Armenian ARMSCII Armenian
Կ-226-18.02.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի  ՀՕ- 137-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

«Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը  վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: