Armenian ARMSCII Armenian
Կ-6223-22.10.2014,12.11.2014-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «աշխատավարձի» բառից առաջ լրացնել «հիմնական» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 2.1-ին  մասերով» բառերով, իսկ «աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերը՝ «աշխատողի վճարումն իրականացվում է» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «վարձատրությունը» բառը փոխարինել «աշխատավարձը» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար  սահմանված վարձատրության չափն է:

Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները եւ պարգեւատրումներն են:

Հավելումը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու եւ (կամ) արտաժամյա եւ (կամ) գիշերային աշխատանքների եւ (կամ) հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:

Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում եւ այլն), աշխատանքային ստաժի համար:

Լրավճարը,  կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից եւ պարգեւատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձեւի վարձատրությունն է:

Պարգեւատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված  կարգով եւ չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի եւ ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: