Armenian ARMSCII Armenian
Կ-241-15.03.2004-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

  • Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Փրկարար ուժեր
  • Գլուխ 3. Փրկարար ուժերի մասնակցությունն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներին
  • Գլուխ 4. Փրկարարները եւ նրանց կարգավիճակը
  • Գլուխ 5. Փրկարարական ծառայությունը լիազոր մարմնի կազմում
  • Գլուխ 6. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական արտոնությունները
  • Գլուխ 7. Եզրափակիչ դրույթներ
  • Սույն օրենքը կարգավորում է փրկարար ուժերի ստեղծման եւ գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների ու քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները եւ նյութական ապահովության հիմքերը:

    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

    արտակարգ իրավիճակի վայր` տարածք, օբյեկտ, ուր առաջացել է արտակարգ իրավիճակը.

    փրկարար ՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ.

    փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.

    փրկարարական կազմավորումներ` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների եւ կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաեւ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով եւ փրկարարական միջոցներով.

    փրկարարական ծառայություն` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի համակարգում փրկարարի պաշտոնի նշանակված անձի մասնագիտական գործունեություն.

    փրկարարական միջոցներ՝ փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ եւ մտավոր գործունեության արդյունքներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ:

    Հոդված 2. Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի իրավական հիմքերը

    Փրկարար ուժերի գործունեության եւ փրկարարի կարգավիճակի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաեւ իրավական այլ ակտեր:

    Հոդված 3. Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության հիմնական սկզբունքները

    Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության հիմնական սկզբունքներն են`

    ա) մարդկանց կյանքի փրկության եւ առողջության պահպանման առաջնայնությունը.

    բ) փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.

    գ) փրկարարական կազմավորումների կենտրոնացված կառավարումը.

    դ) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման եւ ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարար ուժերի մշտական պատրաստականությունը:

    Հոդված 4. Փրկարարական աշխատանքների տեսակները

    Փրկարարական աշխատանքները մարդկանց, կենդանիների, նյութական եւ մշակութային արժեքների փրկության նպատակով իրականացվող միջոցառումների համալիր են:

    Փրկարարական աշխատանքների թվին են դասվում որոնողափրկարարական, լեռնափրկարարական, գազափրկարարական, հրդեհաշիջման, բուժսանիտարական, ձյունափրկարարական, ջրափրկարարական եւ այլ բնույթի աշխատանքները:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ

    Հոդված 5. Փրկարար ուժերի ստեղծումը

    1. Փրկարար ուժերն ստեղծվում են՝

    ա) որպես մասնագիտացված ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական եւ այլ բնույթի.

    բ) որպես կամավոր ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական եւ այլ բնույթի:

    2. Մասնագիտացված փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից՝ հանրապետական փրկարար ուժերը, պետական կառավարման տարածքային մարմինների կողմից՝ մարզային փրկարար ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ միջհամայնքային եւ համայնքային փրկարար ուժերը, կազմակերպությունների կողմից` այլ փրկարար ուժերը:

    3. Կամավոր փրկարարական կազմավորումները ստեղծվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 6. Փրկարար ուժերի խնդիրները

    Փրկարար ուժերի հիմնական խնդիրներն են`

    ա) մշտական պատրաստականության ապահովումը.

    բ) փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.

    գ) սպասարկվող տարածքներում եւ օբյեկտներում արտակարգ իրավիճակների կանխումը, հնարավոր հետեւանքների նվազեցումը եւ վերացումը.

    դ) մասնագիտական մակարդակի պահպանումը եւ բարձրացումը.

    ե) օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.

    զ) օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսուցմանը.

    է) օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը փրկարարական գործի համար անհրաժեշտ միջոցների փորձարկմանը:

    2. Փրկարարական կազմավորումների վրա դրվող խնդիրների ողջ ծավալը որոշում է դրանց ստեղծող մարմինը, որն ամրագրվում է կազմավորումների կանոնադրությամբ:

    Հոդված 7. Փրկարար ուժերի կազմը

    1. Փրկարար ուժերի կազմը, կառուցվածքը եւ կանոնադրությունը սահմանում են դրանք ստեղծող մարմինները:

    2. Փրկարար ուժերի կազմի մեջ մտնում են կառավարման մարմինները, փրկարարական ստորաբաժանումները, գիտահետազոտական, ուսումնական եւ փրկարար ուժերի գործունեությունն ապահովող այլ ստորաբաժանումներ:

    Հոդված 8. Փրկարար ուժերի համալրումը

    1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստեղծված փրկարար ուժերի համալրումը կատարում է այդ ուժերն ստեղծող մարմնի ղեկավարը:

    2. Մասնագիտացված փրկարար ուժերում եւ փրկարարների պատրաստման հաստատություններում որպես փրկարար ընդունվում են խաղաղ ժամանակ շարային զինվորական ծառայությանը պիտանի զինծառայողների համար սահմանված առողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

    3. Փրկարարական աշխատանքների անմիջական կատարմանը ներգրավվում են փրկարարական ուսուցում անցած եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից որակավորված անձինք:

    4. Փրկարար ուժերում փրկարար ընդունելիս նրա հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքի առանձնահատկությունները եւ ռեժիմը, աշխատանքի վարձատրության կարգը եւ չափը, սոցիալական արտոնությունները եւ երաշխիքները, փրկարարի վրա դրված խնդիրները, պարտականություններն ու այլ դրույթներ:

    Հոդված 9. Փրկարար ուժերի գործունեությունը

    1. Փրկարարական աշխատանքների իրականացումը կապված է կյանքին եւ առողջությանն սպառնացող գործոնների հետ ու պահանջում է հատուկ պատրաստականություն եւ տեխնիկական հագեցվածություն:

    Փրկարարական աշխատանքներն իրականացվում են անվտանգության կանոններին համապատասխան, որոնք հաստատում է լիազոր մարմինը:

    2. Փրկարար ուժերի գործունեությունը կրում է հատուկ բնույթ եւ ենթադրում է անձնակազմի կողմից ղեկավարների հրամանների եւ կարգադրությունների անվերապահ կատարում:

    3. Արգելվում է փրկարարական աշխատանքների դադարեցումը կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման նպատակով:

    4. Փրկարար ուժերի եւ փրկարարների մշտական պատրաստականությունն ապահովվում է պարապմունքների, ուսումնամարզական հավաքների, ուսումնական վարժանքների եւ վերապատրաստման միջոցով:

    5. Փրկարար ուժերի տրանսպորտային միջոցները սարքավորվում են լիազոր մարմնի կողմից սահմանված հատուկ ձայնային, լուսային ազդանշանային միջոցներով ու տարբերիչ նշաններով:

    6. Փրկարարական աշխատանքները կարող են իրականացվել նաեւ ձեռնարկատիրական հիմունքներով:

    7. Ձեռնարկատիրական հիմունքներով փրկարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ այդ նպատակով ստեղծված հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել փրկարարական աշխատանքներով միայն համապատասխան որակավորում ստանալուց հետո:

    8. Փրկարար ուժերի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 10. Փրկարարական կազմավորումների եւ փրկարարների որակավորումը

    1. Փրկարարական կազմավորումները եւ փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման: Փրկարարական կազմավորումների եւ փրկարարների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը:

    2. Փրկարարական կազմավորումների եւ փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

    3. Փրկարարական կազմավորումների եւ փրկարարների արտահերթ որակավորումն անցկացվում է հերթական որակավորումից առնվազն մեկ տարի հետո` փրկարարական կազմավորումներ ստեղծած մարմնի, փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա եւ փրկարարական կազմավորումների ու փրկարարի ցանկությամբ:

    4. Որակավորումն անցկացվում է որակավորվողների անմիջական մասնակցությամբ:

    5. Փրկարարական կազմավորումները եւ փրկարարները որակավորման ենթակա չեն`

    ա) նոր որակավորում անցնելուց, նոր որակավորման դաս ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նման ցանկություն չեն հայտնել.

    բ) միջազգային կարգի փրկարարները.

    գ) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

    6. Հղիության կամ երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները ենթակա են որակավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ որակավորվելու համար:

    7. Որակավորումից առնվազն երկու շաբաթ առաջ փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է նրանց ցուցանիշները, ծառայողական բնութագիրը:

    8. Փրկարարական կազմավորումների ցուցանիշները որակավորման հանձնաժողովին ներկայացվելուց առաջ հաստատում է այդ կազմավորումներն ստեղծած մարմինը:

    9. Փրկարարի ծառայողական բնութագիրը հաստատում են անմիջական ղեկավարները եւ ստորաբաժանումների ղեկավարները:

    Փրկարարի ծառայողական բնութագիրը բովանդակում է տվյալներ փրկարարի մասին ու նրա գործնական հատկանիշների եւ գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ որակավորումից հետո ընկած ժամանակահատվածում փրկարարի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

    10. Փրկարարը որակավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ իրավունք ունի ծանոթանալու իր ծառայողական բնութագրին:

    11. Առաջին անգամ որակավորվող փրկարարական կազմավորումների կամ փրկարարների համար ցուցանիշներ, ծառայողական բնութագրեր չեն պահանջվում:

    12. Որակավորման հանձնաժողովը կազմավորում է լիազոր մարմնի ղեկավարը: Ելնելով փրկարարական որակավորման առանձնահատկություններից, ըստ փրկարարական աշխատանքների` լիազոր մարմնի ղեկավարը կարող է ձեւավորել մեկից ավելի որակավորման հանձնաժողովներ:

    13. Որակավորման արդյունքում որակավորման հանձնաժողովը ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը՝

    ա) փրկարարի նկատմամբ`

    - շնորհել նրան որակավորման դաս,

    - հաստատել նրան տրված որակավորման դասը,

    - բարձրացնել նրա որակավորման դասը,

    - հետաձգել նրա որակավորումը եւ առաջարկել` փրկարարին գործուղել վերապատրաստման,

    - չի համապատասխանում տրված որակավորման դասը.

    բ) փրկարարական կազմավորման նկատմամբ`

    - թույլատրել կատարել փրկարարական աշխատանքներ.

    - արգելել կատարել փրկարարական աշխատանքներ.

    - հետաձգել որակավորումը եւ առաջարկել վերապատրաստվել:

    Որակավորման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է արտահայտվել հանձնաժողովի անդամների երկու երրորդը:

    14. Որակավորվողներն իրավունք ունեն ծանոթանալու որակավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանց հետ ծանոթանալուց հետո` յոթ օրվա ընթացքում:

    15. Որակավորման արդյունքներն ու կայացված որոշումները որակավորման հանձնաժողովը որակավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է որակավորվող փրկարարական կազմավորման վերադաս մարմին կամ փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի որոշումները:

    16. Փրկարարի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ որակավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

    17. Որակավորման արդյունքները պահվում են փրկարարական կազմավորման գրանցման եւ որակավորման մատյաններում, փրկարարի անձնական գործում:

    18. Որակավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 3.

    ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

    Հոդված 11. Փրկարար ուժերի ընդգրկումը փրկարարական աշխատանքներում

    1. Փրկարար ուժերն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվում են`

    ա) համաձայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանների.

    բ) համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների.

    գ) մոնիտորինգի արդյունքներում հայտնաբերված արտակարգ իրավիճակի իրական վտանգ ներկայացնող վայրերում` լիազոր մարմնի որոշմամբ:

    2. Կազմակերպություններում փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պլանների համաձայն:

    3. Փրկարար ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

    4. Փրկարար ուժերի անձնակազմը, տրանսպորտային եւ տեխնիկական միջոցները չեն կարող ընդգրկվել փրկարարական աշխատանքներին չառնչվող աշխատանքներում:

    Հոդված 12. Փրկարար ուժերի գործունեության ղեկավարումը

    1. Փրկարար ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարը:

    2. Արտակարգ իրավիճակի վայր առաջինը մտած փրկարար ուժերի ղեկավարներն ստանձնում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու փրկարարական աշխատանքների ղեկավարի իրավասությունները` մինչեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված ղեկավարի ժամանումը:

    3. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումը արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավոր փրկարարները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավոր փրկարարներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ եւ աշխատում են նրանց ղեկավարության ներքո:

    Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ ձեւակերպում են արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման: Փրկարարական աշխատանքներ իրականացնելիս կամավոր փրկարարի առողջությանը, կյանքին հասցված վնասը հատուցվում է պետության կողմից, կամ նրան տրվում է ապահովագրական գումարը:

    4. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարի որոշումները պարտադիր են արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր քաղաքացիների եւ կազմակերպությունների համար:

    5. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարի գործունեությանն իրավասու է միջամտել նրան նշանակող պաշտոնատար անձը:

    6. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարն իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու`

    ա) արտակարգ իրավիճակի վայրից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ.

    բ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ.

    գ) արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կազմակերպությունների տարածքում փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ.

    դ) արտակարգ իրավիճակի վայր մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակման վերաբերյալ.

    ե) փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների եւ գույքի օգտագործման վերաբերյալ.

    զ) բնակչությանը կամավոր հիմունքներով անհետաձգելի աշխատանքներում ընդգրկելու վերաբերյալ.

    է) արտակարգ իրավիճակների զարգացման եւ հնարավոր հետեւանքների կանխմանն ու վերացմանն ուղղված այլ միջոցառումների վերաբերյալ:

    Փրկարարական աշխատանքների ողջ ծավալի իրականացման անհնարինության դեպքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարները կարող են որոշում ընդունել փրկարարական աշխատանքները մասամբ կամ լրիվ դադարեցնելու վերաբերյալ` բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելով արտակարգ իրավիճակի վայրում գտնվող մարդկանց կյանքը եւ առողջությունը փրկելու համար:

    Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարները պարտավոր են իրենց ընդունած որոշումների մասին տեղեկացնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարներին, ում կողմից նշանակվել են:

    7. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների, փրկարար ուժերի ղեկավարներն ունեն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման վերաբերյալ լրիվ եւ ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունք` իրենց իրավասությունների շրջանակներում:

    Հոդված 13. Աջակցությունը փրկարար ուժերի գործունեությանը

    1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող փրկարար ուժերին պարտավոր են ցուցաբերել աջակցություն` տրամադրելով տրանսպորտի եւ կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն` հետագա համարժեք փոխհատուցմամբ:

    2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների կատարման վայր մեկնելիս փրկարար ուժերի տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթեւեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման եւ տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:

    3. Փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ժամանակ փրկարար ուժերն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով անարգել օգտվելու կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից եւ այլ գույքից (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից եւ այլ գույքից)` հետագա համարժեք փոխհատուցմամբ:
     


    ԳԼՈՒԽ 4.

    ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

    Հոդված 14. Փրկարարները

    1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փրկարարի կարգավիճակ են ձեռք բերում որակավորման արդյունքում: Փրկարարները տալիս են փրկարարի երդում, որի տեքստը եւ երդման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Փրկարարներին տրվում են որակավորման հետեւյալ դասերը՝

    ա) միջազգային կարգի փրկարար.

    բ) առաջին կարգի փրկարար .

    գ) երկրորդ կարգի փրկարար.

    դ) երրորդ կարգի փրկարար.

    ե) փրկարար:

    3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փրկարարի կարգավիճակ շնորհելիս նրան տրվում է վկայական, փրկարարի գրքույկ, փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի եւ անձնական կարգի նշումով մետաղյա ժետոն, որոնց կանոնադրությունը, ձեւը եւ տրման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

    Փրկարարի գրքույկում ամրագրվում են փրկարարի` սույն օրենքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները:

    Հոդված 15. Փրկարարների իրավունքները

    1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարներն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունեն արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթեւեկելու տոմսեր:

    2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ժամանակ փրկարարներն իրավունք ունեն`

    ա) ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ եւ հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում.

    բ) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները.

    գ) արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի եւ արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.

    դ) մարդկանց փրկության եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի եւ նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով:

    3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ունեն հատուկ սննդով ապահովման, բժշկական եւ հոգեբանական վերականգնման իրավունք:

    Հոդված 16. Փրկարարների պարտականությունները

    1. Փրկարարները պարտավոր են`

    ա) որոնել եւ միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ.

    բ) պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը.

    գ) կատարելագործել իրենց ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը.

    դ) կատարելագործել փրկարար ուժերի կազմում իրենց գործելու ունակություններն ու հմտությունները.

    ե) պահպանել փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները.

    զ) անվերապահորեն կատարել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ժամանակ իրենց կազմավորումների ղեկավարների հրամանները.

    է) բնակչությանը բացատրել արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով.

    ը) հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:

    ԳԼՈՒԽ 5.

    ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒՄ

    Հոդված 17. Փրկարարական ծառայության անցումը

    1. Լիազոր մարմնի կազմում փրկարարական ծառայության անցնող քաղաքացին փրկարարի պաշտոնում նշանակվում է փրկարարական պատրաստության դասընթացներ, փորձաշրջան անցնելուց, սույն օրենքով սահմանված որակավորման դաս ստանալուց եւ փրկարարի երդում տալուց հետո:

    2. Լիազոր մարմնի կազմի մեջ չմտնող որակավորված փրկարար ուժերի ու փրկարարական կազմավորումների փրկարարները փրկարարական ծառայության անցնելիս փրկարարի պաշտոնում նշանակվում են առանց փորձաշրջանի` իրենց որակավորման դասին համապատասխան:

    3. Փրկարարական ծառայության անցումը, փրկարարին պաշտոնին նշանակումը եւ պաշտոնից ազատումը, փրկարարի տեղափոխումը եւ գործուղումը, արձակուրդի տրամադրումը, ծառայությունից արձակման եւ դրամական բավարարման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են զինծառայողների համար սահմանված կարգով:

    Հոդված 18. Փրկարարական ծառայության անցած փրկարարների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունը

    1. Փրկարարական ծառայության անցած փրկարարներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրվում են զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներ եւ արտոնություններ:

    2. Փրկարարական ծառայության անցած փրկարարների եւ նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակային ապահովությունը կատարվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար սահմանված կարգով:

    Հոդված 19. Փրկարար ուժերի եւ փրկարարական կազմավորումների գործունեության նկատմամբ հսկողությունը

    1. Փրկարար ուժերի եւ փրկարարական կազմավորումների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը դրանք ընդգրկելու նպատակով լիազոր մարմինը վարում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան:

    3. Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները լիազոր մարմին տեղեկություններ են ներկայացնում իրենց ենթակայության տակ գործող փրկարարական կազմավորումների մասին:

    Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փրկարարական կազմավորումների մասին տեղեկությունները լիազոր մարմին է ներկայացնում իրավաբանական անձանց գրանցում կատարող պետական կառավարման մարմինը:

    4. Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձեւը եւ դրա վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

    ԳԼՈՒԽ 6.

    ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 20. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները

    1. Լիազոր մարմնի կազմում` փրկարարական ծառայության մեջ չընդգրկված փրկարարների ամենօրյա աշխատանքի ռեժիմը որոշվում է ներքին աշխատանքային կանոններով:

    2. Կախված արտակարգ իրավիճակների բնույթից, փրկարարական աշխատանքներից, բժշկական ցուցումներից` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ժամանակ փրկարարի աշխատանքի ռեժիմն ու աշխատանքային օրվա տեւողությունը կարող է փոփոխվել արտակարգ իրավիճակների կանխման, հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարի կողմից:

    3. Փրկարարների ամենամյա հերթական արձակուրդի տեւողությունը սահմանվում է`

    ա) փրկարարի պաշտոնում մինչեւ 10 տարի աշխատանքի համար` 30 օրացուցային օր.

    բ) 10-ից 15 տարի անընդհատ ստաժի դեպքում` 35 օրացուցային օր.

    գ) 15 տարուց ավելի անընդհատ ստաժի դեպքում` 40 օրացուցային օր:

    4. Փրկարարներն ապահովվում են փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հանդերձանքով եւ սարքավորումներով:

    5. Ելնելով փրկարարական աշխատանքների առանձնահատկություններից` աշխատանքային օրենսդրության պահանջները փրկարար ուժերի եւ փրկարարների վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

    Հոդված 21. Փրկարարների աշխատանքի վարձատրությունը

    1. Փրկարարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է պայմանագրին եւ օրենքին համապատասխան:

    2. Կազմակերպությունների փրկարարական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը չի կարող ցածր լինել տվյալ կազմակերպության միջին աշխատավարձի չափից:

    Հոդված 22. Փրկարարների ապահովագրությունը

    1. Փրկարարները ենթակա են պարտադիր անձնական ապահովագրության` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափերով:

    2. Փրկարարներն ապահովագրվում են`

    ա) փրկարարների հաստիքներին նշանակվելիս.

    բ) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ընդգրկվելիս:

    3. Փրկարարներին ապահովագրում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով:

    4. Պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետեւանքով մահացած փրկարարների աճյունների տեղափոխման, թաղման, գերեզմանների կառուցման եւ բարեկարգման հետ կապված ծախսերը կատարվում են համապատասխանաբար պետական բյուջեի, համայնքների բյուջեների եւ կազմակերպությունների միջոցների հաշվին` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափերով:

    5. Եթե փրկարարները հիմնադրում են իրավաբանական անձ, ապա այդ կազմակերպությունն է ապահովագրում իր աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Իսկ եթե փրկարարը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, որը կարող է ունենալ նաեւ վարձու աշխատողներ, որոնք նույնպես ունենալով փրկարարի կարգավիճակ, մասնակցում են փրկարարական աշխատանքներին, այդ դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է ապահովագրել փրկարար աշխատակիցների կյանքն ու առողջությունը:

    Հոդված 23. Փրկարարների ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը

    Պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ առողջությանը պատճառված վնասների հետեւանքով մահացած փրկարարների ընտանիքների անդամները մեկ տարի ժամանակով օգտվում են փրկարարների համար սահմանված արտոնություններից:

    Հոդված 24. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը

    1. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում կարող են ներգրավվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի «զ» կետին համապատասխան:

    2. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներին արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ներգրավելու որոշում ընդունում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների ղեկավարները:

    3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների վրա տարածվում են փրկարարների համար սահմանված արտոնությունները եւ երաշխիքները:

    ԳԼՈՒԽ 7.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 25. Փրկարարական աշխատանքների ժամանակ պատճառված վնասների փոխհատուցումը

    1. Փրկարարական աշխատանքների ժամանակ գույքի եւ միջոցների` անկախ սեփականության ձեւից, օգտագործումը եւ փոխհատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

    2. Փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարները եւ այդ աշխատանքների ղեկավարներն իրենց պարտականությունները չկատարելու, դիտավորությամբ կամ անզգուշությամբ քաղաքացիների առողջությանը, շրջակա միջավայրին, գույքային արժեքներին վնաս պատճառելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 26. Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման հիմնական աղբյուրները

    Փրկարար ուժերի եւ փրկարարների գործունեության նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումը կատարվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, կազմակերպությունների միջոցների եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

    Լիազոր մարմնի կողմից փրկարարական աշխատանքներում եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարմանն ընդգրկված փրկարարների գործունեության, փրկարարների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

    Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

    Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: