղեկատվությունից օգտվողների համար հասանելի իրենց եւ իրենց ենթակա մարմինների գործունեության վերաբերյալ տեղեկատվական պաշարներ (շտեմարաններ), ինչպես նաեւ իրենց իրավասության սահմաններում ապահովում են օգտվողներին տեղեկատվությամբ՝ քաղաքացիների իրավունքների, ազատությունների, պարտականությունների, նրանց անվտանգության եւ հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում թվարկված տեղեկատվական պաշարներին հասանելիության մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

3. Պետական տեղեկատվական պաշարներից օգտվողին անվճար տրամադրվող կամ մասնակիորեն փոխհատուցվող ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 12. Քաղաքացիներին եւ կազմակերպություններին իրենց մասին տեղեկատվության հասանելիությունը

1. Քաղաքացիներն ու կազմակերպություններն ունեն իրենց մասին փաստաթղթավորված տեղեկատվությանը հասանելիության իրավունք: Տեղեկատվության հասանելիության իրավունքի սահմանափակումը կարող է կատարվել օրենքով սահմանված դեպքերում:

2. Տեղեկատվական պաշարները համալրելու համար իրենց մասին տեղեկատվություն ներկայացնողներն իրավունք ունեն անվճար օգտվելու այդ տեղեկատվությունից:

Հոդված 13. Տեղեկատվական պաշարները, տեղեկատվական համակարգերը եւ նրանց տարրերը տնօրինողի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի տնօրինողը պարտավոր է պահպանել սույն օրենքով սահմանված տեղեկատվության կուտակման, մշակման, օգտագործման, հաշվառման եւ տրամադրման կանոնները:

2. Քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու եւ տնօրինելու լիազորությամբ օժտված անձանց կողմից անհատական տվյալների ստացման, մշակման, պաշտպանության, օգտագործման եւ օգտվողներին ներկայացման սահմանված կարգի խախտումը, ինչպես նաեւ նշված լիազորություններով չօժտված անձանց կողմից անհատական տվյալների անօրինական հավաքումը, մշակումը, օգտագործումը եւ օգտվողներին ներկայացումը առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Քաղաքացիների եւ կազմակերպությունների մասին փաստաթղթավորված տեղեկատվության տնօրինողը տեղեկատվությունից օգտվողի պահանջի դեպքում պարտավոր է անձին վերաբերվող տեղեկատվությունը տրամադրել անվճար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Տնօրինողի կողմից կազմակերպությանը կամ քաղաքացուն սահմանադրական իր իրավունքների եւ ազատությունների շրջանակներում տեղեկատվության տրամադրման մերժումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Տեղեկատվության պաշտպանությունը

1. Տեղեկատվության պաշտպանությունը ներառում է՝

ա) տեղեկատվության հոսակորուստի, հափշտակման, կորուստի, աղավաղման եւ կեղծիքի կանխումը,

բ) անձի, հասարակության, պետության անվտանգության նկատմամբ սպառնալիքի կանխումը,

գ) տեղեկատվության ոչնչացմանը, ձեւափոխմանը, աղավաղմանը, պատճենահանմանը, շրջափակմանն ուղղված չթույլատրված գործողությունների կանխումը, տեղեկատվական պաշարներ եւ տեղեկատվական համակարգեր ապօրինի միջամտության այլ ձեւերի կանխումը, փաստաթղթավորված տեղեկատվության պաշտպանության ապահովումը,

դ) քաղաքացիների իրավունքների եւ տեղեկատվական համակարգերում գտնվող խորհրդապահական անհատական տվյալների պաշտպանությունը,

ե) տեղեկատվայնացման սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը տեղեկատվայնացման գործընթացներում, ինչպես նաեւ տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ դրանց տարրերի մշակման, արտադրության, օգտագործման եւ տեղեկատվական գործունեության ծավալման բնագավառներում:

2. Ցանկացած փաստաթղթավորված տեղեկատվություն, որի անօրինական օգտագործումը կարող է վնաս հասցնել դրա սեփականատիրոջը, տնօրինողին, օգտագործողին կամ այլ անձի, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պետական տեղեկատվական պաշարները, տեղեկատվական համակարգերը եւ դրանց տարրերը ենթակա են պարտադիր պաշտպանության:

4. Պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ դրանց տարրերի պաշտպանության միջոցների արտադրության իրավունքը կազմակերպություններին եւ քաղաքացիներին տրվում են լիազոր մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

5. Պետական սեփականություն հանդիսացող սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն մշակող կազմակերպությունները կարող են ստեղծել տեղեկատվության պաշտպանությունն ապահովող հատուկ ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 15. Տեղեկատվայնացման սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները տեղեկատվության պաշտպանության ոլորտում

1. Պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձինք ապահովում են տեղեկատվությունը օգտագործողների համար հասանելիության անհրաժեշտ պայմաններ:

2. Պետական տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի տնօրինողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր տնօրինման տակ գտնվող տեղեկատվության պաշտպանությունը:

3. Տեղեկատվական պաշարների, տեղեկատվական համակարգերի եւ նրանց տարրերի համապատասխանության հավաստման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

4. Վնասակար ծրագրերի եւ տեխնիկական միջոցների ստեղծումը, ինչպես նաեւ տեղեկատվական պաշարներ, տեղեկատվական համակարգեր անօրինական ներթափանցումը, դրանց աշխատանքի խափանումը, տեղեկատվության ոչնչացումը, շրջափակումը, ձեւափոխումը, փակ տեղեկատվության պատճենահանումը առաջացնում են պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Օգտվողներին բաց տեղեկատվության հասանելիության սահմանափակումը կամ հաստատապես հայտնի ոչ ճիշտ տեղեկատվության տրամադրումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Նման դեպքում օգտվողները ունեն կրած վնասների փոխհատուցման իրավունք:

ԳԼՈՒԽ 5.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: