Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1153-10.12.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերությունը լրացնել նոր «ե» եւ «զ» կետերով.

«ե) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կայացման եւ համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով որոշման կատարման ապահովման նկատմամբ.

զ) կայացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին վարչական ակտ, եթե համայնքի ղեկավարը տեսչական մարմնի կողմից կայացված՝ խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտում նշված ժամկետում չի կայացրել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կամ իր լիազորությունների շրջանակներում չի ապահովել ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը: Սույն կետով սահմանված դեպքում ինքնակամ կառույցն իրականացրած անձի անհայտ լինելու դեպքում որպես վարչական ակտի հասցեատեր հանդես է գալիս համապատասխան համայնքը:».

2) 4-րդ պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն.

«Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտը սույն պարբերությամբ նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ ներկայացվում է հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով նախատեսված՝ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման կանոններով, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են սույն մասով սահմանված վարչական ակտը կատարման ներկայացնելու նկատմամբ: Սույն պարբերությամբ սահմանված վարչական ակտը կատարման է ներկայացվում ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում՝ նշելով նաեւ քանդման (ապամոնտաժման) ենթակա ինքնակամ կառույցի գտնվելու վայրի հասցեն եւ վարչական ակտը ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը:».

3) 4-րդ պարբերության «բ» կետը «բնագավառում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ պարբերության ե) եւ զ) կետերով նախատեսված դեպքերի» բառերով.

4) լրացնել նոր 6-րդ պարբերություն.

«Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիացող հողամասում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմինները պարտավոր են այդ մասին Կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին եւ տեսչական մարմնին:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: