Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-356-20.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում` «գնահատվել է բացասական» բառերից հետո լրացնել «կամ պարգեւատրում տալու պահին չի հանդիսանում տվյալ մարմնի քաղաքացիական ծառայողը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` քաղաքացիական ծառայողի պարգեւատրումը քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայության պարգեւատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ: Քաղաքացիական ծառայողի պարգեւատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը: Քաղաքացիական ծառայողը պարգեւատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող /բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի/, կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձն է: «Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը, համաձայն որի, ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի տեսակ է: «Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` օրենքի գործողությունը տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

Ինչպես երեւում է նշված օրենքների դրույթների վերլուծությունից` միանվագ դրամական պարգեւատրումը տրվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով համապատասխան մարմնում, պաշտոն զբաղեցնող անձանց:

Ընդ որում «Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` միանվագ պարգեւատրում տալու անհրաժեշտ պայմաններ է դիտում հետեւյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը`

ա. ներկայացված հաշվետվությունների դրական գնահատված լինելը,

բ. պետական մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձ հանդիսանալը, այսինքն` պարգեւատրում տալու պահին տվյալ մարմնում աշխատանքային հարաբերությունների առկայությունը:

Սակայն գործնականում, որպես քաղաքացիական ծառայող աշխատած եւ պարգեւատրում տալու պահին այլեւս տվյալ մարմնում քաղաքացիական ծառայող չհանդիսացող (աշխատանքից ազատված) անձինք փորձ են անում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը այլ կերպ մեկնաբանել:

Ելնելով վերոշարադրյալից եւ օրենքի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` հստակ սահմանելով, որ եթե պարգեւատրում տալու պահին անձը այլեւս չի հանդիսանում տվյալ մարմնի քաղաքացիական ծառայողը, ապա նրան պարգեւատրում չի տրվում: