Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-697-06.11.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2023 թվականի դեպտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «քաղաքացիությունը դադարեցնելու համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 4-րդ գլխով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 2-րդ նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով եւ կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունն oրինականացնելու համար կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն ապահովելու նպատակով, մասնավորապես՝ Նախագծով սահմանելով լիազորող նորմ ենթաօրենսդրական ակտի ընդունման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

2006 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ բացակայում է նորմատիվ իրավական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող լիազորող նորմը, սակայն 2015 թվականի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Միաժամանակ, 2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձեւավորվել է Ներքին գործերի նախարարությունը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաեւ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը: Անձնագրային եւ վիզաների վարչությանը գործառույթները, այդ թվում՝ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի եւ փաստաթղթավորման մասով, վերապահվել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը եւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերը փոփոխելու համար սահմանվել է վեցամսյա ժամկետ:

Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է սահմանել իրավական հիմք, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն (հիշյալ որոշումը մինչ այժմ նորմատիվ հիմք չունի), ինչպես նաեւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծմամբ պայմանավորված՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման լիազորությունը վերապահել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու հնարավորության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026թ-ը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ-ում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար:

Սույն դրույթն ապահովում է նաեւ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի /որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից/ պահանջների պատշաճ կատարումը, որի շրջանակներում վերը նշված անձինք հնարավորություն են ստանում ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով բացառելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ձեռք բերումը:

Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվում է հստակեցնել երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն: Միեւնույն ժամանակ, երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքի 17-րդ հոդվածով, որի համաձայն երեխան կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը միայն ծնողի կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու պարագայում, սակայն օրենքի 24-րդ հոդվածում այդ մասին նշում չլինելու հանգամանքը իրավակիրառ պրակտիկայում առաջ է բերում անորոշություն, ինչով պայմանավորված նշված հոդվածում կատարվում է համապատասխան ճշգրտում:

Բացի այդ, հաճախակի են լինում դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիները չեն օրինականացնում իրենց հետագա բնակությունը Հայաստանի Հանրապետությունում կամ դիմում են օրինականացման համար տեւական ժամանակ անց, ինչի հետեւանքով վերջիններիս գտնվելը Հայաստանի Հանրապետությունում համարվում է անօրինական եւ առաջ է բերում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիր:

Հաշվի առնելով, որ օրենսդրությամբ հստակ ժամկետներ սահմանված չեն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակությունն օրինականցնելու համար (ինչն առաջ է բերում անորոշություն ինչպես իրենց, այնպես էլ վարչական մարմնի համար)՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ողջամիտ ժամկետ՝ նշված անձանց ՀՀ-ում բնակությունն օրինականցնելու կամ ՀՀ տարածքից դուրս գալու համար:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նորմատիվ հիմք կնախատեսվի 2006 թվականի մարտի 2-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համար՝ ապահովելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն