Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-660-11.09.2023-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 321-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 321.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 321.1. 1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը

1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, որի հետեւանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որի հետեւանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որն առաջացնում է արգելքների եւ սահմանափակումների չկիրառում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Վարչապետի 07.04.2023թ. N388-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսված է «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված դեպքերում պատասխանատվության սահմանում «Մաքսային կարգավորման մասին» օրենքով: Նշված համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ ազգային օպերատորը ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նույն կետի երկրորդ պարբերության համաձայն՝ նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել նախագծով:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով ազգային օրենսդրությանը վերապահված համապատասխան դրույթի սահմանում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն