Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-165-14.02.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ կետով.

«55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը եւ տարածքային դիրքը գնահատված են ուղղակի եւ անուղղակի տվյալների, ինչպես նաեւ ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4 մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.4 Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների եւ կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով՝ սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները.»:

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը.»:

Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ հողամասի հատկացում» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների սահմանումը.»,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.

«27) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների սահմանումը.»:

Հոդված 6. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, արգելվում է:

2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դիմումը պետք է ներառի՝

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) նշում՝ փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.

3) փոխանցման արդյունքում ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ «ձեռք բերող իրավաբանական անձ») պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.

4) ձեռք բերող իրավաբանական անձի հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման վերաբերյալ.

5) ձեռք բերող իրավաբանական անձի՝ հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ ձեռք բերող իրավաբանական անձի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

7) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

8) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական առաջարկները եւ երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ.

9) ձեռք բերող իրավաբանական անձի՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.

10) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում՝ նաեւ բնապահպանական միջոցառումների մասին.

11) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:» :

Հոդված 8. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1. մասով.

«4.1. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության եւ այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «պաշարների» բառից հետո լրացնել «գնահատման կամ» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետում «օբյեկտ է» բառերից հետո լրացնել «,բացառությամբ, եթե տվյալ օբյեկտի ընդերքօգտագործման իրավունքի կրողը դիմումատուն է եւ տվյալ հանքավայրի պաշարներն արդեն հաստատվել են իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում.»:

Հոդված 13. Օրենսգրքի 55-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդված՝

«Հոդված 55.1. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով

«1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում, այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների ծագման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չէ:

4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են՝

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով նախագիծը.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված:

6. Դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է որոշում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում միաժամանակ փոփոխվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ժամկետով:

9. Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում:»:

Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետից հանել «եռամսյակային եւ» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում «նախնական գնահատված եւ կանխատեսումային պաշարները,» բառերը փոխարինել «նախնական գնահատված պաշարները եւ կանխատեսումային ռեսուրսները,» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլ անհաղթահարելի ուժի» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:

Հոդված 17. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգին առնչվող իրավակարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցման համար ներկայացված դիմումների վրա:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները (բացառությամբ՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման) տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում: Սույն մասում նշված դեպքերում ընդերքօգտագործողները Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասը տարածվում է Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասի վրա:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.

1) Կառավարությունը հաստատում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերը եւ լրացման ուղեցույցները.

2) ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է.

ա. օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները,

բ. պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները:

5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: