Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5951-15.04.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169-րդ հոդվածում առաջին «չափով» բառը փոխարինել «եւ գործունեության տվյալ տեսակի լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի գումարի չափով (եթե նման գործունեության տեսակի համար նախատեսված է լիցենզավորում եւ սահմանված է պետական տուրք)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետւթյան քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայստանի Հանրապետության օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ:

Միաժամանակ խնդիր է դրվում ապահովել ապօրինի գործունեություն իրականացնողների կողմից հասցված վնասի եւ կիրառվող պատժի համապատասխանությունը` մասնավորապես լիցենզավորում պահանջող գործունեության տեսակներով ապօրինի զբաղվելու դեպքում տուգանքի չափին զուգահեռ նաեւ լիցենզիայի դիմաց գանձվող պետական տուրքի չափով տուգանքի կիրառումը: Լիցենզավորման դիմաց գանձվող պետական տուրքի չափի կիրառումը որպես պատժամիջոց արդեն գործադրված է օրենսգրքում ապօրինի շահումով խաղերի կամ խաղատնային գործունեության կազմակերպման նկատմամբ:

Առաջարկվող փոփոխությամբ նաեւ ապահովվում է համապատասխանությունը կեղծ ապրանքների պատրաստման եւ իրացման հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ, հստակեցվում է նման գործունեության մասով առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում իրացում իրականացնողների պատասխանատվության դեպքերն ու աստիճանը, ինչպես նաեւ սպառողներին խաբելու ձեւերին է դասվում այլ ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանման խեղաթյուրված, աղավաղված կամ շփոթության աստիճանի նմանությամբ օգտագործումը:

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունները ամբողջացնում են պատասխանատվության շղթան այն խախտումների նկատմամբ, որոնք ներառում են ապօրինի ձեռնարկատիրությունը, առանց լիցենզիայի գործունեությունը, լիցենզիայի առկայության դեպքում կեղծ ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ այլ ապրանքանիշերի խեղաթյուրման եւ շփոթության աստիճանի նմանության միջոցով սպառողների խաբելը: