Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-384-15.11.2013-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դ) կետով.

«դ) առկա է Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի դրական եզրակացությունը»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«Կենդանի դոնորից օրգաններ վերցնելը չի թույլատրվում, եթե առկա է Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի բացասական եզրակացությունը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով.

«Հոդված 12.1. Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը

1. Օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու հիմնավորվածությունը պարզելու նպատակով գործում է Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողով:

2. Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը եզրակացություն տալիս գնահատում է դոնորի եւ ռեցիպիենտի առողջական եւ հոգեբանական վիճակը, շարժառիթները, պարզում է փոխպատվաստման իրականացման հիմնավորվածությունը, ինչպես նաեւ պարզում է, որ.

1) դոնորը եւ ռեցիպիենտը տեղեկացված են գործընթացի բնույթի, ազդեցության եւ հնարավոր ռիսկերի մասին,

2) դոնորը եւ ռեցիպիենտը գիտակցում են փոխպատվաստման գործընթացը եւ դրա հնարավոր ռիսկերը,

3) դոնորը տեղեկացված է դոնորության համար ֆինանսական փոխհատուցման հակաօրինական բնույթի մասին,

4) դոնորը ինքնակամ որոշում է կայացրել` հանդես գալու որպես օրգանների եւ (կամ) հյուսվածքների դոնոր,

5) դոնորը գիտակցում է, որ մինչեւ փոխպատվաստման իրականացումը ցանկացած պահի կարող է հրաժարվել որպես դոնոր հանդես գալուց:

3. Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը եւ անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:» :

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը պայմանավորված է Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես` հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստման գործընթացը լի է մի շարք էթիկական հարցերով:

Փոխպատվաստմանն առնչվող կարեւոր հարցերից է, օրինակ, դոնորի եւ ռեցիպիենտի հոգեբանական պատրաստականությունը: Այսպես` բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պահանջների պահպանումից, մինչեւ փոխպատվաստման իրականացումն անհրաժեշտ է հավաստիանալ, որ դոնորը եւ ռեցիպիենտը հոգեբանորեն պատրաստ են փոխպատվաստման իրականացմանը:

Միաժամանակ, չնայած օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում փոխպատվաստման վերաբերյալ տեղեկացված լինելուն, հնարավոր է, որ դոնորը եւ ռեցիպիենտը չգիտակցեն հարցի կարեւորությունը եւ հնարավոր բացասական հետեւանքներն իրենց առողջության վրա:

Փոխպատվաստմանն առնչվող մեկ այլ կարեւոր հարց է ազատ կամահայտնության հարցը: Անգամ բարեկամական կապի առկայության պայմաններում երբեմն պարզ չէ` արդյոք անձն ինքնակամ է տվել իր համաձայնությունը թե կայացրել է նման որոշում այլ անձանց հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման ներքո:

Այպիսով` փոխպատվաստման գործընթացում դոնորի, ռեցիպիենտի եւ բժշկական կազմակերպության միջեւ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել միջանկյալ մարմին` Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկայի հանձնաժողով, որը, անհրաժեշտության դեպքում հանդիպելով դոնորի կամ ռեցիպիենտի հետ, բազմակողմանիորեն եւ օբյեկտիվորեն կգնահատի վերոնշյալ եւ մի շարք այլ էթիկական հարցերը եւ կտա համապատասխան եզրակացություն:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները.

Ներկայումս գործող «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է կենդանի դոնորից կամ դիակից օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հնարավորություն` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հաշվի առնելով կենդանի դոնորից օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման իրականացման՝ մի շարք էթիկական հարցերով հղի լինելու հանգամանքը, խնդիր է առաջանում յուրաքանչյուր փոխպատվաստման դեպքում ուսումնասիրել եւ հավաստել էթիկական նորմերի պահպանումը, ինչպես նաեւ փոխպատվաստման հիմնավորվածությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ խնդրին համապատասխան լուծում տալու առաջարկ է ներկայացվել նաեւ Եվրոպայի Խորհրդի դեղերի որակի եւ առողջապահական եվրոպական տնօրինության ղեկավար դոկտոր Սյուզան Կեիտելի կողմից՝ «Նվիրատվությանը եւ փոխպատվաստմանն առնչվող գործունեության զարգացում. Սեւծովյան ավազանի երկրների միջեւ համագործակցություն» ծրագրի շրջանակներում այցի ժամանակ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով նախատեսվում է ստեղծել դոնորի եւ բժշկական հաստատության միջեւ գործող էթիկական հարցերով անկախ հանձնաժողով, որը կապահովի հսկողությունը օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ էթիկական նորմերի պահպանման նկատմամբ:

Ընդ որում՝ վերոնշյալը թույլ կտա ապահովել օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման գործընթացի թափանցիկությունը եւ հիմնավորվածությունը:

Հանձնաժողովի գործունեության կարգի եւ անհատական կազմի հաստատման լիազորությունը նախագծով տրվում է ՀՀ վարչապետին: Ուստի, օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել Փոխպատվաստման հարցերով մշտապես գործող հանձնաժողովի գործունեության կարգը եւ անհատական կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում, որն էլ կընդունվի օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

4. Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

«Մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման գործընթացի օրինականության եւ էթիկական նորմերի պահպանմանը` Օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման հարցերով էթիկայի հանձնաժողովի գործունեության միջոցով երաշխավորելով փոխպատվաստման դեպքերի հիմնավորվածությունը: