Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-233-11.04.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2 մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.5-րդ կետով.

«14.5) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցների՝

ա. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման»,

բ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման»,

գ. «Հանքի փակման ծրագրի կազմման»,

դ. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,

ե. «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման»,

զ. «Օգտակար հանծոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման» հաստատումը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածում սահմանված ուղեցույցները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը

Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված բոլոր արձանագրային որոշումները մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ճանաչվում են անվավեր:

Համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝  Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր եւ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Ընդերքի օգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտում օգտագործվող/կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N 37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» N 29-8 արձանագրային որոշումը՝ համաձայն վերը նշված կարագավորումների, ուժը կորցրած կճանաչվի, եթե չվերաձեւակերպվի Կառավարության որոշման կամ ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության հրամանի ձեւաչափով, ինչի համար Կառավարությունը կամ ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմինն օրենքով լիազորված չէ:

Նախագծի մշակումը պայմանավորված է վերոնշյալ պահանջների կատարման ապահովմամբ: Նախատեսվում է կատարել լրացում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում՝ ստեղծել իրավական հիմքեր լիազորելու ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմնին հաստատել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով շրջակա միջավայրի նախարարությանը վերապահել լիազորություն հաստատելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները՝ դրանք կիրառելու հետեւյալ գործընթացներում.

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման,

- հանքի փակման ծրագրի կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,

- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,

 - օգտակար հանծոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության եւ արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ոլորտում կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N 37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» N 29-8 արձանագրային որոշումը՝  շրջակա միջավայրի նախարարության հրամանի ձեւաչափով վերաձեւակերպելու եւ օգտագործելու համար:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նշված ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն