Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-283-03.06.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է եւ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ իրեն վերապահված  գործառույթների շրջանակում» բառերով.

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն.

17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար.

18) փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը.

19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաեւ այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ՝ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:»:

Հոդված 3. «Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բավանդակությամբ  «զ» եւ «է» ենթակետերով՝

«զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք եւ սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը,

է. աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը,»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 5.1 կետով՝

«5.1)  հաստատում է կազմակերպությունների հետ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը եւ պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով եւ հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների տրամադրման նվազագույն պահանջները.»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «զարգացմանը» բառից հետո լրացնել «եւ այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերը.

Հոդված 6.   Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 3.1. մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անկախ կյանքի կենտրոնների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ.» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

2. Առկա իրավիճակը եւ խնդիրները

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը: Համաձայն օրենքի պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Օրենքով սահմանվել են սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու, ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման մատչելիությունն ապահովելու վերաբերյալ:

Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը: Համաձայն օրենքի վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը. 2023 թվականի փետրվարի 1-ից  հաշմանդամության գնահատման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել անձի առողջական խնդիրների, նրա կարողությունների եւ միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում եւ որոշել յուրաքանչյուր անձի համար անհատական  ծառայություններ: Նոր մոդելի ներդրման նպատակով ներկայումս մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետեւյալ իրավական ակտերի համար՝

1. «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք եւ սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում, որի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հունվարի 1-ը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-L որոշման Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բաժնի  10.3-րդ կետով սահմանված ժամկետը:

2.  «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը եւ  դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրաման:

3. «Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրաման:

Միաժամանակ, հստակեցվել է «անձնական օգնական» հասկացությունը,  լրացվել են «աջակցող միջոցների պետական հավաստագրիր, փոխհատուցման գումար, աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ հասկացությունները:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագծով իրավական հիմք (լիազորող նորմ) կստեղծվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձեւերը, այդ թվում՝ ամփոփագրի (վինետ), անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների  ձեւերը հաստատելու հաստատելու համար, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքով ապահովել լիազորող նորմերի առկայությունը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ եւ բխում է 4.6 կետի 23-րդ պարբերության՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ եւ արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կստեղծվեն նոր ծառայություններ եւ կբարելավվեն արդեն գործող ծրագրերը» եւ 24-րդ պարբերության՝ «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա» դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն