Armenian ARMSCII Armenian
Կ-724-19.02.2015-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «պետք է ընթանա խաղաղ եւ մարդասիրական մթնոլորտում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում պետք է դիտվի որպես խաղաղ եւ մարդասիրական գործողություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների» բառերը փոխարինել «իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողները եւ փախստականները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ ու փախստականներ՝ սույն օրենքի իմաստով ապաստան հայցող կամ փախստական երեխաներ կամ  հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողներ, որոնք ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան խանգարում ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձեւերի զոհեր.

2) առանց ուղեկցողի երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում չի ուղեկցում նրա մասին հոգ տանող որեւէ չափահաս անձ.

3) ընտանիքից անջատված երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որին Հայաստանի Հանրապետությունում ուղեկցում է չափահաս անձ, սակայն երեխան անջատված է ծնողներից կամ նրա մասին օրենքի կամ սովորույթի հիման վրա հոգ տանողից:

2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների ու փախստականների, առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխայի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխային եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պետք է աջակցի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  տեղավորման եւ խնամքի ապահովման հարցում՝ հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, ազգականների առկայությունը եւ երեխայի շահերից բխող այլ հանգամանքները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրա համար սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցում:

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն ապաստան հայցող առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց կամ փախստականների հարցերի հետ, իրենց իրավասության շրջանակներում պետք է աջակցեն նրանց՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ վիճակը եւ առավելագույնս ելնելով նրանց շահերից:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Չվերադարձելիության սկզբունքը չի կիրառվում այն փախստականի նկատմամբ, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, կամ որը, օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում հասարակության համար:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Անձը դադարում է փախստական ճանաչվել» բառերը փոխարինել «Անձի փախստականի կարգավիճակը դադարեցվում է» բառերով.

2) 5-րդ մասի «ճանաչումը եւ նրան տրամադրված ապաստանը» բառերը փոխարինել «կարգավիճակը» բառով:

Հոդված  7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Փախստական ճանաչելու բացառման» բառերը փոխարինել «Փախստականի կարգավիճակի բացառման» բառերով.

2) 1-ին մասի «Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական» բառերը փոխարինել «Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրվում փախստականի կարգավիճակ» բառերով.

3) 3-րդ մասի «Փախստական ճանաչելու» բառերը փոխարինել «Փախստականի կարգավիճակի բացառման» բառերով:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմինը փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարում, երբ անձին փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո պարզվում է, որ նրան  փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր, ներառյալ, երբ կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ անձի նկատմամբ կիրառելի են եղել բացառման հիմքերը:».

3) 2-րդ մասի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «(այսուհետ` Ոստիկանություն)» բառերից հետո լրացնել «, կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին» բառերով, իսկ «ցանկությունը:» բառից հետո՝ հետեւյալ նախադասությունով. «Սույն մարմինները նաեւ պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, որոնք, հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն:»:

Հոդված  10. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Ապաստան հայցողների  կենսաապահովման պայմանները

1. Կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները մինչեւ նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն), որն այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է: Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրվում են կենսաապահովման պայմաններ՝ համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի:

2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն ապաստան հայցողներին, որոնք կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ապաստան հայցողների կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար տրամադրվող դրամական օգնությունը սահմանելիս հաշվի են առնվում այդ անձանց հատուկ կարիքները:

4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է միգրացիայի հարցերով լիազոր մարմինը:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Անվճար իրավաբանական օգնության իրավունքը

1. Ապաստան հայցողներին եւ փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն՝ համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին եւ փախստականներին տեղեկացնել անվճար իրավաբանական օգնության իրավունքի մասին:»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողները ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով նրանց լավագույն շահերը եւ խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից «հիմնական ընդհանուր» բառերը հանել, իսկ 2-րդ մասի «քաղաքացիներին» բառից առաջ «օտարերկրյա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ  ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց հայաստանյան հասարակությունում ինտեգրումը խթանելու նպատակով սույն օրենքի 33-րդ, 34-րդ, 38-42-րդ հոդվածներով սահմանված լիազոր մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պետք է իրականացնեն սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ինտեգրման ծրագրեր:»:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 10-րդ կետի «Երեխաների պաշտպանության բաժինները» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից  պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, եւ սույն օրենքի կամ  ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:»:

Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «անհրաժեշտության դեպքում» բառերը, իսկ նույն կետը «հարցով» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին եւ 8.2-րդ կետերով.

«8.1) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակության մեջ ինտեգրմանն ուղղված միջոցառումներ (լեզվի եւ մշակութային դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն).

8.2) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.»:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը`

1) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության համար, ինչպես նաեւ տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին.

2) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տրամադրում է տեղեկատվություն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ.

3) իր նախաձեռնությամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմնին կարող է տրամադրել տեղեկատվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ  նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման հիմքերի առկայության վերաբերյալ:»:

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում  ապաստան հայցողի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության նպատակով, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկություններ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարար-ման համար հիմքերի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ.»:

Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արտաքին գործերի նախարարությունը լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը եւ ծագման երկիրը պարզելու, ինչպես նաեւ իր իրավասության շրջանակում ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած այլ փաստերի պարզաբանման նպատակով:»:

Հոդված 20. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը «Խնամակալության» բառից հետո լրացնել «եւ հոգաբարձության» բառերով, նույն մասի «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերով, 41-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «Խնամակալության» բառից հետո լրացնել «եւ հոգաբարձության» բառերով, 41-րդ հոդվածի 1-ին մասի «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերով, իսկ նույն մասը «նշանակումը» բառից հետո լրացնել «միջնորդությունն ստանալուց հետո՝ յոթն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերի համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 22. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Փախստականի կարգավիճակի եւ ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով:».

3)   լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության  հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:»:

Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին պարբերության «զորքերը կամ» բառերը փոխարինել «զորքերը,» բառով, իսկ նույն մասը «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «կամ ազատազրկման վայրի վարչակազմը» բառերով.

2) 4-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանապահ զորքերի, Ոստիկանության կամ ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման եւ այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ապաստան հայցողի եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամների՝ վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված գրավոր որոշում նրանց՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչեւ 72 ժամ տեւողությամբ պահելու մասին, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Պատճառաբանված գրավոր որոշումը տրամադրվում է ապաստան հայցողին իր համար հասկանալի լեզվով: Որոշումը պետք է ներառի այն բողոքարկելու  ընթացակարգերը:
Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն ձեւավորված միջազգային չափանիշներին:».

4)  7-րդ մասը «ՄԱԿ ՓԳՀ-ի» հապավումից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների» բառերով.

5) 9-րդ մասի «զորքերը կամ» բառերը փոխարինել «զորքերը,» բառով, նույն մասը «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «, միգրացիայի հարցերով լիազոր մարմինը եւ  ազատազրկման վայրի վարչակազմը» բառերով, «իրավունքների» բառից հետո՝ «, ներառյալ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի,» բառերով, իսկ նույն մասի «ՄԱԿ ՓԳՀ դիմելու մասին» բառերը փոխարինել «ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու հնարավորության մասին» բառերով:

Հոդված 24. Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ապաստանի միասնական դիմում ներկայացրած անձի ընտանիքի չափահաս անդամներին տեղեկացնում է ապաստանի միասնական դիմում ներկայացնելու իրավական հետեւանքների եւ անհատական դիմում ներկայացնելու իրենց իրավունքի մասին:»:
 

Հոդված  25. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մասին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակ ստանալու համար սույն օրենքով սահմանված հիմքերի, ապաստանի դիմումի քննարկման ժամկետների,  ընթացակարգերի, ապաստանի հայցից հրաժարվելու հետեւանքների վերաբերյալ» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով համապատասխան որակավորում ունեցող թարգմանիչ եւ փաստաբան վարձելու եւ նրանց ներկայությամբ հարցազրույցի մասնակցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` նրա նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից անվճար օգտվելու իր իրավունքի մասին: Ապաստան հայցողին հիշեցվում է նաեւ ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու նրա իրավունքի մասին:»:

Հոդված  26. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  50. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների երաշխիքները

1. Ապաստանի դիմումի գրանցման պահից սկսած՝ իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ գործողությունները հնարավոր սեղմ ժամկետներում բացահայտելու հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին:

2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին ապաստանի դիմումի քննարկման ցանկացած փուլում իրավասու մարմինները տրամադրում են անհրաժեշտ աջակցություն ու բավարար ժամանակ ինչպես ընթացակարգին նրանց հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, այնպես էլ փախստականի կարգավիճակի հայցը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստերի ներկայացման նպատակով:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նշանակում է ներկայացուցիչ, որը պարտավոր է պաշտպանության տրամադրման ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի լավագույն շահերը:

4. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ինքնությունը եւ ազգությունը պարզելու համար, ինչպես նաեւ որոնի երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին ընտանիքի միավորման նպատակով, եթե այդ որոնումն ու միավորումը բխում են երեխայի շահերից:

5. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը նպատակահարմար չէ, ապա աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է երեխաներին տեղավորելու գործընթացը՝ խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:

6. Ելնելով երեխաների շահերի պաշտպանությունից՝ ապաստան հայցող երեխային տեղավորելիս միգրացիայի հարցերով լիազոր մարմինը, խորհրդակցելով նրա ներկայացուցչի հետ, ապահովում է երեխա ապաստան հայցողների համատեղ բնակությունն իրենց ընտանիքի անդամների հետ:

7. Պաշտպանության տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն (այդ թվում՝ սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված հարցազրույցը) կատարվում է ներկայացուցչի մասնակցությամբ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացվում է ներկայացուցչի նշանակումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, անչափահասի հետ հարցազրույցի անցկացման համար նախատեսված համապատասխան պայմաններում:

8. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի պաշտպանության տրամադրման գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձինք իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից:

9. Եթե առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ ապաստան հայցողը հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետեւանքով ունակ չէ գիտակցելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը եւ արդյունավետ կերպով ներկայացնելու իր ապաստանի հայցը, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա ապաստանի տրամադրման գործընթացում, ապաստան հայցողի համաձայնությամբ, նշանակում է ներկայացուցիչ, որը ապաստանի տրամադրման ընթացակարգում պատշաճ կերպով ներկայացնում է ապաստան հայցողի շահերը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով մասնագետի եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ապաստան հայցողի համաձայնությունը:

11. Սույն հոդվածի 3-րդ եւ 9-10-րդ մասերով նախատեսված դեպքերում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների հետ աշխատող պաշտոնատար անձը պետք է տիրապետի նրանց հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, իսկ եթե հնարավոր չէ ներգրավել այդպիսի պաշտոնատար անձի, ապա պաշտպանության տրամադրման գործընթացում անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին տիրապետող մասնագետի ներգրավումը պարտադիր է:»:

Հոդված 27. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51. Հարցազրույցը

1. Անհատական կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միասնական ապաստանի դիմում ներկայացրած յուրաքանչյուր ապաստան հայցող պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Եթե ներկայացվել է ապաստանի միասնական դիմում, ապա ընտանիքի բոլոր չափահաս անդամներն ունեն հարցազրույցի իրավունք: Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կարող է  փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի մասին դրական որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ապաստան հայցողն ի վիճակի չէ կամ չի կարող մասնակցել հարցազրույցին իր կամքից անկախ պատճառներով, որոնք տեւական բնույթի են:

2. Սույն  օրենքի  56-րդ  հոդվածի  համաձայն`  ապաստան հայցողը ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում է հարցազրույցի մասին: Այդ մասին նա իրազեկվում է հարցազրույցի անցկացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի եւ հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի եւ ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում:

3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը (ները), որ (որոնք) կազմում է (են) հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը:  Այն  ընթերցվում է ապաստան հայցողի համար, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչի օգնությամբ: Ապաստան հայցողը կարող է հայտնել իր կարծիքը վրիպումների կամ թյուրըմբռնումների առնչությամբ, որից հետո նա ստորագրում է արձանագրությունը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրելու արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն եւ կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:

4. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը մինչեւ ապաստան հայցողի հետ հարցազրույց անցկացնելը ապաստան հայցողին տրամադրում է ապաստան հայցողի ծագման երկրի վերաբերյալ իր ձեռք բերած տեղեկությունները եւ ցանկացած այլ ապացույց:

5. Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա  միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նրան տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաեւ օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:

6. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողին կարող է ներկայացնել իր փաստաբանը, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին եւ նրա վերաբերյալ ցանկացած տեղեկությունների անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:

7. Ապաստան հայցողի հետ հարցազրույցը ապաստան հայցողի ցանկության դեպքում անցկացնում է իր նախընտրած սեռի աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում՝ իր նախընտրած սեռի թարգմանչի միջոցով:

8. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը եւ տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաեւ իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն: Ապաստան հայցողին հնարավորություն է ընձեռվում բացատրություններ տալու իր պնդումների եւ առկա փաստերի միջեւ հակասությունների կամ անհամապատասխանությունների կամ պակասող նյութերի վերաբերյալ:

9. Հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկությունները, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են եւ ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով:                        ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին:»:

Հոդված 28. Օրենքի 52-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «առկա տեղեկությունների» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է լինեն ստույգ, արդի եւ տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Ապաստան հայցողի ընտանիքի անդամների միասնական ապաստանի դիմումի վերաբերյալ ընդունվում է մեկ միասնական որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ միասնական որոշման կայացումը կարող է հանգեցնել ապաստան հայցողի ընտանիքի անդամներից որեւէ մեկի առանձնահատուկ պայմանների բացահայտմանը, որը կարող է վտանգել նրա շահերը: Այդ դեպքում ընտանիքի այդ անդամի վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում:»:

Հոդված 29. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

«Հոդված 52.1. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը

1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամադրման մասին այն հայցերը, որոնք`

1) ակնհայտ անհիմն են.

2) սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ քննության ընդունված կրկնական հայցեր են:

 2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ փախստականի սահմանման չափորոշիչներին:

3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:

4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները:

5. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամանակով:

6. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ:»:

Հոդված 30. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Փախստականի կարգավիճակը դադարեցնելու եւ չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի վերաբերյալ առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի            5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերից  որեւէ մեկը, ապա միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը եւ լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից:»:

Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետից հանել «առանց հիմնավորված պատճառի» բառերը, նույն կետը «համաձայն» բառից հետո լրացնել «եւ մեկ ամսվա ընթացքում չի ներկայացնում հարցազրույցին չներկայանալու հիմնավոր պատճառները» բառերով, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2)  4-րդ մասի «կասեցման կամ» բառերը փոխարինել «կասեցման,» բառով, իսկ նույն մասը «կարճման» բառից հետո լրացնել «եւ վերսկսման» բառերով:

Հոդված 32. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» շաղկապը փոխարինել «եւ» շաղկապով:

Հոդված 33. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59. Ապաստան տրամադրելու դիմումը կրկնակի ներկայացնելը

1. Ապաստան տրամադրելու կրկնակի դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կրկնակի դիմումը քննության է առնում հետեւյալ պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են նոր հանգամանքներ.

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել նախկին դիմումի քննության ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանների առկայությունը պարզելու համար միգրացիայի հարցերով լիազոր մարմինը հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած եւ վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:»:

Հոդված 34. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության հարեւան պետությունների» բառերը փոխարինել «իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության» բառերով:

Հոդված 35. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: