Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-387-27.11.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության (2001թ. սեպտեմբերի 12-ի ՀՕ-225) օրենքի (այսուհետեւ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու,  ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու եղանակով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքներ ընդունելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ եւ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1 հոդվածով`

«Հոդված 8.1. Պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացայատմանն ուղղված   հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը եւ հանրաքվե նշանակելն ու  անցկացնելը

Պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացայատմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:

Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես համաձայնեցվում են Հանրապետության Նախագահի հետ:

Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ կառավարության որոշումը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», զանգվածային լրավության միջոցներով:

Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր հետո:

Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամաuային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ուշ, քան 21 օր առաջ:

Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` հանրաքվեի անցկացման օրվանից ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում է զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:

Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքով տեղամաuային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար uահմանված կարգով` հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 19 եւ ուշ, քան 16 օր առաջ:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ  ուշ, քան 20 օր առաջ:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «իրականացվում է» բառերից հետո լրացնել «համապետական ընտրությունների համար» բառերով:

Հոդված 7. 20-րդ հոդվածում`

1.  3-րդ մասում «մեկ oր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու համար   անցկացվող   հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից եւ ավարտվում քվեարկությունից մեկ oր առաջ:» բառերով:

2. 8-րդ մասում «հինգ oրվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացայատելու համար   անցկացվող   հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից ոչ ուշ, քան հինգ oրվա ընթացքում,» բառերով:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի վերնագրում «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաս-տումն ու անցկացումը» եւ տեքստում «Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության նախապատրաստման եւ անցկացման» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակատն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի  32.1-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անճշտությունների չափը հաշվարկվում է «Ընտրություներ» ավտոմատացված համակարգի միջոցով:»:

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Հանրաքվեի դրված նախագիծն համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Սույն օրենքի 8.1 հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ են քվեարկել քվերակության մասնակիցների կեսից ավելին:»

Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: