Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2371-04.04.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.24 հոդվածով.

«Հոդված 169.24 Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները կամ դրանց պատճենները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով լիազոր մարմնին չտրամադրելը

Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կամ անշարժ գույքի գնահատողների կողմից գնահատման հաշվետվությունները կամ դրանց պատճենները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով լիազոր մարմնին օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետում չտրամադրելը

առաջացնում է տուգանքի նշանակում` անշարժ գույքի գնահատողների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 244.15 հոդվածի«եւ 169.22» բառերը փոխարինել «, 169.22 եւ 169.24» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում են այն դեպքերը, որոնք հիմք են հանդիսանում անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցման համար: Նշված հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջի համաձայն, եթե անշարժ գույքի գնահատողը գնահատման հաշվետվությունում ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների եւ պայմանների խախտումներ կատարելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, առնվազն չորս այլ հաշվետվություններում եւս խախտումներ է կատարել, ապա դա նույնպես հիմք է հանդիսանում գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցման համար: Նույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն լիազոր մարմնի գործառույթներից մեկն էլ այն է, որ մասնագիտական հանձնաժողովի միջոցով հսկողություն է իրականացնում անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողների կողմից ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ` այդ թվում, շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա կամ իր կողմից հաստատված ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի եւ կարգի համաձայն, անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից, ինչպես նաեւ գնահատողներից պահանջում է գնահատման հաշվետվություններ եւ կատարում դրանց մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ` արձանագրելով հաշվետվությունում տեղ գտած խախտումները: Լիազոր մարմնի այս պահանջը չկատարելը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում անշարժ գույքի գնահատողի կամ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց համար: Այս պարագայում նրանք, տարբեր պատճառներով, կարող են չկատարել գնահատման հաշվետվություններ տրամադրելու լիազոր մարմնի պահանջը` վերջինիս զրկելով հսկողություն իրականացնելու օրենքով վերապահված գործառույթը իրականացնելու հնարավորությունից: Նկարագրված իրավիճակից խուսափելու նպատակով անհրաժեշտ է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողի համար պատասխանատվություն, այդ թվում նաեւ` վարչական պատասխանատվություն սահմանել լիազոր մարմնի պահանջը չկատարելու համար, ինչպես նաեւ հստակեցնել լիազոր մարմնի պահանջի դեպքում գնահատման հաշվետվությունները ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնին տրամադրելու գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողի պարտականությունը սահմանող դրույթը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է մասնագիտական ուսումնասիրման նպատակով անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից եւ անշարժ գույքի գնահատողներից գնահատման հաշվետվություններ պահանջելու լիազոր մարմնի իրավասությունը, սակայն այդ պահանջը չկատարելու դեպքում որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Օրենսդրության այս բացը թույլ է տալիս անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողներին լիազոր մարմնի օրինական պահանջը չկատարել եւ դրա համար որեւէ պատասխանատվության չենթարկվել: Հստակ սահմանված չէ նաեւ լիազոր մարմնի պահանջի դեպքում գնահատման հաշվետվությունները ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնին տրամադրելու գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողների պարտականությունը նախատեսող դրույթը:

Նախագծերի ընդունմամբ կլուծվեն վերը ներկայացված խնդիրները:

3.Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ անշարժ գույքի գնահատողների կողմից ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների ու պայմանների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազոր մարմնին վերապահված գործառույթը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորմանը խոչընդոտող օրենսդրական բացերը: