Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5401-19.02.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտ ընկերությունների կողմից ստացման ենթակա` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները:»:

Հոդված 2. Օրենքի 391 -րդ հոդվածից հետո լրացնել նոր 392 -րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 392 . Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակված ռեզիդենտ ընկերությունների շահութահարկը

1. Մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում օրենքով սահմանված կարգով հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած եւ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պահանջներին բավարարող ռեզիդենտ ընկերությունները (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ռեզիդենտների) սույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում օգտվում են հաշվետու տարիների շահութահարկը 50 տոկոսով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար 300 մլն. դրամով, նվազեցնելու արտոնությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված արտոնությունը կիրառվում է այն ռեզիդենտ ընկերության նկատմամբ, որի.

1) բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով 20 տոկոս եւ ավելի մասը պատկանում է հանրությանը եւ

2) ֆինանսական հաշվետվությունները կազմվում եւ հրապարակվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան եւ,

3) բաժնետերերի թիվը միջին տարեկան հաշվարկով կազմում է 100 եւ ավելի:

3. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը կիրառվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված բոլոր պայմանները միաժամանակ տեղի ունենալու տարվա եւ դրան հաջորդող երկու հաշվետու տարիների համար:

4. Սույն հոդվածի կիրառման իմաստով`

1) Հանրությանը պատկանող բաժնետոմսերը ռեզիդենտ ընկերության կողմից թողարկված այն բաժնետոմսերի ամբողջությունն է, որոնք չեն պատկանում`

ա. այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող 5 եւ ավելի տոկոսի մասնակցություն կամ

բ. տվյալ ռեզիդենտ ընկերության կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց կամ

գ. տվյալ ռեզիդենտ ընկերության դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց կամ

դ. Հայաստանի Հանրապետությանը կամ

ե. տվյալ ռեզիդենտ ընկերությանը.

2) միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասերի (արտահայտված տոկոսներով) հանրագումարի 1/12 մասն է,

3) միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թիվը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թվի հանրագումարի 1/12 մասն է.

4) փոխկապակցվածությունն ընդունվում է ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության,

5) կառավարման մարմնի անդամներն են թողարկողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության անդամները, տնօրենը, գլխավոր տնօրենը, գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, գլխավոր վերստուգողը, վերստուգողը:

5. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հարկային արտոնությունից օգտված ռեզիդենտ ընկերությունից գանձվում է արտոնության կիրառման հետեւանքով չվճարված (պակաս վճարված) շահութահարկի գումարը, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերը` արտոնյալ ժամանակահատվածի համար, եթե արտոնյալ ժամանակահատվածում կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում`

1) Ռեզիդենտ ընկերության թողարկած հասարակ անվանական բաժնետոմսերն ապացուցակվում են (այդ թվում` ռեզիդենտ ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ

2) ռեզիդենտ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի), կամ

3) ռեզիդենտ ընկերությունը չի ապահովում միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի առնվազն 20 տոկոս մաս, կամ

4) ռեզիդենտ ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները չի կազմել եւ հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից, նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հարկատուն կարող է օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, եթե ճշտումը կատարվել է հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա հարկատուի նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով տույժեր հաշվարկվում եւ գանձվում են միայն տվյալ հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում մինչեւ սույն օրենքի 392 -րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը չցուցակվելու կամ սույն օրենքի 392 -րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմաններից որեւէ մեկը տեղի ունենալու դեպքում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պայմաններին բավարարող ռեզիդենտ ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով արտոնությունից օգտվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա եւ (կամ) դրան հաջորդող տարիների համար:

2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտ ընկերության` հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը կազմել է առնվազն 20 տոկոս:

2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թվի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտ ընկերության բաժնետերերի թիվը կազմել է առնվազն 100: