Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-333-07.07.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .  «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի եւ օր-առաջ շուկաներում վաճառված եւ գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը իրական ժամանակում՝ միեւնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված եւ ստացված (ներառյալ՝ ներկրված եւ արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:»:

Հոդված 2 .  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 20.1) կետով.

«20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով.

«ի)  հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն վերապահել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4 եւ 1.5  կետերով.

«1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետեւյալ գործառույթներով.

1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առեւտուր,

2) շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել եւ վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,

3) շուկայի կանոնների համաձայն արտահանել եւ ներկրել էլեկտրական էներգիա,

4) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: