Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-1017-21.11.2006-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

Հայաստանի Հասնրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով,  եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն  իր նվիրապետության սահմաններում:

Հոդված 3. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով եւ միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության եւ նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, սույն օրենքով:

Հոդված 5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու  ժառանգությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մասն է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական արժեքների` պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի հանրապետության կառավարությունը` խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հոդված 6. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտամունքային կառույցները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կառուցել վանքեր, եկեղեցիներ եւ պաշտամունքային այլ շինություններ, գործող դարձնել  պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները: Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների եւ պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ:

Հոդված 7. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային հաստատությունները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը եւ ազգային մշակութային ժառագության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության եւ հարստացման համար  պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով` նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հոդված 8. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի.

- հիմնել կամ հովանավորել նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջակարգ եւ ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,

- մասնակցել պետական կրթական  հաստատություններում »Հայ Եկեղեցու պատմություն« առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, այյն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը եւ դպրոցներին ներկայացնել այդ ուսուցիչների թեկնածությունները,

- պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպել՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները,

- նպաստել հասարակության հոգեւոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատություն-ները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:

Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից հրապարակվում են անփոփոխ:

Հոդված 9. Ամուսնությունների գրանցումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կառավարության  եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կանոնական ծեսով իրագործված ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հոդված 10. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեխնամ գործունեությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալ մշտական հոգեւոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ ներառյալ քննչական մեկուսարաններում:

Հոդված 11. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկումից ազատ եկամուտները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին հասարակական դրամահավաքներ կազմակերպելու եւ նվիրատվություններ ու ընծաներ ստանալու իրավունք ունի, որոնք ազատ են հարկումից:

Հարկումից ազատ են նաեւ ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը եւ իրացումը:

Հոդված 12.  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իրավապահ մարմինների հարաբերությունները

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Որպես վկա չի կարող հարցաքննվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Հոդված 13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը այլ երկրներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան:

Հոդված 14. Օրենքն ուժի մեջ մտնելը

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: