Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-771-02.02.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարեւորագույն ուղղություններից է պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունը եւ ինտեգրումը:

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներից, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ հաստատված «Մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների» ծրագրի 1.6.1 կետից: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022թ. մարտի 17-ի N 12 կարգադրությամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցառումների, ներառյալ մակրոտնտեսական կայունության ապահովումը» ցանկի 2.14 կետով նախատեսված է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձեւավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության եւ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը:

Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքներում գործող առեւտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ-պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ:

Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ-պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես, ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առեւտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները:

Հայտնում ենք նաեւ, որ Համաձայնագրի վավերացումը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:


Եզրակացություն

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. օգոստոսի 29-ին, ք.Մոսկվայում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համաձայնագրով կարգավորվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հետ կապված փոխհարաբերությունները:

Մասնավորապես, սահմանվում են բանկային երաշխիքի տրամադրման ընթացակարգերը, երաշխիք տված անձին ներկայացվող պահանջները, անդամ պետության բանկային երաշխիքների ռեեստրը վարելու կարգը եւ այլն:

Համաձայնագրի գործողությունը չի տարածվում այն պետական (մունիցիպալ) գնումների վրա, որոնց մասին տեղեկություններն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական գաղտնիք են կազմում, ինչպես նաեւ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա:

Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի նպատակն է՝ ապահովել անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների անարգել մասնակցությունը մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին՝ նպաստելով անդամ պետությունների տնտեսական շահերի առաջմղմանը եւ պատվիրատուների իրավունքների պատշաճ պաշտպանությանը:

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2023թ. նոյեմբերի 15-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2023թ. նոյեմբերի 15-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» 2023 թվականի օգոստոսի 29-ի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Մասնավորապես` համաձայն նախագծի 8-րդ հոդվածի՝ անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի իրականացման ժամանակ անդամ պետություններն ինքնուրույն են կրում, ի թիվս այլոց, երաշխիք տված անձանց ցանկի եւ բանկային երաշխիքների ռեեստրի ստեղծման եւ (կամ) վարման եւ (կամ) արդիականացման հետ կապված ծախսերը:

Միաժամանակ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Է. Հակոբյանին


Հարգելի՛ պարոն Հակոբյան

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավասության շրջանակներում «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վերաբերյալ գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Առդիր՝ 1 էջ:

Հարգանքով`
Վ. Տերտերյան


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» համաձայնագՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը:


ՑԱՆԿ

«ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԻ

Պետություն
1. Հայաստանի Հանրապետություն
2. Բելառուսի Հանրապետություն
3. Ղազախստանի Հանրապետություն
4. Ղրղզական Հանրապետություն
5. Ռուսաստանի Դաշնություն


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն