Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-734-09.03.2015-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 09-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասում «մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

Նույն հոդվածի 10-րդ մասում «մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

Նույն հոդվածի 11-րդ մասում «2015 թվականի հուլիսի 1-ին» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երեւան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը (...): Նույն հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերի համաձայն՝ 2010 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման: 2015 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, եւ այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում: Խնդիրն այն է, որ այդ հեռուստաընկերությունները տարիներ շարունակ աշխատել են ու ձեւավորել կայուն լսարան: Միանգամից մոտ 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: Ավելին, հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլեւս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը: Ավելին, եթե գործող խմբագրության համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույնկերպ տուժելու է եթերի բազմազանությունը: Այսպիսով, ընդամենը 5 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ կնվազի՝ այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր եւ ժամանցի կազմակերպման միջոց:

Սույն նախագծով առաջարկվում է ընդունել նոր խմբագրություն, որը հնարավորություն կտա երկարաձգել անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով, եւ այդ ընթացքում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծման առավել ընդունելի տարբերակ: