Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-475-19.12.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունը.

1. 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետը «շախմատի պատանեկան օլիմպիադայում» բառերից հետո լրացնել «,Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինհաշմանդամների համաշխարհային խաղերում եւ զինհաշմանդամների աշխարհի առաջնություններում» բառերով:

2. 7-րդ հոդվածի «դ» կետը «դ.16)» ենթակետից հետո լրացնել նոր՝ «դ.17)» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«դ.17) օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի եւ դրա տրամադրման կարգի վերաբերյալ.»:

3. 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրերի միջոցով, որոնք հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:

2. Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ եւ անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի չափերն ու դրա տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության կողմից՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ առաջացել է ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ ելնելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 12-ի N 02/11.3/26596-2022 հանձնարարականից:

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ 2022 թվականի մայիսի 31-ին, ժամը 15.00-ին եւ հունիսի 3-ին, ժամը 14.30-ին կայացած՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2023-2025 թվականների ՄԺԾԾ-ի նախագծով նախատեսված ծրագրային չափաքանակների մասին խորհրդակցության N ՂԱ/35-2022 արձանագրության 2.16-րդ կետով հանձնարարարվում է. «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի նոր միջոցառումների մասով ապահովել ռազմավարական բնույթի իրավական հիմքերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորության հարցերին անդրադառնալ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացում»: Օլիմպիական խաղերին նախապատրաստման համար նպաստի տրամադրումը հանդիսանում է պետական բյուջեի նոր միջոցառում, որի համար իրավական հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 985-Ն որոշումը: Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի վերը նշված 2022 թվականի օգոստոսի 12-ի N 02/11.3/26596-2022 հանձնարարականով հանձնարարվում է մշակել օրենքի նախագիծ, որտեղ կսահմանվեն լիազորող նորմեր վերը նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 985-Ն որոշման համար:

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում եւ ավելացնել 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.16» ենթակետից հետո «դ.17» ենթակետ, որպեսզի լիազորություն ստեղծվի ընդունել իրավական ակտեր օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է գումար «Փարիզ-24» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու համար: «Փարիզ-24» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ տրամադրելու համար գումար է նախատեսված նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2023 թվականի բյուջետային հայտում: Օլիմպիական խաղերը լրջագույն մարզական ստուգատես են, որին մասնակցությունը նպաստում է հայկական սպորտի հանրահռչակմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը, մարզիկների կողմից սեփական մարզական ուժերի ճանաչմանը:

Օրենքի 7-րդ հոդվածում թվարկված են դեպքերը, երբ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի որոշակի իրավահարաբերություններ կարգավորելու համար կարող են ընդունվել իրավական ակտեր: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.6» ենթակետում եւ ավելացնել ռազմական սպորտի միջոցառումները (Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղեր, զինվորականների աշխարհի առաջնություններ, զինհաշմանդամների համաշխարհային խաղեր եւ զինհաշմանդամների աշխարհի առաջնություններ), քանի որ Հայաստանի Հանրապետության զինծառայող մարզիկները եւ զինհաշմանդամները պարբերաբար մասնակցում են ռազմական սպորտի միջոցառումներին: Միաժամանակ լինելով եւ մարզիկ, եւ զինծառայող, զինծառայող մարզիկները հնարավորություն են ստանում մասնակցելու զինծառայողների շրջանում մարզական միջոցառումներին՝ դրսեւորելու համար իրենց ունակությունները եւ պահպանելու համար մարզավիճակը ու մարզիկի կարգավիճակը:

Ռազմական սպորտի միջազգային խորհրդին (CISM) անդամակցում են թվով 142 երկրներ, կառույցի կազմակերպած համաշխարհային խաղերն ու աշխարհի առաջնությունները լավագույն հարթակ են հանդիսանում ՀՀ բանակային ներուժի ցուցադրման, ինչպես նաեւ ռազմակիրառական մարզաձեւերի զարգացման եւ տարածման համար, որոնցից ավելի քան 10 մարզաձեւերով իրականացվող միջոցառումները հանդիսանում են օլիմպիական վարկանիշային առաջնություններ: CISM-ին անդամակցելու ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզիկ զինծառայողները վերջին տաս տարում երկու ամառային եւ մեկ ձմեռային խաղերի ու զինվորականների աշխարհի ութ առաջնություներում ընդհանուր շահել են 41 մեդալներ, որից 7-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե, 23-ը՝ բրոնզե: Զինվորականների ամառային եւ ձմեռային խաղերը իրականացվում են չորս տարին մեկ անգամ, իսկ աշխարհի առաջնությունները՝ յուրաքանչյուր տարի: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի վերը նշված միջոցառումներում մեդալները նվաճվել են բռնցքամարտ, ըմբշամարտ եւ թաեքվոնդո մարզաձեւերից:

Նախագծի ընդունման դեպքում, ելնելով Ռազմական սպորտի միջազգային խորհրդի առաջնություններում նախորդ տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինծառայող մարզիկների ցուցաբերած փաստացի արդյունքներից, որպես տարեվերջյան միանվագ պարգեւատրում 2023-2028 թվականների հանրագումարում ոսկե մեդալ նվաճած վեց զինծառայող մարզիկներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 5000000-ական (հինգ միլիոնական) ՀՀ դրամ, արծաթե մեդալ նվաճած ութ զինծառայող մարզիկներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 3500000-ական (երեք միլիոն հինգ հարյուր հազարական) ՀՀ դրամ, բրոնզե մեդալ նվաճած տասնհինգ զինծառայող մարզիկներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 2000000-ական (երկու միլիոնական) ՀՀ դրամ: Զինված ուժերի երեք ոսկե մեդալ նվաճած հավաքականների գլխավոր մարզիչներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 2500000-ական (երկու միլիոն հինգ հարյուր հազարական) ՀՀ դրամ, Զինված ուժերի երեք արծաթե մեդալ նվաճած հավաքականների գլխավոր մարզիչներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 1750000-ական (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազարական) ՀՀ դրամ, Զինված ուժերի երեք բրոնզե մեդալ նվաճած հավաքականների գլխավոր մարզիչներին պետք է վճարել՝ յուրաքանչյուրին 1000000-ական (մեկ միլիոնական) ՀՀ դրամ: Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսը տարեվերջյան միանվագ պարգեւատրման համար ռազմական սպորտի մասով 2023-2028 թվականներին հանրագումարով կազմում է 103750000 (մեկ հարյուր երեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: Ներկայումս շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն կրկնապատկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ սահմանված որոշ գումարներ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ընդունվելու դեպքում սույն պարբերությունում բերված ֆինանսական միջոցները կկրկնապատկվեն:

Նախատեսվում է փոփոխություն կատարել օրենքի 4-րդ հոդվածում եւ սահմանվում է, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Նախագծով սահմանված են նաեւ անցումային դրույթներ՝ սահմանելով ընդունման ներկայացվող օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետները:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8-րդ կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները եւ աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը», ինչպես նաեւ «2050. Հայաստանի վերափոխման ռազմավարություն»-ից՝ մեջբերում. «Մինչեւ 2050 թվականը տեսլական - նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ»:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ ռազմական սպորտին առնչվող մասով անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջանան լրացուցիչ ծախսեր, իսկ բյուջեում եկամուտների ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն