Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-209-07.02.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին նախընտրական քարոզչության ընթացքում հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ, եթե հրապարակման մեջ չեն նշվում հարցումն իրականացնող կազմակերպությունը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուն:»:

2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր երկրորդ պարբերություն.

«Արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին քվեարկության օրվան նախորդող 6 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը՝ մինչեւ ժամը  20.00-ն հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշակի անհամապատասխանություններ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում սոցոլոգիական հարցումների արդյունքները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններով կամ հեռուստաընկերություններով հրապարակելուն ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ այդ պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքով նախատեսված տուգանքներին: