Armenian ARMSCII Armenian
Կ-3583-03.10.2013-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «ե» կետից հանել «30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը),» բառերը:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը

1. Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը կամ ծառայության ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվում է դրամական օգնություն`

1) 3-ից մինչեւ 10 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

2) 10-15 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

3) 15-20 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով.

4) 20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դրամական օգնության իրավունք տվող ժամանակահատվածում հաշվարկվում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների` պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը:

3. Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին: Ծառայության ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու պատճառով կամ կարգապահական տույժի կարգով ծառայությունից արձակված եւ հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դրամական օգնությունը ենթակա է վճարման, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձը վերականգնվում է ծառայության մեջ, ընդ որում, դրամական օգնությունը վճարվում է ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած ծառայության ստաժին համապատասխանող չափով: Ծառայության մեջ վերականգնվելու եւ հետագայում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակվելու դեպքում դրամական օգնությունը վճարվում է` հաշվի առնելով մինչեւ ծառայությունից արձակվելու օրն ունեցած ծառայության ստաժը, ընդ որում, ծառայության ստաժում ներառվում է նաեւ մինչեւ ծառայության մեջ վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը:

4. Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած եւ հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին պայմանագրային հիմունքներով ծառայության անցած զինծառայողներին քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնությունը վճարվում է արձակվելու պահին ունեցած ծառայության ստաժի համար` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնության եւ նախկինում ստացած դրամական օգնության տարբերության չափով: Հերթական անգամ վճարվող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասում թվարկված յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` ծառայության ստաժի հիման վրա տրվող դրամական օգնության գումարի չափը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ օրենքով սահմանված այլ հիմքով ծառայությունից արձակված եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակելիս դրամական օգնությունը հաշվարկելիս հաշվի է առնվում վերջին անգամ ծառայության անցնելուց հետո ձեռք բերած ծառայության ստաժը:

6. Զինծառայողներին, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողներին մեկ անգամ վճարվում է նաեւ դրամական օգնություն ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում`

1) նախկին եւ նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ լինելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 25 տոկոսի չափով.

2) նախկին եւ նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կմ եւ ավելի դեպքում` պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում զինծառայողի, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողի հետ նոր ծառայության վայր մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված համապատասխան գումարի 10 տոկոսի չափով:

8. Հիմնական արձակուրդային վճարից բացի, զինծառայողներին, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողներին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` առավելագույնը մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափի չափով:

9. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների ընտանիքների անդամներին մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:

10. Բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, սույն հոդվածով սահմանված դրամական այլ օգնությունների վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին տրվող դրամական օգնության այլ դեպքեր:»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածում «դրամական բավարարումը եւ դրան հավասարեցված վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափերը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: