Armenian ARMSCII Armenian
Կ-185-09.12.2003-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հաստատագրված վճարը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի եւ դիզելային վառելիքի համար ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, անմիջական ներմուծողների կողմից իրացվող բենզինի եւ դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

Սույն օրենքը չի կարգավորում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հարկվող օբյեկտ հանդիսացող գործունեության տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հաստատագրված վճար վճարողները

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ (այսուհետ՝ վճարողներ) են համարվում Հայաստանի Հանրապետություն բենզին եւ դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը) եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները եւ հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը

1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ մաքսային արժեքից անկախ՝ հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է՝

- բենզինի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,

- դիզելային վառելիքի համար՝ 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ՝ շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է՝

- բենզինի համար՝ տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եւ՝

- դիզելային վառելիքի համար՝ տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հոդված 5. Հաստատագրված վճարի վճարումը

1. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ հայկական դրամով եւ (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

2. Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը հաշվարկվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:

Հոդված 6. Հաշվառումը եւ հարկերի վճարումը

1. Սույն օրենքին համապատասխան վճարողները՝

ա) բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Հաշվարկի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի եւ դիզելային վառելիքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

3. Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ՝ իրացման համար) դեպքում՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:

4. Արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերողների պահանջով վճարողները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, եւ դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:

Հոդված 7. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման մասով՝ նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:

Հոդված 8. Գանձման նկատմամբ հսկողությունը

Սույն օրենքով սահմանված՝ բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման մասով հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Հոդված 9. Պատասխանատվությունն օրենքի խախտումների համար

1. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վճարողների կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի 100 տոկոսի չափով։

Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաեւ տուգանքը ենթակա է վճարման բյուջե՝ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի եւ բենզինի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-175 օրենքը: