Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-245-27.04.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝. «Աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում խտրականություն է համարվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը:»:

Հոդված 2.

Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին նախադասությունում «կարգի որոշումը» բառերը փոխարինել «ճանաչելը» բառով:

2) 2-րդ նախադասությունից  հանել «եւ հաշմանդամության կարգը որոշվելու»  բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:»

Հոդված 3.

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:

Հոդված 4.

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությում «Հաշմանդամները» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 5.

Օրենսգրքի 164-րդ հոդվածի 8-րդ մասում «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին» բառերով, իսկ «հիվանդությամբ տառապող» բառերը՝ «հիվանդություն ունեցող» բառերով:

Հոդված 6.

Օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառով:

Հոդված 7.

Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը) երաշխավորվում է օրենքներով:»:

Հոդված 8.

Օրենսգրքի 259 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 259. Աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց  անվտանգության եւ առողջության երաշխիքները

1. Աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգությունը եւ առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքներով:»

Հոդված 9.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավուքնների պաշտպանության իրավական հիմքերի հստակեցման, ներպետական օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությամբ եւ բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ միջազգային պայմանագրերով ստանձնած երկրի պարտավորություններից:

Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը, այդ թվում հաշմանդամության հիմքով, մյուս կողմից օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Նույն հոդվածը սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն օրենսգրքի 15-րդ գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

2021 թվականի հունիսի 4-ին ուժի մեջ է մտել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը (հոդված 20): Ըստ այդ կարգավորման աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ երկխոսության միջոցով: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 14-րդ մասը սահմանում է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաեւ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը:

Համաձայն վերը նշվածի, գործող կարգավորումները հակասում են միմյանց, ինչը Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների եւ լրացման անհրաժեշտություն է առաջացրել: Բացի վերը նշվածից նաեւ Օրենսգրքի բառապաշարի վերանայման անհրաժեշտություն կա, ինչը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին» ՀՀ օրենքից եւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, մասնավորապես ՝

3.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կվերանան հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանն առնչվող հակասությունները ՀՀ աշխատանքային օրենսգրքի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի միջեւ, կստեղծվեն նոր իրավական երաշխիքներ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման եւ հավասար հնարավորությունների ստեղծման համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝                Զարուհի Բաթոյան